ԵՎՐԱՍԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒԼԲԱԱԹ ՌՑԽԻԼԱՁԵԻ (ՎՐԱՍՏԱՆ) ԶԵԿՈՒՅՑԸ («Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» միջազգային կոնֆերանսի նյութերը)

0
481

Հարգելի մասնակիցներ, Թույլ տվեք, առաջին հերթին, շնորհակալություն հայտնել ոչ ստանդարտ ձևաչափի այս խիստ հետաքրքիր միջոցառման կազմակերպիչներին։ Հարգարժան պարոն Սաֆարյան, շնորհակալություն հրավերի համար, որը ես ընդունեցի մեծ հաճույքով։ Բանն այն է, որ Կովկասյան տարածաշրջանի ներկա դրությունն ինձ համոզում է, որ Հայաստանի և Վրաստանի գործընկերության որակական խորացումը կարող է հանգուցային դառնալ Կովկասի կայունության և զարգացման հարցում։ Հենց դրա համար էլ եկա Երևան՝ որպես մասնագետ, քաղաքագետ այդ գործում գոնե մի փոքր ավանդ ներդնելու ցանկությամբ։ Իմ զեկույցը կոչվում է «Հայաստանի նշանակությունը Վրաստանի նոր արտաքին քաղաքականությունում»։ Այսինքն՝ Վրաստանը նոր արտաքին քաղաքականություն ունի անցած տարեվեջին կառավարության փոփոխությունից հետո։ Իհարկե, «նոր քաղաքականություն» եզրը չպետք է հասկանալ որպես Վրաստանի արտաքին քաղաքական գերակայությունների արմատական, առավել ևս՝ լիակատար փոփոխություն։ Կարելի է նույնիսկ վիճել, թե որքանով կարելի է երկրի ներկայիս արտաքին քաղաքական գիծն առհասարակ նոր անվանել։ Կարելի է նշել այդ գծի շրջանակներում առկա հակասությունները, բայց Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ, անշուշտ, ի հայտ են եկել այնպիսի կարևոր ուղղություններ, որոնք չկային նախկին կառավարության օրոք։ Հետևաբար, հակիրճ կնկարագրեմ Վրաստանի նոր արտաքին քաղաքականության կամ էլ վրացական նոր կառավարության արտաքին քաղաքականության առանձնահատկությունները։ Բ.Իվանիշվիլու կառավարությունը ցանկություն է ցուցաբերում շարունակելու ՆԱՏՕ-ին և եվրոպական կառույցներին ինտեգրվելու նախկին գիծը, ինչպես նաև ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ, որը սահմանված է 2009թ. հունվարի համապատասխան խարտիայով։ Բայց այս ամենը հռետորաբանության մակարդակում է մնում, քանի որ Վրաստանը ոչ մի հնարավորություն չունի ինքն իրենով ինտեգրվելու ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին. նրան այնտեղ պետք է հրավիրեն, իսկ նման հեռանկար առայժմ չի երևում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությանը, նոր, ավելի ուժեղ շարժ այդ ուղղությամբ նույնպես չի կանխատեսվում։ Ուժի մեջ է մնում նախկին ղեկավարության՝ ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու մասին որոշումը։ Հավանաբար, Վրաստանը ծանրակշիռ չէր թվա, եթե ցանկություն հայտներ կրկին վերադառնալ այդ կազմակերպություն, թեև ինչ-որ բան կորցնում է այնտեղ իր տեղը կորցնելով (օրինակ, անվճար տեղերը վրացի ուսանողների համար ԱՊՀ երկրների բուհերում և զանազան այլ «մանրուքներ»)։ Փոխարենն անսասան է մնում, և դա զարմանալի չէ, անջատված վրացական տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունների չճանաչման գիծը։ Վրաստանն անհաշտ վերաբերմունք է ցուցաբերել երրորդ երկրների կողմից այդ հանրապետությունների ճանաչմանը, ինչն, անշուշտ, խանգարում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այնուամենայնիվ, նոր կառավարությունը, հիանալի հասկանալով, որ դա վրաց ժողովրդի սոցիալական պատվերն է, հայտարարել է, որ ցանկանում է կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ կարգավորման համար (մեր ինստիտուտն անցյալ տարի, ընտրությունների նախօրեին, սոցիոլոգիական հարցախույզ է անցկացրել ողջ Վրաստանում, հարցման է ենթարկվել ավելի քան 3 հազար մարդ։ Բ.Իվանիշվիլու կողմնակիցների, իսկ նրանք ակնհայտ մեծամասնություն են կազմում, ավելի քան 80%-ը տրամադրված է եղել ո՛չ հօգուտ արևմտյան, ՆԱՏՕ-ական վեկտորի։ Դա, պայմանականորեն ասած, «ռուսամետ» ընտրազանգվածն է)։ Կա դրական արձագանք Մոսկվայի կողմից, և երկխոսությունը տարբեր ուղղություններով, ներառյալ դիվանագիտականը, արդեն ընթանում է։ Փոխըմբռնման և բանակցությունների հետագա հաջողության համար հիանալի հիմք ստեղծեց Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա Երկրորդի այցելությունը Մոսկվա սույն թվականի սկզբին։ Այս ամենն էապես տարբերվում է Սաակաշվիլու վարչակարգի նախկին սադրիչ գծից և Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր բաղադրիչ է հանդիսանում։ Նոր գծի գլխավոր կանխադրույթն այն ձևակերպումն է, որն ամրագրված է երկրի արտաքին քաղաքականության մասին հատուկ փաստաթղթում, որն էլ նախօրեին արժանացել էր խորհրդարանի հավանությանը։ Երկրի ղեկավարությունը, մասնավորապես, կարծում է, որ Վրաստանը չպետք է դիմակայության պատճառ հանդիսանա Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերություններում։ Թերևս, ավելորդ է ապացուցել, որ նման մոտեցումը խիստ կարևոր է Վրաստանի համար։ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման և համագործակցության շարժիչ ուժը, ծանրագույն՝ տարածքային խնդրի առկայության պայմաններում, կարող է լինել միայն իրական տնտեսական շահագրգռվածությունը Վրաստանի և ռազմավարական շահը Ռուսաստանի կողմից։ Այս համատեքստում հրատապ է դառնում նաև վրաց-հայկական հարաբերությունների խորացումը։ Բանն այն է, որ, ինչպես հայտնի է, Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Մոսկվայի հետ և ՌԴ-ի հետ ընդհանուր սահման չունենալու պատճառով որոշակիորեն կախված է այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում Վրաստանում։ Հետևաբար, Հայաստանը կարող էր հավելյալ ամրացնել ռուս-վրացական երկխոսության դրական պատկերը։ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, թերևս, հասկանում է սա, և պատահական չէ, որ այս տարվա հունվարին այցելեց Երևան։ Ավելին, տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա խոսել է հայկական արտաքին քաղաքական փորձի մասին, երբ լավ հարաբերություններ են հաստատվում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ։ Ըստ Բ.Իվանիշվիլու, Վրաստանը նույնպես պետք է կարողանա այնպես անել, որ վերականգնի բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի և միաժամանակ լավ հարաբերություններ պահպանի ՆԱՏՕ-ի հետ, ձգտի դեպի ՆԱՏՕ և լինի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ մյուս երկրների ռազմավարական գործընկերը։ Ներկայիս վարչապետի այս հայտարարությունն անառողջ իրարանցում առաջացրեց Ազգային շարժման «մնացուկների» մեջ։ Դրա ներկայացուցիչները տագնապ բարձրացրին, թե նման հայտարարությունները նշանակում են Վրաստանի արտաքին քաղաքականության արմատական շրջադարձ և նոր գերակայությունների ձևավորում։ Ազգային շարժման ներկայացուցիչներից մեկը, որ պատգամավոր է, հայտարարեց, թե քանի որ Հայաստանը երբեք ցանկություն չի հայտնել մտնելու ՆԱՏՕ և այլընտրանքային՝ ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ է, դրա համար էլ, իբր, սպասվում է Վրաստանի արտաքին քաղաքական գծի արմատական փոփոխություն։ Սակայն պատգամավորը մոռանում է, որ ոչ միայն Հայաստանը, այլ նաև հետխորհրդային տարածքի ուրիշ ոչ մի երկիր ՆԱՏՕ մտնելու ցանկություն չի հայտնել։ Ինչ վերաբերում է Բալթյան երկրներին, որոնք արդեն այդ դաշինքում են, նրանց փորձը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ անդամ լինելը անվտանգության երաշխիք չի տալիս, քանի որ այդ երկրները ցայսօր գտնվում են մշտական վախի և սթրեսային իրավիճակում՝ երկյուղելով արևելյան հարևանից։ Միակ բացառությունն Ուկրաինան էր Յուշչենկոյի և Տիմոշենկոյի օրոք, որը ՆԱՏՕ մտնելու հայտ էր ներկայացրել։ Բայց այս երկրում ևս ձախողվեց այսպես կոչված նարնջագույն հեղափոխությունը, որ ոգեշնչվել էր Վրաստանի «վարդերի հեղափոխությունից»։ Ուկրաինայի ներկայիս իշխանությունը հրաժարվեց դեպի ՆԱՏՕ ձգտումից և հայտարարեց չեզոքության քաղաքականության մասին։ Իհարկե, շարունակվում է Եվրամիությանն Ուկրաինայի միանալու խոսակցությունը, բայց դա փոքր-ինչ այլ թեմա է։ Չի կարելի ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը նույն փաթեթում դիտարկել։ Թեև, արժե դիտարկել ԵՄ-ի կամ մեկ այլ միավորման նպատակահարմարությունը Վրաստանի համար։ Համենայնդեպս, Վրաստանը միայնակ է մնում հետխորհրդային տարածքում, երբ փորձում է մտնել ՆԱՏՕ, և դրանով իսկ մեկուսացման մեջ է գտնվում։ Այդ իրավիճակը նորմալ չէ, իսկ մեր արտաքին քաղաքականությունն անհամարժեք է, երբ փորձում ենք խռպոտելու չափ բղավելով ապացուցել հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մեր ցանկությունը։ Որոշ ուժեր, սրա հետ կապված, հենվում են պլեբիսցիտի վրա, որը զուգահեռաբար անցկացվել էր 2008թ. հունվարի 5-ի կեղծված ընտրությունների հետ, և հայտարարում են, թե, իբր, վրաց ժողովուրդը համարյա թե միաձայն ցանկություն է հայտնել միանալ ՆԱՏՕ-ին։ Հայաստանի օրինակն իրականում հետաքրքիր է նաև նրանով, որ Հայաստանը երբեք չի խոսել ՆԱՏՕ-ին միանալու իր մտադրության մասին։ Չնայած դրան, այն լավ հարաբերություններ ունի Արևմուտքի երկրների հետ։ Հայաստանի հարաբերությունները հիանալի են նաև Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա դրանք սառեցված են Ղարաբաղի պատերազմի պատճառով, պաշտոնական շփումներն ընդհատված են նաև Թուրքիայի հետ, թեև դրանք կայուն են։ Մի խոսքով՝ Հայաստանն ամենևին էլ չի գտնվում միջազգային մեկուսացման կամ նման մի վիճակի մեջ։ Հետևաբար, Բիձինա Իվանիշվիլու դիրքորոշումն այս փուլում միանգամայն ճիշտ և ընդունելի է։ Նրա հայտարարությունը կարող է չնշանակել, թե Վրաստանի արտաքին քաղաքականությունն արմատապես փոխվելու է։ Բայց այն կարող է դառնալ դեպի ավելի հավասարակշռված և իրատեսական քաղաքականության շրջադարձի սկիզբը և հրաժարում արմատականությունից, ինչը չէինք կարող ասել նախկին իշխանության արտաքին քաղաքականության մասին, որը լիովին կտրված էր իրականությունից։ Իսկ նոր իրավիճակում Հայաստանն անխուսափելիորեն դառնում է ավելի մեծ ուշադրության առարկա վրացական դիվանագիտությունում։ Այստեղ պրն Բեքարյանը հայտարարեց, թե ցանկալի կլիներ, եթե Հայաստանի գործընկերներն ազդեին Իրանի վրա Հայաստանն Իրանի հետ կապող երկաթուղու կառուցման հարցում, ինչպես նաև Թուրքիայի վրա՝ այլ հարցերում։ Իսկ ես կարծում եմ, որ Հայաստանը կարող էր ինքն ազդել որոշ գործընթացների վրա, այդ թվում և Իրանի հետ երկաթուղու կառուցման հարցում։ Հարավային հարևանի հետ Հայաստանը կապող ավտոմայրուղին ևս վերակառուցման կարիք ունի։ Հայաստան-Իրան հարաբերությունները շատ կարևոր են, բայց կարևոր են նաև Հայաստանի հարաբերությունները Վրաստանի հետ, դրա համար էլ հայկական դիվանագիտությունը պետք է աշխուժանա այս ուղղությամբ։ Հայաստանը և Վրաստանը պետք է համագործակցեն միմյանց հետ։ Դա պետք է լինի համագործակցություն «հանուն» որոշակի դրական նպատակների, այլ ոչ թե «դեմ» ինչ-որ մեկին։ Հայաստանն, իմ կարծիքով, ինքնուրույնության (ինքնիշխանության) ավելի բարձր մակարդակ ունի, քան Վրաստանը, քանի որ Հայաստանի գործերում երրորդ կողմի ակնհայտ միջամտություն չի նկատվում, ինչը տեսնում ենք Վրաստանի պարագայում (միայն Քութայիսում Վրաստանի խորհրդարանի շենքում ԱՄՆ դեսպանի ներկայությունն ինչ ասես արժեր, երբ քվեարկվում էին կարևորագույն սահմանադրական փոփոխությունները. ես ինքս նախկին դիվանագետ եմ և շատ լավ գիտեմ, որ նման փաստն այլ կերպ, քան կոպիտ միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին, չի կարող գնահատվել), ուստի ձեր երկիրը կարող է և պետք է ավելի աշխույժ քաղաքականություն վարի, այսօրվա դրությամբ հայկական դիվանագիտությունն այնքան էլ ակտիվ չէ։ Մասնավորապես, Հայաստանը կարող էր ազդել Աբխազիայի տարածքով Ռուսաստան-Վրաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերաբացման հարցում։ Աբխազական կողմը քաղաքական բնույթի առարկություններ ունի, իսկ նախագիծը զուտ տնտեսական է, խիստ շահավետ ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի ու հենց Աբխազիայի համար։ Բնականաբար, Ռուսաստանը Հայաստանի, իսկ հետագայում նաև Իրանի, այսինքն՝ նաև Հնդկական օվկիանոսի հետ կապող երկաթուղին ռազմավարական առումով պակաս կարևոր չէ նաև Ռուսաստանի համար։ Բայց հավանաբար որոշակի խթան է հարկավոր այս ուղղությամբ։ Բ.Իվանիշվիլու կառավարությունն արդեն նշաններ ցուցաբերել է, թե պատրաստ է դիտարկել այս հարցը։ Առարկություններն, առաջին հերթին, հնչեցին Սուխումից։ Հետևաբար, Հայաստանը, որն իր կապերն ունի Աբխազիայում՝ գոնե հանձին հայ սփյուռքի, պետք է բացատրական աշխատանք տանի Աբխազիայի ներսում, գուցեև Ռուսաստանում։ Արժե համոզել գործընկերներին, որ երկաթուղին հարձակողական սպառազինություն չէ և ինքնին ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Երկաթուղին հաղորդակցության տեսակ է, որն առևտրային կապեր է ապահովում, տնտեսության աճ։ Աբխազական կողմի երկյուղներն իզուր են, իսկ շահը բոլորի համար՝ ակնհայտ է։ Վրացական կառավարության վրա բոլոր կողմերից ճնշում են գործադրում, ներառյալ նախկին իշխանությունը, որպեսզի հավանություն չտա երկաթուղային հաղորդակցության վերսկսմանը (եթե անգամ աբխազները համաձայնեն), ուստի Թբիլիսիի համար այնքան կարևոր է Երևանի աջակցությունը։ Կարծում եմ, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմամբ։ Նրա նշանակությունը Ռուսաստանի համար դրանով չի նվազի, այլ հակառակը, կմեծանա. Հայաստանը դուրս կգա իր ներկայիս անկլավային վիճակից և կդառնա լիարժեք դերակատար Կովկասյան տարածաշրջանում։ Վրաստանի նոր կառավարությունը երկկողմանի հարաբերությունների և գործընկերության խորացման հնարավորություն է, իսկ հեռացող նախագահ Սաակաշվիլին, որին, ի դեպ, մեկ անգամ չէ, որ «մեղադրել» են հայկական ծագում ունենալու մեջ, ոչինչ չի արել այդ ուղղությամբ։ Ավելին, վերջին ժամանակներս անգամ վնասել է մեր հարաբերություններին։ «Իմեդի» հեռուստաալիքին մարտի 22-ին տված հարցազրույցում, օրինակ, նա կտրականապես դեմ է արտահայտվել Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու բացմանը՝ իր դիրքորոշումը պատճառաբանելով նրանով, որ երկաթուղին «կփակի» Ադրբեջանը։ Միևնույն ժամանակ, նա գովաբանել է Կարս-Ախալքալաք-Բաքու նախագիծն ու կողմ է եղել դրա իրագործմանը։ Սաակաշվիլու ելույթի սադրիչ բնույթն ակնհայտ է։ Մինչ ելույթս ամփոփելը, կուզենայի ընդգծել, որ Վրաստանի և Հայաստանի միջև խորքային հակասություններ գոյություն չունեն։ Որոշ խնդրահարույց պահեր, ինչպես, օրինակ, եկեղեցական գույքի հարցը, պետք է լուծեն շահագրգիռ կողմերը, սույն պարագայում՝ ՎՈւԵ-ն և ՀԱԵ-ն, առանց խնդրի ավելորդ քաղաքականացման և հուզականացման։ Ոչ ճիշտ մոտեցումն այս հարցին նախանցած տարի հանգեցրեց այնպիսի իրավիճակի, որը չնպաստեց երկկողմանի հարաբերությունների բարելավմանը և մեր կապերի զարգացմանը։ Որպես ամփոփում մեկ անգամ ևս նշեմ հիմնական պահերը. — Վրաստանի նոր արտաքին քաղաքականությունը, բացի այն, որ փորձում է ինտեգրվել արևմտյան քաղաքական կառույցներին՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերություների կարգավորման անհրաժեշտությունը, բնականաբար, պահանջում է աշխուժացնել գործընկերությունը Հայաստանի հետ, որը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ; — Ապակառուցողական ուժերի կողմից Աբխազիայի տարածքով անցնող Ռուսաստան-Վրաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերաբացման գաղափարին ակտիվորեն դիմակայելու համատեքստում անհրաժեշտ է աշխուժացնել հայկական դիվանագիտությունն ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի հանդեպ; — Ռուսաստանի հետ Վրաստանի երկաթուղային հաղորդակցության բացումն անհրաժեշտ և շահավետ է ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի համար։ Երկարաժամկետ հեռանկարում այդ հնարավորությունը շահավետ է նաև հենց Ռուսաստանին, ինչպես և Իրանին։ Ընդ որում, շահավետությունն ակնհայտ է նաև աբխազական կողմի համար, որի հետ պետք է վարել համատեղ բացատրական աշխատանք, համոզել, որ խոսքը զուտ տնտեսական նախագծի մասին է; — Ռուսաստանի և Վրաստանի մերձեցումը որևէ կերպ չի վերացնում Հայաստանի՝ որպես դաշնակցի, նշանակալիությունը Ռուսաստանի համար, ընդհակառակը, բարձրացնում է նրա աշխարհաքաղաքական դերը, երկիրը դուրս բերում անկլավային վիճակից և դարձնում լիարժեք դերակատար տարածաշրջանում; — Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու վերաբացման հետևանքով Ադրբեջանը որևէ կերպ չի հայտնվում մեկուսացման մեջ, ի հակակշիռ այն բանի, ինչ վերջերս «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց Միխայիլ Սաակաշվիլին։ Իրականում Ադրբեջանը պահպանում է դեպի Փոթի և Բաթում նավահանգիստներ, ինչպես նաև դեպի Թուրքիայի ցամաքային սահմաններ ունեցած ելքը, բացի այդ, լրիվ թափով ընթանում է Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարությունը, որը Վրացական երկաթուղու և վրացական նավահանգիստների մրցակիցն է; — Հայաստանը պետք է մեծ ուշադրություն հատկացնի ենթակառուցվածքային նախագծերին, նրա շահերից են բխում, ի թիվս այլ բաների, երկաթուղային հաղորդակցության կարգավորումն ու հուսալի ավտոճանապարհն Իրանի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ապրիլի 13, 2013

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here