ԻՆՏԵԳՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Եվրասիական ինտեգրման հիմնախնդիրներն այսօր բավական շատ են քննարկվում։ Նշվում է ինտեգրման աշխարհաքաղաքական անհրաժեշտության մասին, և դա իսկապես այդպես է։ Կատարվում են ամենևին էլ ոչ վատ վերլուծություններ դրա շահավետության և այլ տնտեսական հարցերի մասին։ Այդ ամենն, իհարկե, հիանալի է և խիստ օգտակար. առանց որոշակիության ոչ մի կերպ չի կարելի։ Ակնհայտ է, որ ամեն բան փոխկապակցված է. օրինակ, առանց տնտեսության ոչինչ չի ստացվի աշխարհաքաղաքականությունում։ 1990-ական թթ. հանդիպումներից մեկի ժամանակ, երբ խոսք եղավ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հավակնությունների վերաբերյալ, Քիսինջերը տեղից ակնարկ նետեց. «Ի՜նչ աշխարհաքաղաքականության մասին կարող է խոսք լինել մի երկրի համար, որի բյուջեն համեմատական է Հոլանդիայի բյուջեի հետ»։ Բայց կա թե՛ տնտեսությունից և թե՛ աշխարհաքաղաքականությունից ավելի կարևոր բան՝ արժեքային համակարգը (ԱՀ), որի տրամաբանությանն ու ոգուն համապատասխան են ձևավորվում ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական հայեցակարգերը։ Այնինչ այս՝ այսինքն, արժեհամակարգին վերաբերող հարցերը քննարկվում են լոկ այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է ինտեգրացիայի եվրոպական ուղղությանը։ Կարելի է խոսել այն մասին, որ այս առումով բերվող փաստարկները հաճախ մակերեսային-դեկլարատիվ բնույթ են կրում։ Բայց այստեղ չափազանց կարևոր է ոչ թե տրվել արևմտյան գաղափարախոսության քննադատությանը և դրանով իսկ կրկնել այն նույն սխալը, ինչը ժամանակին արեցին ԽՍՀՄ-ում, այլ ստեղծել քո սեփականը, որն առնվազն մրցունակ է այս ոլորտում։ Ուստի, անհրաժեշտ է էլ ավելի խոր մոտեցում ցուցաբերել այն հիմնախնդիրներին, որոնք կապված են արժեհամակարգի հետ, որը, չնայած թվացյալ վերացականությանն ու տեսականությանը, միանգամայն նյութական չափում ունի։ Հատկանշական է, որ այսօրվա Ռուսաստանի խոշոր տնտեսագետներից մեկը պնդում է, որ հասարակության ներկա մենթալիտետի և պրոֆեսիոնալ պատրաստվածության (այս հարցին մենք դեռ կվերադառնանք) մակարդակի պարագայում դժվար է բեկում սպասել տնտեսության մեջ։ Զարմանալի չէ, որ տարբեր ծրագրերի, մասնավորապես՝ World Values Survey-ի շրջանակներում իրականացվում են ԱՀ հետազոտություններ, որոնց արդյունքները կիրառական նշանակություն ունեն ոչ միայն տնտեսությունում (ինչպես պնդում են այս նախագծի հեղինակները), այլև (հավանաբար) աշխարհաքաղաքականությունում. չէ՞ որ չափազանց դժվար է «գունավոր հեղափոխություններ» կատարել՝ չիմանալով հասարակության մենթալիտետը։ Սակայն արժեքների և ինտեգրացիայի հարցերի քիչ թե շատ կոռեկտ քննարկման և վերլուծության համար անհրաժեշտ է, առնվազն, որոշել մեր կոորդինատներն այդ հասկացություններում։ Այս համատեքստում մենք պետք է ընդունենք, որ այն, ինչ ենթադրվում է անվանել Եվրասիական միություն (ԵԱՄ), համեմատաբար վերջերս ծանրագույն պարտություն է կրել Սառը պատերազմում։ Այսօր քչերը կարող են կասկածել, որ Ռուսաստանի ինքնիշխանության արտաքին ատրիբուտների պահպանումը պայմանավորված էր բացառապես այսպես կոչված «միջուկային ճամպրուկի» («ядерный чемоданчик») առկայությամբ։ Կասկած չի հարուցում նաև այն, որ որոշ նոր հանրապետություններ, իրական ինքնիշխանության փոխարեն, ստացան անկախության ընդամենը ձևական ատրիբուտներ։ Միևնույն ժամանակ, ԽՍՀՄ կոլապսը ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաև քաղաքակրթական-հումանիտար աղետ էր, այսինքն՝ փլուզվեց նաև արժեքների համակարգը։ Հարկ է ընդունել, որ այս համատեքստում նորաստեղծ որոշ հանրապետությունների ներքին ոլորտն ամբողջությամբ օկուպացվեց։ Պարզաբանեմ, թե ինչ նկատի ունեմ այս խոսքերն ասելով։ Հետաքրքիր է, բայց ոչ զարմանալի, որ երբ ծանոթանում ես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի և Ճապոնիայի օկուպացիայի մասին գրականությանը, ակնհայտ է դառնում, որ այդ երկրներում հաղթողների գերիշխանության և հասարակության կառավարման մեթոդների համապատասխան վերակառուցման համար կիրառվել են տեխնոլոգիաներ՝ nation bulding և այլն՝ շատ նման այն տեխնոլոգիաներին, որոնք կես դար անց կիրառվեցին նախկին միութենական հանրապետություններում, բայց այն մեծ տարբերությամբ, որ՝ — կես դարի ընթացքում այդ տեխնոլոգիաները, շնորհիվ տեղեկատվության ոլորտում տեղի ունեցած հեղափոխական փոփոխությունների, էապես կատարելագործվել էին. այժմ հնարավոր էր դարձել գիտակցության տոտալ մանիպուլյացիան, — փոխվել էր աշխարհաքաղաքական բովանդակությունը. եթե Ճապոնիային և Գերմանիային սկզբից ևեթ ծրագրել էին ուղղել ԽՍՀՄ-ի դեմ, հետևաբար՝ հոգում էին այդ երկրներն ուժեղացնելու մասին, ապա մեր դեպքում նման խնդիր, բնականաբար, չկար, և ԽՍՀՄ անկմամբ աշխարհը որոշ ժամանակով դարձավ միաբևեռ։ Այս առնչությամբ նշենք, որ «ներքին ինքնիշխանացման» խնդիրն արդիական է նաև այսօր՝ այն տարբերությամբ, որ հիմա այդ հարցը փորձում են լուծել. բավական է հայացք ձգել այն գործընթացներին, որոնք կապված են Ռուսաստանում հասարակական կազմակերպությունների հետ, և կտեսնենք, թե ինչ դիմադրության են դրանք հանդիպում։ Ասվածի համատեքստում պետք է ընդունել և բնավ չամաչել, որ ԵԱՄ նախագիծը պատմության ինքնատիպ ռևանշի փորձ է, մեծ ռազմավարության կարևոր բաղադրիչ, և դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև այն պետություններին, որոնք ցանկանում են ձևավորել ԵԱՄ-ը։ Միևնույն ժամանակ, մեծ ռազմավարությունը, ինչպես պնդում էր բրիտանացի նշանավոր ստրատեգ Լիդըլ Հարդը, պետք է լինի բարոյական, իսկ բարոյականությունն արժեքների համակարգի ածանցյալն է։ Այս համատեքստում մի փոքր շեղում կատարենք։ Մենք ապրում ենք տեղեկատվական պատերազմների (ՏՊ) դարաշրջանում, այսինքն՝ դարաշրջան, որտեղ հաղթում է այսպես կոչված «փափուկ ուժը», որի հետևանքները, սակայն, կարող են պակաս աղետալի չլինել, քան «կոպիտ ուժի» կիրառման դեպքում։ Հատկանշական է, որ երկրորդ սերնդի ՏՊ հիմնական խնդիրը հակառակորդի (մրցակցի), հաճախ նաև գործընկերոջ արժեքների համակարգի կործանումն է։ Ժամանակին Thomas Rona-ն1 [ #1_b ] , որը շրջանառության մեջ մտցրեց ՏՊ եզրը, սահմանել է նաև անվտանգության կրիտիկական ենթակառուցվածքները տեղեկատվական — տեխնիկական ոլորտում։ Դրանք են համակարգչային ցանցերը, տվյալների շտեմարանները և այլն։ Իսկ մենք շրջանառության մեջ ենք մտցրել «տեղեկատվության կոնտենտի՝ բովանդակության կրիտիկական ենթակառուցվածք» հասկացությունը, և այս եզրաբանությունում արժեքների համակարգը տեղեկատվական անվտանգության կրիտիկական ենթակառուցվածք է2 [ #2_b ] ։ Այնինչ, արժեքների համակարգը ձևավորվում է ոչ թե վակուումում, այլ հասարակության հոգեմտավոր ոլորտում, որն իր հերթին կազմավորվում է հասարակությունում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների բնագավառներում առկա ինստիտուտների (բառի լայն իմաստով) գործունեության արդյունքում։ Եվ այս համատեքստում ես կփորձեմ իմ ելույթին որոշ կոնկրետություն հաղորդել։ ԽՍՀՄ-ը, այլ գործոնների թվում, փլուզվեց նաև այն պատճառով, որ գիտատեխնիկական-ստեղծագործական մտավորականությունը դժգոհ էր Համակարգից։ Բնութագրական է նաև, որ Համակարգն իր հզորությամբ շատ բանով պարտական էր բնակչության հենց այդ հատվածին, որը, մասնավորապես, նաև հոգևոր արժեքների ստեղծողն ու կրողն էր հանդիսանում։ Եվ ոչ միայն մտավորականությունը. հարկ է ընդունել, որ շատ զվարճալի պատմությունների հերոսը՝ HOMO-SOVETICUS-ը, շատ ավելի առաքինի և ուսյալ էր, քան արդի HOMO-LIBERALUS–ECONOMICUS–ը։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ հենց ստեղծագործական հատվածի ներկայացուցիչներն էին, որ ամենից շատ տուժեցին ԽՍՀՄ փլուզումից։ Թերևս, ԵԱՄ ձևավորման հաջողությունը շատ բանով կախված է մեր հասարակությունների հոգեմտավոր մակարդակը վերականգնելու և զարգացնելու և դրանով իսկ ԵԱՄ-ի համար կոնվերտացվող արժեքներ ստեղծելու կարողությունից և հմտությունից։ Հետևաբար, այսօր անհրաժեշտ է շեշտը դնել գիտամշակութային ոլորտի զարգացման վրա, ձևավորել ստեղծագործական այն հատվածը, որն էլ կստեղծի արժեքների նոր համակարգ և դրանով իսկ՝ պայմաններ ինտեգրացիոն գործընթացների համար։ Նշեմ, որ դա կհանգեցնի հարցերի լուծմանը թե՛ տնտեսությունում, թե՛ աշխարհաքաղաքականությունում. իզուր չեն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի շենքին գրված խոսքերն այն ոգով, թե՝ «իմացությունը մշտապես իշխում է չիմացության վրա»։ 1 [ #1_t ] Thomas P. Rona, “Weapon Systems and Information War”, Boeing Aerospace Co., Seattle, WA, 1976. 2 [ #2_t ] Гагик Арутюнян, Распад “системы” и формирование будущего, Ереван, 2011. Ապրիլի 13, 2013
Home Կոնֆերանսներ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ («Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ»...