«Որպես այլընտրանքային ռեսուրս` կարող է լինել երկրորդ ատոմակայանի կառուցումը»

0
360

Հրապարակված ՀՀ-ԵՄ համապարփակ փաստաթղթով պարզ դարձավ, որ Եվրամիությունը վերահաստատում է Մեծամորի ատոմակայանը «փակված տեսնելու» իր ցանկությունը: Թե այն ի՞նչ վտանգներով է հղի մեզ համար, «Իրավունքը» հետաքրքրվեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության հարցերով փորձագետ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻՑ, որն, ի դեպ, նաեւ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ է:

– Նախ ասեմ, որ փաստաթղթի այն հոդվածը, որը վերաբերում է Հայաստան-Եվրամիություն էներգետիկ հարցերին, այսպես ասած, պարտադրող ձեւաչափ չունի: Եվ ասել, որ հարցը դրված է, որ անպայման պետք է ատոմակայանը փակվի, այդպես չէ: Ավելին` այնտեղ կան նույնիսկ կետեր, որոնք մեզ ձեռնտու են: Մենք արդեն իսկ կանգնած ենք ատոմակայանի փակման խնդրի առաջ, որովհետեւ այն հավերժ չի կարող աշխատել եւ այս առումով` պայմանագիրը կարեւոր է, որ իրենք պատրաստ են օգնել մեզ եւ դրա համար տրամադրել ֆինանսական եւ տեխնիկական օգնություն:

Բայց փաստաթղթում ասվում է, որ Եվրամիությունը պատրաստ է օգնել այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ գտնելու հարցում…

– Այո՛, եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ որպես այլընտրանքային ռեսուրս` կարող է լինել երկրորդ ատոմակայանի կառուցումը, ինչը մեզ համար ռազմավարական նշանակություն կունենա: Նաեւ շատ կարեւոր է, որ այս փաստաթղթում այդ ամենն այնպես է ձեւակերպված, որ նախ չի պարտադրում եւ չի նշանակում, որ 10 տարի  կամ մեկ տարի հետո պետք է փակենք ատոմակայանը: Այսինքն` ժամկետներ չկան, այնպես որ, հնարավորություն է ստեղծվում ժամանակը ճիշտ օգտագործել` հօգուտ մեզ:

Փաստորեն, ատոմակայանի փակման մասին ակնարկող ԵՄ հոդվածի ներքո ականներ չե՞ք տեսնում:

– Շատ ուշադիր կարդացել եմ, հատուկ ականներ չեմ տեսնում, մինչդեռ նախկինում դրանք կային: Նախորդ փաստաթղթում ասվում էր, որ 2016-ին Հայաստանը պետք է փակի ատոմակայանը: Իսկ հիմա այդ թվերը չկան, ինչը շատ կարեւոր է: Հիմա ատոմակայանի կյանքը 10 տարի երկարացվում է, եւ հենց նույն Արեւմտյան Եվրոպայի փորձը ցույց է տալիս, որ իրենք 10 տարի հետո կարող են եւս 10 տարի երկարացնել այդ ժամկետը` մինչեւ նոր տեխնոլոգիաների տեղակայումը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here