Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Եվգենիի Կովալենկոյի կոնֆերանսի ողջույնի խոսքը

0
307

Կոնֆերանսի հարգելի՛ մասնակիցներ, սիրելի՛ բարեկամներ: Ուրախ եմ ողջունելու ձեզ այս կոնֆերանսի բացման արարողությանը, որը հիանալի է նրանով, որ փորձագիտա-հետազոտական մակարդակով Հայաստանում սկսվում են Եվրասիական ինտեգրման գործընթացին ձեր երկրի ավելի սերտ ընդգրկման թեմայի քննարկումները։ Ինչպես գիտեք, Մոսկվայում, Պետերբուրգում և Երևանում անցած տարի զգալի միջոցառումներ են անցկացվել, որոնք հնարավորություն են ընձեռել քաղաքական, հասարակական, լրագրողական և այլ մակարդակներում ի մի բերելու Եվրասիական ինտեգրման գաղափարի կողմնակիցներին և մեծ քննարկումներ սկսելու այս թեմայի շուրջ։ Անցած ամիսների ընթացքում հայ հանրությունը հնարավորություն է ունեցել նաև ծանոթանալու հայ քաղաքական գործիչների, վերլուծաբանների և հասարակական գործիչների դիրքորոշումներին և մոտեցումներին, և հիմա մենք կարող ենք փաստել, որ եկել է այս խնդրի խոր ուսումնասիրման և իմաստավորման ժամանակն այն բանի համար, որ հայ հանրությունն ընդհանուր առմամբ բավականաչափ տեղեկացված լինի և դրական դիրքորոշում որդեգրի քաղաքական մակարդակում հարցի քննարկման պարագայում։ Ինչպես գիտեք, 2014թ. հունվարի 1-ին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մտադիր են հռչակել Եվրասիական միության ստեղծումը։ Համաշխարհային մասշտաբներով կարևոր այս իրադարձությունը հասկանալիորեն չի կարող աննկատ մնալ միջազգային հանրության կողմից։ Անցած ամիսներին մենք ուշադիր հետևել ենք Եվրասիական ինտեգրման գործընթացին վերաբերող արձագանքներին ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում։ Մեզ համար կարևոր է հասկանալ, թե որտեղ են այն օբյեկտիվ հիմնախնդիրներն ու կարևոր խնդիրները, որոնք անհրաժեշտ է քննարկել և լուծել ինչպես հարկն է, և որտեղ են անբարյացակամությունն ու չարակամությունը, փաստերի, նպատակների կանխակալ խեղաթյուրումը կամ, Չեխովի բառերով ասած, այն մտքի կպչուն ներշնչանքը, թե՝ «չի կարող պատահել, որովհետև չի կարող պատահել երբեք»։ Մենք բոլորս հասկանում ենք նման բառերի նշանակությունն ու թե որտեղից են սկիզբ առնում դրանք։ Չէ՞ որ խոսքը գլոբալ գործընթացների մասին է, որոնք մոտ ու հեռավոր ապագայում կարող են ազդել արդի բազմաբևեռ աշխարհի դասավորության վրա։ Ես վստահ եմ, որ Եվրասիական գաղափարն իր իրագործմամբ կդառնա այն դրական լիցքը, որը կնպաստի հետխորհրդային տարածքի շահագրգիռ երկրների տնտեսական, քաղաքական, մշակութային, հումանիտար կապերը նոր մակարդակի բարձրացնելուն, մեր ժոովուրդներին տնտեսական զարգացման և բարգավաճման նոր ռեսուրս կտա, փոխգործակցության և փոխադարձ աջակցության նախադրյալներ կստեղծի։ Աշխարհը, ցավոք, այնքան էլ հարուստ չէ ստեղծարար հայեցակարգերով, որոնք հետևողականորեն դեպի առաջընթաց և մարդու ու հասարակության կատարելագործման պայմանների ստեղծում կտանեին։ Իմաստուն լինենք և իրատեսորեն վերաբերվենք եվրասիական գաղափարին, առանց վերածննդի ու առաջընթացի խնդիրն առաջադրող այդ գաղափարի ավելորդ քաղաքականացման։ Նման մոտեցման կողմնակիցները բազմաթիվ են, և շատերն են իրավամբ կարծում, որ հարկավոր է պահպանել և բազմապատկել այն լավ, բարի ավանդույթները, որոնք տասնամյակներ, անգամ հարյուրամյակներ շարունակ միավորել են մեր ժողովուրդներին։ Եկեք հավատարիմ մնանք այս համոզմանը և ուրիշներին էլ համոզենք այն բանում, ինչին հավատում ենք։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել Արամ Վիլենի Սաֆարյանին «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ստեղծման լավ գաղափարի առիթով։ Այսօր նաև այդ կազմակերպության շնորհանդեսն է, և մենք անկեղծորեն հույս ունենք, որ այն կդառնա Եվրասիական ինտեգրման թեմատիկայի խորագետ, օբյեկտիվ և բարյացակամ քննարկումների ևս մեկ կարևոր հարթակ։ Թույլ տվեք մեզ բոլորիս մաղթել արգասավոր աշխատանք, ինչպես նաև քաջառողջություն և հաջողություններ 2013 թվականին։ Շնորհակալություն։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here