«ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԱՐԻՆԵԼ ՌՈՒՍԱԿԱՆԻՆ, ԲԱՅՑ ԱՅՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է»

0
323

Իրանը՝ որպես բնական գազի մատակարար, Հայաստանի համար կարող է դառնալ Ռուսաստանի լիարժեք այլընտրանքը։ Այս մասին REGNUM լրատվական գործակալության թղթակցին ասել է փորձագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սևակ Սարուխանյանը։ Ըստ նրա, եթե Հայաստանի իշխանությունները որոշեն գազ գնել ոչ թե Ռուսաստանից, այլ հարևան իսլամական պետությունից, ապա դա տեխնիկապես հնարավոր է։ «Իրանի գազի պաշարները գնահատվում են մոտ 820 մլրդ խոր. մ, և այդ պետությունը նոր շուկաների կարիք ունի իր «երկնագույն վառելիքի» արտահանման համար։ Էներգակիրների վաճառքն արտաքին շուկաներում Թեհրանի գերակայություններից մեկն է։ Տեխնիկական մասով նույնպես խնդիրներ չկան. որոշակի ներդրումների առկայության պարագայում մատակարարվող գազի ծավալները կարող են կազմել տարեկան մինչև 2,5 մլրդ խոր. մ, այն դեպքում, երբ երկիրն ամեն տարի սպառում է մոտավորապես 1,8-1,9 մլրդ խոր. մ. վերջին մի քանի տարիների ընթացքում ռեկորդը հազիվ գերազանցել է 2 մլրդ խոր. մ-ն։ Երբ ասում են, թե Իրան-Հայաստան գազամուղն անցկացնելիս ընտրվել է փոքր տրամաչափի խողովակ, նկատի ունեն Հայաստանի՝ տարանցիկ երկրի վերածվելու մի ժամանակ քննարկվող հնարավորությունը։ Բայց դա անհեթեթություն է»,- նկատել է փորձագետը՝ նշելով հետևյալ հանգամանքը. իրանական գազը Հայաստանով տարանցելու տեղ պարզապես չկա։ Ինչ վերաբերում է Հայաստանի համար իրանական գազի հնարավոր գներին, Սևակ Սարուխանյանն այդ առնչությամբ նշել է, որ ԻԻՀ-ում ստիպված են իջեցնել արտահանման սակագները՝ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով, որը երկրում ստեղծվել է արտաքին պատժամիջոցների հետևանքով։ «Այսօր Հայաստանը փողով չի գնում իրանական գազ։ Տեղի է ունենում բարտերային փոխանակում «գազ էլեկտրականության դիմաց» բանաձևով։ Մեկ խորանարդ մետր գազի դիմաց Իրանն ստանում է 3 կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը դրամային համարժեքով մոտավորապես $230 է։ Եթե մենք փողով գազ գնենք ներքին սպառման համար, գները միանգամայն այլ կլինեն։ Դրանց մասին, մասնավորապես, խոսել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ հազար խոր. մ-ի համար՝ $335,- հիշեցրել է «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրենը։ Սևակ Սարուխանյանը նաև անդրադարձել է ընդհանրապես Իրանի գազային քաղաքականության թեմային՝ նշելով, որ այսօր այդ երկիրը թուլանում է տարածաշրջանային շուկայում։ «Թուրքիան, օրինակ, իրանական գազը գնում էր հազար խոր. մ-ն $500-ով, բայց վերջերս պայմանագիրը վերանայվեց հօգուտ գների իջեցման։ Իրանն ստիպված էր գնալ դրան, քանի որ փորձում է ավելացնել էներգակիրների արտահանումը։ Սակայն իրանական գազի մատակարարումներն այդ երկիր կկրճատվեն, և դրա համար երկու օբյեկտիվ պատճառ կա. Թուրքիան ավելի շատ է սպառում Ադրբեջանից ստացվող գազը և կան Իսրայել-Թուրքիա գազամուղի շինարարության ծրագրեր։ Վերջինի պարագայում ենթադրվում է գազ մատակարարել վերջերս բացված իսրայելական խոշոր «Թամար» հանքավայրից։ Հետևաբար, երկնագույն վառելիքը Թավրիզ-Էրզրում գազամուղում ավելի ու ավելի քիչ է լինելու։ Մյուս կողմից, եթե տնտեսական կապանքները, որոնցով կաշկանդվել է Թեհրանը, մի գեղեցիկ օր թուլանան, գազի գինը Թուրքիայի համար կրկին կվերանայվի»,- վստահություն է հայտնել մեր զրուցակիցը։ Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը մայիսի 14-ին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով վերանայել հանրապետությունում ընկերության կողմից իրացվող բնական գազի գործող սակագները։ ՓԲԸ-ն առաջարկում է գազի սակագները բարձրացնել մանր սպառողների համար (ամսական մինչև 10 հազ. խոր. մ)՝ մինչև 221 հազ. դրամ (մոտ $532) 1000 խոր. մ-ի դիմաց։ Իսկ խոշորների համար՝ մինչև $392։ Գազի սակագների վերանայման հետ կապված՝ Հայաստանի կառավարությունը գազի գինը սուբսիդավորելու է 30%-ով։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը քանիցս հայտարարել են, որ իրանական գազը չի կարող դառնալ ռուսականի այլընտրանքը բարձր գնի պատճառով։ Ըստ Ա.Մովսիսյանի՝ Իրանը գազ է առաջարկում Հայաստանին 1000 խոր. մ-ի դիմաց $335-ից ոչ ցածր գնով, և այդ թիվը մեծանալու է, ինչպես Թուրքիայի պարագայում, իսկ այդ դեպքում ավելի շահավետ է գնել ռուսական գազը։ «Իրանական գազամուղի թողունակությունը կարելի է ավելացնել մինչև տարեկան 3 մլրդ խոր. մ, իսկ Հայաստանը տարեկան սպառում է 1,7 մլրդ խոր. մ։ Այսինքն՝ իրանական գազը կարող էր դառնալ ռուսականի այլընտրանքը, եթե այդքան թանկ չլիներ»,- ասել է նախարարը։ http://regnum.ru [ http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1667975.html ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here