ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՍԵՓԻ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ («Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» միջազգային կոնֆերանսի նյութերը)

0
327

Հարգելի՛ մասնակիցներ, սիրելի՛ բարեկամներ Ուրախ եմ ողջունել ձեզ՝ «Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» միջազգային կոնֆերանսի հյուրերիդ և մասնակիցներիդ։ Հատկանշական է, որ այս կոնֆերանսի աշխատանքին մասնակցում են հայտնի քաղաքական գործիչներ, քաղաքագետներ և քաղաքական վերլուծաբաններ Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Վրաստանից։ Հույս ունեմ, որ նրանց ելույթները կնպաստեն գլոբալ և տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծերին մեր երկրի օպտիմալ մասնակցության լավագույն լուծումները գտնելուն։ Այստեղ են հավաքվել Հայաստանի հայտնի հետազոտողները և քաղաքագետները, և ես հույս ունեմ, որ նրանց ելույթները, հիմնված լինելով Եվրոպական և Եվրասիական ինտեգրման թեմատիկայի խոր ուսումնասիրման վրա, նույնպես կնպաստեն կարևոր քաղաքական որոշումների մշակմանը։ Ուզում եմ նշել, որ այս միջազգային կոնֆերանսի նախաձեռնողը «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպությունն է՝ Արամ Սաֆարյանի գլխավորությամբ։ Եվրասիական ինտեգրացիայի գործընթացներին Հայաստանի օպտիմալ մասնակցության թեմային նվիրված նախորդ կոնֆերանսները դրականորեն են ընկալվել մեր հասարակական-քաղաքական մտքի կողմից։ Մեր երկրում վերջին ամիսներին ծավալված բանավեճերն ու քննարկումները գլոբալ ինտեգրացիոն նախագծերին Հայաստանի մասնակցության հեռանկարների հարցերի շուրջ դարձել են Հայաստանի իշխանությունների քաղաքականության շարունակությունը, որոնք անկեղծորեն շահագրգռված են, որպեսզի հայկական քաղաքացիական հասարակությունն առավելագույն չափով իրազեկված լինի։ Մենք վստահ ենք, որ մեր ինտեգրացիոն հեռանկարների հետազոտությունները, քաղաքական վերլուծությունը կնպաստեն մեր հասարակության համախմբմանը։ Մենք կողմնակից ենք այն բանի, որ մեր գիտնական-քաղաքագետներն ավելի խոր ուսումնասիրեն այդ ինտեգրացիոն հեռանկարները, համեմատեն դրանք, ցույց տան այդ սկզբունքների և մոտեցումների համատեղման հնարավորությունը, ստեղծագործական ընկալումը, որպեսզի մեր երկիրը կառուցի եվրոպական տիպի ժողովրդավարական քաղաքացիական և սոցիալական հասարակություն և, միևնույն ժամանակ, հավատարիմ մնա ռազմավարական գործընկերներին, դաշնակցային պարտավորություններին։ Այս տեսակետից մեզ շատ հետաքրքիր է Բալթյան պետությունների, հարևան Վրաստանի, Արևելյան Եվրոպայի երկրների փորձը։ Այդ փորձը կօգնի մեզ մշակել մեր ժողովրդի համար առավել իրատեսական և ընդունելի քաղաքական մոտեցումներ։ Հույս ունեմ, որ կոնֆերանսի բոլոր մասնակիցները կիսում են այն կարծիքը, որ աշխարհաքաղաքական բարդ դրության մեջ գտնվող Հայաստանը պարտավոր է գտնել այնպիսի արտաքին քաղաքական լուծումներ, որոնք կամրապնդեն մեր ազգային անվտանգությունը, մեր ինքնիշխանությունը և, միևնույն ժամանակ, շոշափելի տնտեսական շահ կբերեն մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը։ Մենք բոլորս դուրս ենք եկել նախկին Խորհրդային Միությունից։ Մենք իրավունք ունենք հպարտանալու մեր անկախությամբ և ինքնիշխանությամբ։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ապագան տարածաշրջանային քաղաքական-տնտեսական միավորումներինն է, որոնք կդառնան արդի բազմաբևեռ աշխարհի բնորոշ գիծը։ Մենք դեմ ենք ինքնամեկուսացմանը, մենք կողմ ենք ինտեգրացիային, գիտելիքների և փորձի փոխանակմանը։ Մենք կողմ ենք ինտեգրացիայի ուղղությամբ կատարվող հետազոտություններին և ակտիվ գործողություններին։ Թե ինչ ձև կընդունի այս որոնումը՝ ցույց կտա ժամանակը։ Բնութագրական է, որ այս օրերին մենք ակտիվորեն մասնակցում ենք միջոցառումների և բանակցությունների, որոնք անցկացվում են ինչպես Եվրոպական, այնպես էլ Եվրասիական ինտեգրման ուղղություններով։ Ես վստահ եմ, որ ծավալվող գործընթացներին դրական մասնակցության մեր անկեղծ ցանկությունը համարժեք կընկալվի մեր դաշնակիցների և գործընկերների կողմից և դա կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը մեր տարածաշրջանում։ Սիրելի՛ բարեկամներ, թույլ տվեք մեկ անգամ ևս ողջունել ձեզ, ցանկանալ բոլորիդ հաջող աշխատանք, իսկ բարեկամական երկրներից եկած հյուրերին մաղթել լավ տրամադրություն և ջերմ հիշողություններ մեր երկիր այցելությունից։ Շնորհակալություն ուշադրության համար։   Ապրիլի 13, 2013

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here