ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ԴԻՎԱՆԱԳԵՏ ԱԼԳԻՐԴԱՍ ՊԱԼԵՑԿԻՍԻ (ԼԻՏՎԱ) ԶԵԿՈՒՅՑԸ («Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» միջազգային կոնֆերանսի նյութերը)

0
343

Լիտվայում (ինչպեսև Բալթյան մյուս երկրներում) տիրող իրավիճակը հասկանալու համար փորձենք հիշել, թե ինչ տեղի ունեցավ քսան տարի առաջ, ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այն ժամանակ սլաքը ձախից աջ թեքվեց, Արևելքից Արևմուտք։ Պլանային տնտեսությունից անցում կատարեցինք շուկայականի։ Արևելքի հետ ինտեգրումից անցում կատարեցինք Արևմուտքի հետ ինտեգրմանը։ Իսկ հիմա էլ սլաքը հակառակ կողմն է թեքվել։ Իշխող վերնախավի մի մասը ջանում է ընդդիմանալ դրան, բայց ապարդյուն։ Պատմության քամուն հակառակ ընթանալ չես կարող։ Իսկ այն ժամանակ՝ 1990-ականների սկզբին, Լիտվայի ղեկավարներն ուրախությամբ և փութաջանորեն խզեցին բոլոր կապերն Արևելքի հետ։ Այդպես փակվեցին լայն շուկաները լիտվական արտադրանքի համար։ Իսկ Արևմուտքի շուկաներն արդեն գրեթե լեփլեցուն էին։ Հակառուսաստանյան քաղաքականությունը, որը հետևողականորեն վարում էին Լիտվայի որոշ քաղաքական ուժեր, հանգեցրեց էներգառեսուրսների գների բարձրացման։ Այժմ Լիտվան ռուսաստանյան գազի դիմաց ավելին է վճարում, քան Գերմանիան, թեև մենք, ի տարբերություն Գերմանիայի, Ռուսաստանի անմիջական հարևաններն ենք։ Նեոլիբերալ քաղաքականությունը հանգեցրեց նաև սոցիալական մեծ հակադրությունների, անհավասարության, աղքատության և արտագաղթի։ Լիտվան ԵՄ անդամ դարձավ 2004թ.։ Ի՞նչ է Եվրոպական միությունը։ Դա, նախ, շուկա է։ Ապրանքների, ծառայությունների, կապիտալի շուկա։ Նաև մարդկանց շուկա այս բառակապակցության ամենատարբեր իմաստներով։ Այդ շուկայում տեղի է ունենում ապրանքների, ծառայությունների, կապիտալի (և կրկին՝ մարդկանց) ստանդարտացում։ Եվրոն, օրինակ, հենց կապիտալի ստանդարտացումն է։ Բայց ԵՄ-ը նաև քաղաքական նախագիծ է, վերնաշենք։ Նախագիծ, որն ունի իր արժեքները, գաղափարախոսությունը։ Գաղափարախոսությունը, եթե հակիրճ ասելու լինենք, խաղաղությունն է Եվրոպայում, ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու իրավունքի գերազանցությունը։ Հերթով անդրադառնանք ասվածին։ Խաղաղությո՞ւն Եվրոպայում՝ շատ լավ է, բայց ինչո՞ւ ռումբեր նետել Հարավսլավիայի, Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի, Սիրիայի վրա։ Թե՞ նկատի է առնվում խաղաղությունը միայն Արևմտյան Եվրոպայում։ Այդ ժամանակ թող այդպես էլ ասեն։ Ժողովրդավարությո՞ւն՝ էլի լավ է, բայց ցանկալի է առանց ուժային հարկադրանքի, որ հասկանան իրենց ժողովրդավարությունը։ (Օրինակները հենց նոր նշվեցին։ Ինչ-որ մեկը կասի, թե դա ոչ թե ԵՄ, այլ ՆԱՏՕ ձեռքի գործն է։ Բայց փաստը մնում է փաստ, որ շատ երկրներ այդ երկու կազմակերպությունների անդամներ են և կուռ համակարգում են իրենց գործողությունները)։ Բացի այդ, եթե ժողովրդավարությունը հասկանանք իբրև ժողովրդի իշխանություն, ապա Արևմտյան Եվրոպան հեռու է դրանից, եթե նկատի ունենանք, թե ինչ դեր են այնտեղ խաղում ժողովրդի կողմից չընտրվող և նրա կողմից պաշտոնից չհեռացվող հզոր եվրոպական պաշտոնյաները և, առավել ևս, բանկերի ու կորպորացիաների չընտրվող ղեկավարները։ Մարդու իրավունքնե՞ր՝ հիանալի է։ Սա, հիրավի, կարևոր է։ Բայց կա նաև հասարակությունը։ Եվ կան նաև պարտավորություններ։ Մեկուսի դարձած և օտարացած անհատ-սպառողների հյուլեացված հասարակություն՝ մի՞թե սա է եվրոպական մեծ իդեալը։ Մի՞թե գրավիչ է անձի՝ սպառող անձի ինքնատիպ պաշտամունքը։ Իրավունքի գերակայությո՞ւն՝ սա նույնպես շատ կարևոր է։ Բայց իր օրինակով Լիտվան հասկացավ, որ այստեղ խիստ մեծ է ամպագոռգոռությունը։ «Ռեալփոլիթիկը» հաղթանակում է։ Վերցնենք մեր նախկին Իգնալինսկի ատոմակայանի դեպքը։ Այդ կայանի փակման ոչ մի իրավաբանական փաստաթուղթ ԵՄ-ը չպահանջեց անդամության թեկնածու երկրից։ Հանրահայտ կոպենհագենյան չափանիշներն այդ մասին լռում էին։ Բայց ԵՄ-ին մրցակից, էժան էլեկտրաէներգիա արտադրող, խորհրդային-ռուսական տեխնոլոգիաների արտադրանք հանդիսացող կայան հարկավոր չէր։ Եվ իրավունքի գերակայությունը զիջեց քաղաքականին… ԵՄ-ն առաջին հերթին շուկա է, և սա է նրա ուժն ու թուլությունը։ Շուկայում սպառողն ընտրում է՝ ինչ ապրանք կամ ծառայություն գնի։ Բայց «ընտրում» է պայմանականորեն, քանի որ նրա ուղեղը գովազդի մշտական նշանառության տակ է, որը բիզնեսի քարոզչության էությունն է։ Իսկ ո՞վ է զբաղվում հասարակության քարոզչությամբ։ Մի երկու թույլ ֆինանսավորվող ընկերություն կամ ֆո՞նդ։ Լուրջ չէ։ Դրա համար էլ բուրգում ենք ապրում, որտեղ ոսկե միլիարդը «թառել» է 7 միլիարդի ուսին։ Ի՞նչ ստացավ Լիտվան ԵՄ-ից։ Որոշ շուկաներ, որոշ ներդրումներ և մի ինչ-որ know how։ Ինչպես նաև՝ առանց վիզաների Վիլնյուսից մինչև Լիսաբոն տեղաշարժվելու հնարավորություն։ Գումարած՝ ներսից ԵՄ որոշումների և նրա ինստիտուտների վրա ազդելու հնարավորությունը։ Բայց դա ընդամենը տեսական հնարավորություն է ոչ մեծ երկրի համար։ Իսկ ի՞նչ կորցրինք։ Ազատականացումը հանգեցրեց տնտեսական, նշանակում է՝ նաև քաղաքական ինքնիշխանության կորստին։ Մեր արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը 1990-ականների սկզբին, շոկային թերապիայի արդյունքում, պարզապես փլուզվեցին։ Այո, մեզ բարեփոխումներ էին հարկավոր։ Բայց կներեք, եթե բարեփոխումները հանգեցնում են բարեփոխվող առարկայի վերացմանը, ապա նման բարեփոխումներն ամենևին էլ հարկավոր չեն։ Ամեն մի ժողովուրդ ինքն է ընտրում իր ուղին։ Ինձ դուր եկավ սեփական շահերի ընկալման այն ինքնիշխան ոգին, որ տեսա ձեր երկրում։ Ցանկանում եմ ձեզ կատարել Հայաստանի համար ամենանպաստավոր ընտրությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։   Ապրիլի 13, 2013

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here