Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աղասու Թավադյանի զեկույցը «Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» կոնֆերանսում

0
370

Երևան, 16 մարտի 2013թ. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՇԵՄԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ Զգայունության շեմերը քանակից նոր տնտեսական որակի անցման անհրաժեշտ պայման են։ Դրանք այս կամ այն տնտեսական ցուցանիշի մոտավոր արժեքն են կամ տնտեսության որոշակի ոլորտի բնութագիրը, որի դեպքում հնարավոր են դառնում (կտրուկ ավելանում է հավանականությունը) էական փոփոխությունները տնտեսությունում՝ ՀՆԱ զգալի աճ, արտահանման և ՀՆԱ-ի հարաբերակցության 30%-անոց սահմանագծի հաղթահարում, կոռուպցիայի դեմ պայքարի իրական արդյունքներ։ Համարվում է, որ ազգային արժույթի փոխարժեքի իջեցումը նպաստում է արտահանման աճին։ Բայց դա այդպես չէ, քանի դեռ իրապես չի հաղթահարվել մոտավոր սահմանագիծը, որի դեպքում արտահանման պոտենցիալը մրցունակ է դառնում համաշխարհային շուկայում, այս տեսանկյունից արտահանման աճ չի լինի։ Զգայունության շեմերի համալիրի հաղթահարումը նախադրյալներ է ստեղծում տնտեսության պոտենցիալի արդյունավետ իրագործման համար։ Դիտարկենք տնտեսության այն կրիտիկական բնութագրերը, որոնք կարևոր ենք համարում Եվրասիական ինտեգրացիայի տեսակետից։ Ընդգծենք, որ հետազոտվող զգայունության շեմերը փոխկապակցված են։ Դրանց որոշումն ուղղված է քանակից նոր տնտեսական որակի անցմանը, որը կնպաստի ինտեգրվող երկրների սոցիալական արդյունավետության ապահովմանը։ Նվաճումները հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունում, մասնավորեցման, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, տնտեսական քաղաքականության այլ ասպարեզներում չեն հանգեցնի էական որակական փոփոխությունների, եթե չեն գրանցվել տնտեսության առանցքային բնութագրերի կրիտիկական արժեքները։ Այս կամ այն տնտեսական ցուցանիշի իրավիճակի բարելավումը չի նշանակում, թե ինքնաբերաբար տեղի է ունեցել որակական փոփոխություն տնտեսության այն ոլորտում, որն այդ ցուցանիշը բնութագրում է, և տվյալ ոլորտում հաղթահարվել է զգայունության շեմը։ Հետխորհրդային տնտեսության բացասական ազդակների հիմնական պատճառների հարցում միակարծիք են գրեթե բոլոր մասնագետներն ու միջազգային կազմակերպությունները։ Դա, նախևառաջ, տնտեսության մենաշնորհացումն է, դիվերսիֆիկացման խնդիրն ու առևտրային հաշվեկշռի էական խախտումը հետխորհրդային մի շարք երկրներում։ Չափազանց կարևոր է նաև տնտեսական, հատկապես դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության արձագանքը տնտեսական անվտանգության արձանագրված ազդակներին՝ ՀՆԱ զգալի անկմանը, առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի մեծացմանը, գնաճի և գործազրկության էական աճին։ Ներկա համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական իրավիճակի պայմաններում տնտեսական անվտանգության հիմնական գործոնը տնտեսական հոմեոսթազն է, այսինքն՝ առանց լուրջ սպառնալիք ներկայացնող տատանումների կայուն զարգացումը։ Արտաքին հարվածներին դիմակայելու կարողությունը տնտեսության զարգացման կարևոր պայմանն է։ Տնտեսական աճի դանդաղումը, առավել ևս՝ զգալի անկումը կարող են տնտեսությունում հանգեցնել բացասական որակական փոփոխությունների և անշրջելի բնույթ ունենալ։ Իհարկե, Եվրասիական ինտեգրացիան կտրուկ կմեծացնի անգամ որոշակի պայմաններով այդ ինտեգրացիայի մեջ մտնող երկրի տնտեսության կայունությունը։ Հատկանշական է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ ՀՆԱ շոշափելի անկում տեղի ունեցավ Հայաստանի և Ուկրաինայի՝ փաստորեն թույլ ինտեգրված տնտեսություններում։ Զարգացած փոքր երկրներում արտահանման և ՀՆԱ հարաբերակցությունը 30%-ից ցածր չէ, քանի որ ակնհայտ է, որ դրանց շուկան փոքր է և արտահանումը դառնում է վճռորոշ գործոն։ Ոչ միայն արտահանման աճին, այլև ՀՆԱ և արտահանման հարաբերակցության 30%-ից ոչ ցածր արդյունքին ուղղված տնտեսական ծրագրերի համակարգումը և համապատասխան նպատակների, մեխանիզմների, ռիսկերի ու դրանց հակազդելու հնարավորությունների որոշումը տնտեսական հոմեոսթազի կարևորագույն գործոն են դառնում այդ պետություններում։ Միայն այս պայմանի դեպքում է բարձր կրիտիկական 30%-անոց գծի հաղթահարման հավանականությունը , և արտահանումը լիարժեք կկատարի այն դերը, որն անհրաժեշտ է տնտեսությունում էական դրական որակական փոփոխությունների համար։ Արտահանման զգալի աճը, առաջին հերթին, հնարավոր է զարգացմամբ և նպատակներով մոտ հետխորհրդային երկրներում։ Ակնհայտ է արտահանման զգալի ավելացման և հետխորհրդային հանրապետություններում որոշակի դիրքեր զբաղեցնելու գերակայությունը, որի գիտակցումը, բնականաբար, ենթադրում է նրանց տնտեսությունների համապատասխան ինտեգրացիա։ Անարդյունավետ աշխատանքը, առավել ևս՝ կոռուպցիոն դրսևորումների հնարավորությունը սկզբից ևեթ պետք է հանգեցվեն նվազագույնի։ Դա շատ ավելի արդյունավետ է, քան կամա-ակամա կոռուպցիոն ռիսկեր թույլ տալը և միայն դրանից հետո վերահսկելն ու չարաշահումները որոշ չափով բացահայտելը։ Վաղուց հասունացել է հակակոռուպցիոն փորձաքննության անհրաժեշտությունը, հատկապես տնտեսական գործունեությունը կանոնակարգող օրենքների։ «Ռազմավարություն – 2020»-ի հեղինակները կոռուպցիոն հավելաճը Ռուսաստանում գնահատում են արտադրանքի արժեքի 15, իսկ անշարժ գույքի՝ անգամ 25-30%1 [ #1_b ] ։ Հաշվի առնելով, որ ԱՊՀ երկրները Transparency International2 [ #2_b ] -ի կոռուպցիայի ընկալման ինդեքսի դասակարգմամբ գտնվում են մոտ և զբաղեցնում են 100-ից ցածր տեղեր (Մոլդովան 94-րդ տեղում է) 174 երկրների շարքում, կարելի է ենթադրել, որ կոռուպցիոն հավելաճը այդ երկրներում մոտավորապես նույն մակարդակի վրա է։ Կոռուպցիայի ընկալման առավելագույն հնարավոր՝ 100 միավոր ինդեքսի պարագայում ԱՊՀ բոլոր երկրներում այդ ինդեքսի մեծությունը 36-ից բարձր չէ։ Հյուսիսային Ամերիկայի երկրները, Արևմտյան Եվրոպայի և արագ զարգացող երկրների մեծ մասը 25-ի ցուցակում են՝ 69-ից ոչ ցածր ինդեքսով։ Եվրոգոտու երկրների բացարձակ մեծամասնությունը զբաղեցնում է 45-ից ոչ ցածր դիրքեր՝ 50 և ավելի ինդեքսով։ Եվրոգոտու երկրներից միայն Հունաստանը՝ 36 ինդեքսով, մյուսներից ակնհայտորեն ցածր դիրքում է (կիսում է 94-101-րդ տեղը)։ Այս ասպեկտով ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը, այլև կոռուպցիայի ընկալման ինդեքսի 50 գնահատականի որքան հնարավոր է արագ հաղթահարումը պետք է կողմնորոշիչ դառնա հետխորհրդային երկրների համար։ Միայն այս կրիտիկական շեմին հասնելուց հետո կարելի է խոսել կոռուպցիայի դեմ պայքարում որակական փոփոխությունների մասին։ Բնական է, որ կոռուպցիայի նույն մակարդակն ունեցող երկրների համար ավելի հեշտ է կոռուպցիային դիմակայելու արդյունավետ միջոցներ մշակելը և համատեղ ջանքերով կրիտիկական շեմը՝ կոռուպցիայի ընկալման 50 ինդեքսը հաղթահարելը։ Անհրաժեշտ է արագացնել հարկման բարեփոխումն ինչպես տոկոսադրույքների ճշտման, այնպես էլ հարկային կառավարման մասով՝ տնտեսության աշխուժացման նպատակով, զգալիորեն նվազեցնել ներմուծվող ապրանքների մենաշնորհացման մակարդակը և խթանել արտահանման դիվերսիֆիկացիան։ Ավելացված արժեքի հարկը Հայաստանում ամենաբարձրն է տարածաշրջանում և գերազանցում է ԱՊՀ պետությունների մեծ մասի ԱԱՀ3 [ #3_b ] տոկոսադրույքը, ընդ որում՝ ի տարբերություն ԱՊՀ մի շարք երկրների, ավելի ցածր տոկոսադրույք չի կիրառվում։ Նպատակահարմար է ԱԱՀ-ն 20-ից իջեցնել մինչև առնվազն 18%-ի, իսկ որոշ արտադրանքների համար՝ անգամ ավելին։ Հաշվի առնելով այն, որ այս միջոցները պետք է խթանեն տնտեսությունը, բյուջետային կորուստներ (հատկապես երկարաժամկետ առումով) չեն սպասվում։ Անուղղակի հարկի իջեցումը, զսպելով անկումը, խթանում է տնտեսությունը, ինչպես նաև հակագնաճային նշանակություն ունի։ Բացի այդ, ԱԱՀ 20%-ից իջեցումը 18%-ի էապես նպաստում է տնտեսության խթանմանը, դա անհրաժեշտ է նաև հետխորհրդային երկրների հարկային տոկոսադրույքների մոտեցման համար։ Թեև ԱԱՀ-ն Հայաստանում ամենաբարձրն է տարածաշրջանում, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է մոտ 20%։ Դա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ սույն անուղղակի հարկի տոկոսադրույքը չի ապահովում հարկեր/ՀՆԱ ընդունելի հարաբերակցությունը, հետևաբար՝ հարկավոր է համալիր կերպով կարգավորել հարկային համակարգը։ Անհրաժեշտ են մաքսատուրքերի համակարգում որոշ փոփոխություններ՝ ուղղված առևտրային հաշվեկշռի բարելավմանը։ Զարգացած երկրների համեմատ գույքահարկն ու հողի հարկը դիֆերենցված աճի ռեզերվ ունեն։ Նման միջոցներն արդարացված են ինչպես բյուջետային, այնպես էլ սոցիալական ոլորտի համար։ Հաշվի առնելով, որ հանքարդյունաբերությունն էական, եթե ոչ գերիշխող դեր է խաղում գրեթե բոլոր հետխորհրդային երկրների տնտեսության մեջ, ռենտային հարկը հարկային մուտքերի անհամեմատ փոքր մասն է կազմում։ Հասկանալի է՝ ԱԱՀ իջեցումը և մյուս հարկերի շտկումն ինտեգրվող երկրներում պետք է համակարգված լինեն։ Աշխատավարձի բարձրացումը նպատակահարմար է իրականացնել ոչ միայն ի հաշիվ պետական բյուջեի եկամուտների աճի, այլև ապրանքների (հատկապես ներմուծվող) և ծառայությունների ձեռքբերման ծախսերի առավելագույնս հնարավոր կրճատման և «այլ ծախսեր» հոդվածի ճշգրտման միջոցով, ինչպես նաև ի հաշիվ ոչ ֆինանսական ակտիվներով գործարքների ծախսերի կրճատման (այդ հոդվածներով ծախսերի հանրագումարը կազմում է Հայաստանի բյուջեի ծախսերի գրեթե կեսը)։ Նշենք նաև, որ պետական բյուջեում ապրանքների և ծառայությունների ծախսերի մեջ զգալի տեղ են զբաղեցնում ներմուծվող ապրանքների ձեռքբերման ծախսերը։ Իհարկե, չարժե ծայրահեղության մեջ ընկնել և կտրուկ, ասենք, 30%-ով բարձրացնել աշխատավարձը՝ առանց համապատասխան ՀՆԱ աճի և պետական բյուջեի կառուցվածքի արդյունավետ փոփոխությունների։ Բարձրացումը պետք է համապատասխանի ՀՆԱ աճին` հաշվի առնելով գների աճը։ Սոցիալական խնդիրները չսրելու, հակառակը՝ դրանք հարթելու համար աշխատավարձերը և թոշակները պետք է բարձրացնել համամասնորեն՝ տարվա ընթացքում օգտագործելով փուլային սկզբունքը։ Ի դեպ, 2011թ. միջին աշխատավարձի աճի ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է վերջին տեղն ԱՊՀ երկրների շարքում, իսկ 2012թ.՝ վերջին տեղերից մեկը4 [ #4_b ] ։ Պետբյուջեի կառուցվածքի որոշակի փոփոխությունների օգնությամբ հնարավոր է նվազագույն աշխատավարձի (Հայաստանում 35 հազ. դրամ՝ մոտ $85) և միջին թոշակի (28 հազ. դրամ՝ մոտ $70) բարձրացում արագացված տեմպերով (մոտ 15%-ով)։ Քանի որ այս դեպքում առանձին խնդիր է դառնում այդ ցուցանիշներն արագ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի մակարդակին (63 հազ. դրամ կամ $160) հասցնելը։ Ընդգծենք, որ միայն այս շեմի գերազանցման դեպքում քանակը նոր որակ կտա։ Իսկապես, անցումային շրջանի երկրների առջև դրված է այս կարևոր ոլորտում զգայունության շեմի հաղթահարման լուրջ խնդիրը, և սոցիալական քաղաքականության, բյուջեի կառուցվածքի մեջ առանց նպատակաուղղված փոփոխությունների հազիվ թե դա հնարավոր լինի իրականացնել։ Եվրամիության երկրներում աղքատ բնակչության տոկոսը տատանվում է 6%-ից (Ավստրիա, Իռլանդիա, Ֆրանսիա) 20%-ի (Հունաստան, Իսպանիա, Պորտուգալիա) սահմաններում5 [ #5_b ] ։ Ընդ որում՝ աղքատության ցուցանիշը համապատասխանում է բնակչության մեկ շնչին ընկնող միջին եկամտի 60%-ին։ Այնպես որ, միջին դասի և, իհարկե, միջին եկամտի ավելացումը հետխորհրդային երկրներում բավական ակտուալ է։ Հեշտ չէ, բայց միանգամայն իրական է, գնահատելով աղքատության ցուցանիշն ըստ նվազագույն կենսապահովման, այնուհետև նաև բնակչության մեկ շնչին ընկնող միջին եկամտի 60%-ի մակարդակի, առաջիկա 3-4 տարիներին մինչև 20% նվազեցնել աղքատ բնակչության տոկոսը։ Այդ ժամանակ հաստատ կհաջողվի հաղթահարել զգայունության շեմն այդ կարևորագույն ոլորտում։ Առավել ևս որ ամենակարճ ժամկետում միջին եկամուտներ ունեցող երկրների խմբին անցումն արդիական խնդիրներից մեկն է հետխորհրդային պետությունների համար։ ԱՊՀ մի շարք երկրներում փողայնացման մակարդակը ցածր է 30%-ից, այն դեպքում, երբ զարգացած երկրներում 60%-ից բարձր է։ Իսկ արագ զարգացող երկրներում փողայնացման մակարդակն ունի պարզապես ռեկորդային բնույթ։ Համաշխարհային առաջատարն է Հոնկոնգը՝ 327%։ Թայվանում այս ցուցանիշը կազմում է` 213%, Հարավային Կորեայում՝ 128, Մալայզիայում՝ 120, Սինգապուրում՝ 114, Չինաստանում՝ 140%6 [ #6_b ] ։ Փողայնացման մակարդակը նույնպես հետխորհրդային երկրներում պետք է փուլ առ փուլ մոտեցվի 60%-ին, քանի որ փողայնացման անբավարար մակարդակի դեպքում առաջանում են որոշակի դժվարություններ՝ կապված տնտեսության կայուն աճի հետ։ Այս դեպքում շուկայում պարտադիր կերպով ներկա է ազգային փողի փոխարինիչը՝ այլ երկրների արժույթները։ Ընդ որում՝ դոլարիզացմանը դիմակայելու արդյունավետությունը, իհարկե, նվազում է։ Մեր գնահատականներով, եթե հաջողվի ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունից դուրս մղել այլ պետությունների արժույթը, ապա ԱՊՀ երկրներում փողայնացման մակարդակն էապես կաճի։ Հետևաբար, դրամական զանգվածի աճը չի փոխում գնաճի մակարդակը դոլարիզացիայի մակարդակի հաջող զուգահեռ իջեցման և կանխիկ փողի շրջանառության վերահսկողության դեպքում։ Շոշափելի դեր կարող է խաղալ նաև ԱՊՀ երկրներում արժեթղթերի շուկայի ծավալի ընդլայնումը։ Այդ ժամանակ փողայնացման մակարդակը կանցնի զգայունության շեմը և իրապես կնպաստի տնտեսության կայուն աճին։ Ընդ որում՝ Եվրասիական ինտեգրացիայի երկրներում, իհարկե, նպատակահարմար է ունենալ համաձայնեցված, իրարից էապես չտարբերվող վերաֆինանսավորման տոկոսադրույք։ Հայաստանում նույնիսկ ներկա պահին ազգային արժույթը գերագնահատված է, ինչի մշտական ուղեկիցն է դարձել առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը։ Եվրոյի, դոլարի, զարգացած երկրների այլ արժույթների և ռուսական ռուբլու նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի բարձրացման աննպատակահարմարության մասին (հատկապես ռազմավարական առումով) մենք նախազգուշացրել ենք քանիցս։ 2004-2008թթ. հայկական դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է 1,9 անգամ, եվրոյի նկատմամբ՝ 1,5, ռուբլու նկատմամբ՝ 1,5, անգլիական ֆունտ ստեռլինգի նկատմամբ՝ 1,7, շվեյցարական ֆրանկի նկատմամբ՝ 1,5 անգամ։ Ի դեպ, դրամը 1,3 անգամ արժևորվել է նաև վրացական լարիի համեմատ7 [ #7_b ] ։ Հայկական դրամի արժևորումը նպաստել է ապրանքային հաշվեկշռի դեֆիցիտի աճին և վերջնարդյունքում՝ դրա էական խախտմանը։ Դոլարի հանդեպ ռուսական ռուբլու, եվրոյի և այլ արժույթների արժևորման միտման պարագայում հայկական դրամը ռեկորդ է սահմանել՝ զգալիորեն ամրանալով ոչ միայն դոլարի և զարգացած երկրների արժույթների, այլև ռուսական ռուբլու նկատմամբ, համատարած վատթարացնելով արտահանման պայմանները։ Սա մեկ անգամ ևս ընդգծում է ինտեգրվող երկրներում համաձայնեցված արժութային քաղաքականության անցկացման անհրաժեշտությունը։ Եթե հայկական դրամը սահուն կերպով արժևորվեր ըստ արժույթների միջին փոխարժեքի, որոնց արժևորման տոկոսը դոլարի հանդեպ զգալի չի փոխվել (ինչպես դա տեղի ունեցավ հայկական դրամի պարագայում), ապա դոլարի փոխարժեքը կլիներ 430-450 դրամի միջակայքում, ինչը չէր հանգեցնի առևտրային հաշվեկշռի լուրջ խախտման և ստեղծված իրավիճակում կհամապատասխաներ մեր արտահանման խնդիրներին։ Որպեսզի քանակն ազգային արժույթի դեպքում ևս անցում կատարի նոր որակի, միանգամայն արդիական կլիներ նպատակ դնել և համապատասխան միջոցներ ձեռնարկել ազգային արժույթի փոխարժեքի զգայունության շեմին սահուն անցման համար՝ հաշվի առնելով, իհարկե, փոխարժեքի փոխկապվածությունը ոչ միայն արտահանման և գների մակարդակի, այլ նաև ինտեգրվող երկրների արժույթների փոխարժեքի հետ։ Որպեսզի առաջարկվող միջոցներն իսկապես վճռական նշանակություն ունենան, հաշվի առնելով ժամանակի գործոնը, դրանք անպայման պետք է փոխկապված և կարգավորված լինեն։ Առանձին ընդգծենք, որ տնտեսության զգալի դրական փոփոխությունների հանգեցնող որոշումները կարող են չհամապատասխանել միջազգային կազմակերպությունների առաջարկած չափորոշիչներին, որոնք երբեմն շաբլոն բնույթ են կրում։ Մի շարք դեպքերում խորհուրդները փաստորեն պարտադրվում են և կարող են վճռական դեր խաղալ, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ հայկական դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման դեպքում։ Եթե այդ չափորոշիչները հակասում են ազգային տնտեսական շահերին, ապա, բնականաբար, պետք է հիմնավորված և համոզիչ պաշտպանել դրանք։ Հրավիրված մասնագետները, որպես կանոն, միշտ չէ, որ կարող են լավ կողմնորոշվել երկրում ստեղծված իրավիճակում և պետք է պատրաստ լինեն շտկելու ստանդարտ առաջարկությունները։ Ինտեգրվող պետություններում հետխորհրդային երկրների փաստացի նման խնդիրների լուծման համար չափազանց կարևոր է տնտեսության կրիտիկական շեմերի հաղթահարման համատեղ մեթոդների մշակումը։ 1 [ #1_t ] http://diepresse.com/home/wirtschaft/internatinal/749470/Mit-halbwahrheiten amScheideweg?_v1_backlink=/home/wirtschaft/index.do [ http://diepresse.com/home/wirtschaft/internatinal/749470/Mit-halbwahrheiten amScheideweg?_v1_backlink=/home/wirtschaft/index.do ] 2 [ #2_t ] http://cpi.transparency.org/cpi2012/results/ [ http://cpi.transparency.org/cpi2012/results/ ] 3 [ #3_t ] The 2012 world wide VAT, GST and sales tax guide // http://www.ey.com/Publication/vwLUAssets/2012-worldwide-VAT-GST-and-sales-tax-guide/$FILE/2012-worldwide-VAT-GST-and-sales-tax-guide.pdf [ http://www.ey.com/Publication/vwLUAssets/2012-worldwide-VAT-GST-and-sales-tax-guide/$FILE/2012-worldwide-VAT-GST-and-sales-tax-guide.pdf ] ; Обзор налогообложения в странах СНГ // http://www.iep.ru/files/text/other/Goldin-CIS(2).pdf [ http://www.iep.ru/files/text/other/Goldin-CIS(2).pdf ] 4 [ #4_t ] ԱՊՀ երկրների վիճակագրություն // http://www.cisstat.com/rus/macro/2-zp_pr.doc [ http://www.cisstat.com/rus/macro/2-zp_pr.doc ] 5 [ #5_t ] https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/fields/2046.html [ https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/fields/2046.html ] 6 [ #6_t ] Զարգացման ասիական բանկ // http://www.adb.org [ http://www.adb.org ] / 7 [ #7_t ] http://www.cba.am/storage/am/downloads/stat_data_arm/kurs_tari.xls [ http://www.cba.am/storage/am/downloads/stat_data_arm/kurs_tari.xls ] .

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here