«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Նորայրի Մանասերյանի զեկուցումը«Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» կոնֆերանսում

0
317

Երևան, 16 մարտի 2013թ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ Միաբևեռ աշխարհից բազմաբևեռի անցումն ուղեկցվում է տարբեր քաղաքական և տնտեսական ցնցումներով։ Գլոբալ ֆինանսական ճգնաժամը և «գունավոր» հեղաշրջումների փորձերն արևմտյան քաղաքակրթության սահմաններից դուրս՝ ազդեցության ոլորտների տարածման փորձերի ընդամենը սակավաթիվ օրինակներն են։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանային ռազմավարական դաշինքների ձևավորման նոր թափ ստացած գործընթացը, մեր կարծիքով, ասես տնտեսական գլոբալացման միտման հակակշիռն է հանդիսանում։ Ակնհայտ է, որ մի դեպքում նպաստող գործոններ են ազատ առևտուրը և միջազգային կազմակերպությունների՝ առևտրային արգելքների հանմանն ուղղված աստիճանական քայլերը, մյուս կողմից՝ նման գործոններ են առանձին պետությունների կամ ճյուղերի շահերի պաշտպանությունը և պետական աջակցության քաղաքական տարրերը։ Տնտեսական ինտեգրման տեսակետից միայն ռեգիոնալացման գործընթացն է հնարավորություն տալիս հասնելու նրա բարձրագույն ձևին՝ տնտեսական և քաղաքական միության ձևավորմանը, որի վառ դրսևորումն է ԵՄ-ը։ Ինչպես հայտնի է, խորհրդային կենտրոնացված պլանային տնտեսության փլուզմամբ սկսվեց գերտերություններրի ազդեցության գոտիների վերաբաշխումը1 [ #1_b ] ։ 1991թ. ԽՍՀՄ փլուզման ժամանակ փորձ արվեց նոր տարածաշրջանային միավորում ստեղծել՝ ԱՊՀ-ն։ Նույն թվականին Թուրքիային հաջողվեց ստեղծել մեկ այլ տարածաշրջանային կազմակերպություն՝ ՍՏՀ-ն (Սևծովյան տնտեսական համագործակցությունը)։ Նորանկախ պետությունների անդամությունը միջազգային կազմակերպություններին նպաստում է համաշխարհային շուկաներից այդ պետությունների մեկուսացումը վերացնելուն և դրականորեն է անդրադառնում այդ կառույցներում նրանց համար բարենպաստ որոշումների ընդունման վրա։ Միջազգային նոր տնտեսակարգը ձևավորվում է ինչպես զարգացող, այնպես էլ մեր՝ անցյալում «սոցիալիստական հանրապետությունների», իսկ այժմ՝ նորանկախ պետությունների ընդհանուր պահանջներին համապատասխան։ Հետխորհրդային շատ երկրներ (Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) միաժամանակ անդամակցում են ինչպես ԱՊՀ-ին, այնպես էլ ՍՏՀ-ին, դրանց մի մասն անգամ ստեղծել է երրորդ կառույցը՝ ՎՈւԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, կենտրոնատեղին՝ Կիևում)՝ ակնհայտորեն Ռուսաստանին ու նրա նախաձեռնություններին դիմակայելու նպատակով։ Պատահական չէ, որ ՎՈւԱՄ ակտիվ գործունեությունն սկսվելուց շատ չանցած տեղի ունեցան «գունավոր հեղափոխություններ» Վրաստանում և Ուկրաինայում, որոնք, իհարկե, ավելի ուշ քաղաքական ձախողում կրեցին։ Իսկ նրանցից երկուսը (Ադրբեջանը և Վրաստանը) հրաժարվեցին մասնակցել ԱՊՀ Ազատ առևտրի գոտուն։ Հենց քաղաքական մրցակցության, անգամ դիմակայության, ազդեցության գոտիների վերաբաշխման, այլ ոչ թե տնտեսական ինտեգրման տեսակետից է դիտարկվում ԱՊՀ երկրների կողմից Եվրասիական տնտեսական միության ստեղծումը։ «Միացյալ Նահանգներն անում է ամեն բան, որպեսզի թույլ չտա Ռուսաստանին ստեղծելու «Խորհրդային Միության» նոր տարբերակը, պնդում է Financial Times-ը՝ հղում կատարելով Հիլարի Քլինթոնի դուբլինյան ելույթին։ Նրանք դա կանվանեն Մաքսային միություն կամ Եվրասիական միություն, կամ էլի նման մի բան»,- ասել է Քլինթոնը՝ խոսելով Կրեմլի ինտեգրացիոն գործունեության մասին, որը փորձում է ամրապնդել հարաբերությունները հարևանների հետ։ Ինտեգրման հետ կապված գաղափարները ներկայացված են Վլադիմիր Պուտինի հոդվածում՝ նվիրված Եվրասիական միությանը, որը հրապարակվել է անցած տարվա հոկտեմբերին, հիշեցնում է Financial Times–ը։ «Մենք բոլորս գիտենք, թե որոնք են իրական նպատակները, և հարկավոր է գտնել դրանց իրագործումը դանդաղեցնելու կամ կանխելու արդյունավետ ուղիներ»,- Քլինթոնի խոսքերը մեջբերում է թերթը2 [ #2_b ] ։ Տնտեսական մի շարք հետազոտություններում փորձ է արվում կանխատեսել միջազգային նոր տնտեսակարգի միտումներն ու հեռանկարները և պետական հովանավորչության ու ռազմավարական դաշինքների խնդիրների համապատասխանեցման հնարավորությունը նրա կայացման գործընթացում։ Այս խնդիրներին ուշադրություն է դարձվում, մասնավորապես, դավոսյան վերջին ամենամյա հանդիպումների ընթացքում։ Այդ և այլ հանդիպումներում ձևավորվում են նաև մոտեցումներ ինքնուրույն (ազգային) տնտեսությունների կազմավորման թույլատրելի սահմանների գնահատմանը՝ բազմաբևեռ աշխարհի համեմատական առավելությունների համատեքստում։ Բացի այդ, ազգային տնտեսությունների ձևավորման բազմաթիվ ծրագրերում դեռ չի նշվել երկրի հստակ կողմնորոշումը համաշխարհային տնտեսության այս կամ այն բևեռի հարցում։ Ավելին, մակրոտնտեսական ծրագրերում լրիվ չափով չեն նախատեսված ներկայիս փոփոխությունները, հիմնական միտումները և դրանց հնարավոր ազդեցություններն ազգային տնտեսությունների վրա։ Արդյունքում՝ անկախության առաջին տարիներին հետխորհրդային մի շարք երկրներում որոշակի դժվարություններ ծագեցին այն հարցում, թե որ ընտրությունն է գերակա՝ անդամակցությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությա՞նը, թե՞ ԱՊՀ միասնական Մաքսային միությանը։ Չնայած այն հանգամանքին, որ ինտեգրացիոն գործընթացները համաշխարհային տնտեսությունում արդյունավետորեն փոխլրացնում են միմյանց, հետխորհրդային շատ երկրներում այսօր հնչում են հօգուտ միայն դրանցից մեկի ընտրության կոչեր՝ եվրաինտեգրումն ընդդեմ Եվրասիական տնտեսական միության։ Կոմպլեմենտարության սկզբունքը տնտեսական ինտեգրացիայում հանկարծ անընդունելի դարձավ Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի համար, ընդ որում՝ բոլորի համար միաժամանակ։ Բոլորովին վերջերս Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը հայտարարեց, թե Երևանի մուտքը Եվրասիական միություն հղի է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման բանակցությունների ընդհատմամբ։ Հայաստանը ստիպված կլինի մոռանալ նաև 1,5 մլրդ եվրո վարկի մասին, որն առանց այդ էլ Եվրամիությունը հրաժարվել էր հատկացնել՝ թողնելով ավելի լավ ժամանակների3 [ #3_b ] ։ Մենք հակված ենք կարծելու, թե Եվրասիական տնտեսական միության ստեղծումն այլընտրանք չունի։ Ավելին, դա ժամանակի պահանջն է և միակ ճանապարհը, որը թույլ կտա համարժեք պատասխանել համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերներին։ Կառույցի ներսում ուժերի ճիշտ և արդյունավետ կազմակերպման դեպքում Եվրասիական տնտեսական միությունը կարող է դառնալ հետխորհրդային տարածքում ռեգիոնալացման գործընթացի կարևոր դրսևորումը՝ որպես հակակշիռ տնտեսական և քաղաքական գլոբալացմանը։ Վերջապես, զարգացման գիտականորեն հիմնավորված ծրագրերի և գործուն կառույցների ձևավորման կշռադատված որոշումների պարագայում Եվրասիական տնտեսական միությունը կարող է վերածվել համաշխարհային տնտեսության նոր ուժի կենտրոնի4 [ #4_b ] ։ Դա, իր հերթին, կարագացնի բազմաբևեռ աշխարհի կազմավորման գործընթացը՝ նրա նոր դերակատարների ակտիվ մասնակցությամբ։ Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամագրվելուն, ապա այդ սցենարի նպատակահարմարությունը կասկած չի հարուցում։ Ավելին, այն պետք է պետության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը դառնա։ Հատկապես կարևոր է ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիայի ձևավորմանը մասնակցելը և ակտիվ մասնակցությունը որպես համահիմնադիր անհամեմատ ավելի նախընտրելի են, քան Եվրամիություն մտնելը, որտեղ դեռ լուծված չեն շատ խնդիրներ՝ կապված Հունաստանի և արևելաեվրոպական շատ երկրների անդամակցության հետ։ Միևնույն ժամանակ, եվրաինտեգրման գործընթացը ոչ միայն չի հակասում Եվրասիական տնտեսական միության շահերին, այլև, հակառակը, կօգնի ավելի լավ իրացնելու երկրների մրցակցային առավելությունները, այդ թվում ԵՄ շուկաներում, և էլ ավելի ուժեղացնել դիրքերը միջազգային ասպարեզում։ ԵՄ-ի և նրա առանձին անդամների հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունների ամրապնդումը հնարավոր ենք համարում հենց չօգտագործված հնարավորություններն իրացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ, հարկ է ուշադրություն դարձնել զարգացած և զարգացող երկրների քաղաքական և տնտեսական պայմանների տարբերություններին, ինչը վերջիններին հնարավորություն չի տալիս ոչ միայն իրականացնել իրենց մրցակցային առավելություններն արտաքին շուկաներում, այլև հաջող մրցակցել դրսից եկող սուբսիդավորված ապրանքների և ծառայությունների արհեստականորեն իջեցված գների հետ։ Հետևաբար, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն գործոնների վրա, որոնք որոշում են հետխորհրդային երկրների դերը համաշխարհային տնտեսությունում՝ միջազգային առևտրի փոփոխվող պայմաններում, և որոնք ակտուալ են դարձել նոր տնտեսակարգի ձևավորման հարցում։ Վերջապես, Եվրասիական տնտեսական միության ստեղծումը կօգնի համատեղ պայքարել ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրների դեմ։ ԱՊՀ երկրների անդամությունը միջազգային կազմակերպություններին այսօր էապես փոխել է զարգացող երկրների տեսակարար կշիռը։ Ընդհանուր առմամբ, հետխորհրդային երկրները, ավելի շատ ձայն ունենալով ԱՄՀ-ում և ՀԲ-ում, ի վիճակի են ժողովրդավարական և անկախ երկրների հետ համատեղ ավելի մեծ ազդեցություն գործել որոշումների ընդունման գործընթացի վրա՝ դրանք ուղղորդելով զարգացող երկրների շահերին։ Այսպիսով, ժամանակի ընթացքում հետխորհրդային երկրները կարող են համատեղ լոբբիի ենթարկել իրենց շահերը՝ համագործակցությունը և կոոպերացիան ավելի շահավետ դարձնելու նպատակներով։ Հաջողության կարևոր գործոն ենք համարում նաև որոշումների ընդունման գիտական հիմնավորումն ինչպես Եվրասիական տնտեսական միության ստեղծման, այնպես էլ նրա զարգացման ծրագրերի ուղղությամբ։ Դա տարածաշրջանային ինտեգրման գործընթացը կդարձնի արդյունավետ և անշրջելի։ Հարկ է հիշել, որ Դավոսի ներկայիս իմիջը ստեղծել են հենց գիտնականները5 [ #5_b ] , որոնց հաջողվել է հմտորեն կառուցել տնտեսական ինտեգրման սկզբունքները ոչ ֆորմալ երկխոսության և ինտեգրման մասնակից կողմերի շահերը համակողմանիորեն հաշվի առնելու միջոցով։ Այս նպատակով առաջարկում ենք ստեղծել այն երկրների գիտնական տնտեսագետների աշխատանքային խումբ, որոնք պատրաստ են համատեղ ձևավորել և անդամագրվել Եվրասիական տնտեսական միությանը։ Առաջարկվող խմբի հիմնական խնդիրը, ըստ մեզ, լինելու է նշյալ միության գործունեության մեխանիզմների մշակումն ու նրա քաղաքական թիմին ցուցաբերվելիք գիտական աջակցությունը հաշվարկներով, տնտեսական վերլուծությամբ, որոշումների ընդունման փաստարկված ու հիմնավորված մոտեցումներով, ինչպես նաև պրոֆեսիոնալ օգնությամբ՝ տարածաշրջանային և գլոբալ ինտեգրման հեռանկարային ուղղությունները մշակելիս։ 1 [ #1_t ] Манасерян Т.Н., Новый мировой экономический порядок: тенденции и развития, Ереван, 2002, стр. 37. 2 [ #2_t ] http://inotv.rt.com/2012-12-07/Klinton-razglyadela-sovetskuyu-ugrozu-v [ http://inotv.rt.com/2012-12-07/Klinton-razglyadela-sovetskuyu-ugrozu-v ] 3 [ #3_t ] http://www.newsinfo.am/ [ http://www.newsinfo.am/ ] Членство Армении в Евразийском союзе 4 [ #4_t ] 1970-ականների սկզբին կազմավորվեցին համաշխարհային տնտեսության երեք կենտրոններ՝ ԱՄՆ-ը, Արևմտյան Եվրոպան (այժմ՝ ԵՄ), Ճապոնիան, իսկ գլոբալ ֆինանսական ճգնաժամի շրջանում իր բացարձակ մրցունակությունն ապացուցեց ուժի նոր կենտրոն՝ Չինաստանը։ 5 [ #5_t ] Տնտեսագետ, Ժնևի համալսարանի պրոֆեսոր Կլաուս Շվաբն առաջին կոնֆերանսը հրավիրել է 1971թ., որը դարձավ ավանդական և վերածվեց Դավոսում անցկացվող համաշխարհային տնտեսական համաժողովի։ Այն այսօր միավորող պլատֆորմ է առաջատար քաղաքական գործիչների, տնտեսագետների և ինտելեկտուալների կողմից գլոբալ խնդիրների քննարկման համար։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here