ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՊԵՏՔ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ ԿԱՄ-ԿԱՄ ՍԽԵՄԱՅՈՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

0
329

Եվգենի Վինոկուրով Զարգացման եվրասիական բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ինտեգրացիոն ճամփաբաժանին հայտնված Հայաստանի ընտրության հարցը, «Արևելյան գործընկերության»՝ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի մոտենալուն զուգընթաց, էլ ավելի է սրվում։ Ինչպես հայտնի է, գագաթաժողովը կայանալու է ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին, և Հայաստանի իշխանությունները մտադիր են այդ միջոցառման շրջանակներում նախաստորագրել Ասոցիատիվ համաձայնագիր Եվրամիության հետ, որը ներառում է այսպես կոչված Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) մասին համաձայնագիրը։ Դրան զուգահեռ՝ դրված է նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին, որի լոկոմոտիվը Ռուսաստանն է, Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը։ Մասնավորապես, խոսքը Մաքսային միության՝ ապագա Եվրասիական միության նախահիմքի հետ Հայաստանի համագործակցության կամ այդ միություն մտնելու մասին է։ Կրակին յուղ է ավելացնում այն հանգամանքը, որ Ասոցիատիվ համաձայնագրի տեքստն առայսօր հրապարակված չէ, դա խոր գաղտնիք է։ Բուն Հայաստանում քաղաքական գործիչների և փորձագետների մեծ մասի շրջանում գերիշխում է այն կարծիքը, թե եվրոպական և եվրասիական ինտեգրումները չեն բացառում, այլ լրացնում են միմյանց։ Միևնույն ժամանակ, երկրի սահմաններից դուրս քչերն են հակված այս կարծիքին։ Երևանը պաշտոնապես փորձում է լռություն պահպանել այս առիթով՝ վճռականապես չհրաժարվելով Մաքսային միության (ՄՄ) գաղափարից և շարունակելով ավելի վաղ ստանձնած եվրաինտեգրման և DCFTA կնքման գիծը։ Հայկական կողմի հիմնական փաստարկը հնչում է այսպես. մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել։ Ի դեպ, կարծիք կա, թե Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը երկու տարբեր տնտեսական տարածքներում տեխնիկապես անհնար է։ Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը ИА REGNUM-ին տված հարցազրույցում ներկայացրել է իր նկատառումներն այս հարցի վերաբերյալ։ ИА REGNUM. Արդյո՞ք եվրասիական տարածքում արդեն ընթացող ինտեգրացիոն գործընթացների մասնակից երկրներն առհասարակ ցանկություն ունեն Հայաստանը տեսնել իրենք շարքերում։ Ներկայում ԶԵԱԲ Իտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը հայ գործընկերների հետ միասին հետազոտություն է անցկացնում՝ նվիրված Եվրասիական տնտեսական տարածքի (ԵՏՏ) և ընդհանրապես տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի ինտեգրմանը։ Այս աշխատանքի արդյունքները հետաքրքրում են թե՛ ռուսաստանյան, թե՛ հայկական նախարարություններին։ Զարգացման եվրասիական բանկի բաժնետերեր են տարածաշրջանի վեց երկրներ, ներառյալ Հայաստանը։ Ուստի, մենք շահագրգռված ենք, որպեսզի թեմայի կշռադատված և համարժեք վերլուծություն ապահովենք։ Հետազոտության շրջանակներում մենք ուսումնասիրում ենք երկրի կարճաժամկետ առևտրային ասպեկտները և ներդրումային պոտենցիալը, հանգամանալիորեն հետազոտում ենք երկարաժամկետ էֆեկտները, ՀՆԱ աճի հեռանկարը Հայաստանում։ Ուսումնասիրվելու են նաև աշխատանքային միգրացիայի հետ կապված բոլոր հարցերը, իսկ դա ինտեգրման կարևոր և հաջող բաղադրիչն է։ Աշխատանքի արդյունքները կներկայացվեն աշնանը։ Անգամ այս հետազոտական նախագծի աջակցությանն ուղղված պաշտոնական նամակներից և հարցումներից է երևում, որ շահագրգռություն կա։ Կա նաև երկու կողմերի՝ տնտեսական օգուտները և վնասները հստակ հասկանալու ցանկություն։ ИА REGNUM. Այսինքն՝ ՄՄ-ին և այդ կազմակերպությունում ընթացող գործընթացներին Հայաստանի մասնակցության հարցը միանգամայն որոշակիորե՞ն է քննարկվում։ Դրա համար լուրջ հիմքեր կան։ «Եվրասիական մոնիտորի» հետ միասին մենք խոշոր սոցիոլոգիական նախագիծ ենք իրականացնում՝ «ԶԵԱԲ ինտեգրացիոն բարոմետր», որի շրջանակներում անցկացվել է ներկայացուցչական հարցում Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում, մասնավորապես՝ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին պետությունների մասնակցության թեմայով։ Հայաստանի պարագայում հարցվածների 67%-ը կողմ է արտահայտվել, որպեսզի երկիրը միանա Մաքսային միությանը։ Ընդ որում՝ եվրասիական ինտեգրումը մերժողների տոկոսը շատ ցածր է։ Վստահ եմ, որ այստեղ դրական դեր են խաղում աշխատանքային միգրացիայի գործընթացները, հայերի ընտանեկան կապերը Ռուսաստանում։ Այս հիմքի վրա կարելի է կառուցել եվրասիական ինտեգրումը։ Դիտարկենք այն ներդրումները, որոնք արդեն գալիս են Հայաստան Մաքսային միությունից։ ՄՄ-ից միայն ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը վերջին տարիներին կազմել է $2 մոտ մլրդ։ Հայաստանում ներդրումների ընդհանուր ծավալի բաժնով Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը՝ 44%։ Այս թվերը շատ բան են վկայում, քանի որ պետության զարգացումը երկարաժամկետ հեռանկարում հիմնականում պայմանավորված է տնտեսական աճի որակով, իսկ երկարաժամկետ աճն առանց կապիտալի և նոր տեխնոլոգիաների՝ անհնար է։ Փաստորեն, ինտեգրացիան շահավետ է հայկական բիզնեսի համար, քանի որ կա ներդրումների պահանջ։ Ինտեգրման հեռանկարներն արժանանում են Հայաստանի բնակչության հավանությանը։ Դա պատկառելի հիմք է։ ИА REGNUM. Հայաստանում շատերը տրտնջում են, թե «ոչ ոք Հայաստանին Մաքսային միություն չի հրավիրում»։ Այս պնդումն ու իրականությունը որքանո՞վ են կապված։ Մաքսային միությունը, Միասնական տնտեսական տարածքը բաց ինտեգրացիոն խմբավորումներ են։ Տնտեսական ինտեգրումն, առաջին հերթին, հնարավորությունների պատուհան է Հայաստանի տնտեսության ավելի ակտիվ զարգացման և երկրի պոտենցիալի առավելագույն գործադրման համար։ Հայաստանն ինքն առաջին հերթին պետք է որոշի՝ դա օգտակա՞ր է իրեն, թե՞ ոչ, զարգացման ո՞ր ճանապարհով արժե գնալ։ ՄՄ և ՄՏՏ մտնելը նախատեսված է որոշակի արարողակարգերի շրջանակում՝ հայտ է ներկայացվում, ստեղծվում է աշխատանքային խումբ, մշակվում է ճանապարհային քարտեզ և այլն։ Հնարավոր են նաև ինտեգրման ու կոոպերացիայի այլ ձևեր, օրինակ՝ սեկտորալ նախաձեռնությունների շրջանակում։ Այստեղ շատ կարևոր է նաև վրացական ասպեկտը։ Վրաստանում, կարելի է ասել, այժմ տեկտոնական տեղաշարժ է կատարվում. եվրասիական ինտեգրմանն ու Մաքսային միությանը միանալուն հավանություն տվող մարդկանց տոկոսը վերջին տարվա ընթացքում ավելացել է՝ 30-ից հասնելով 59%-ի (նույնպես մեր «ԶԵԱԲ ինտեգրացիոն բարոմետրի» արդյունքներն են)։ Ռուս-վրացական հարաբերություններում նկատվող սկզբունքային տեղաշարժերը շահավետ են Հայաստանին և նպաստավոր՝ ՄՄ երկրների հետ ինտեգրման համար։ ИА REGNUM. Դուք ասացիք, որ մշակվում են տարբերակներ և սցենարներ։ Բայցևայնպես, ՄՄ-ին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին խոսակցություններն ընթանում են արդեն երկու տարի։ Հարց այս առիթով՝ որքանո՞վ կարող է Հայաստանն ինտեգրվել Մաքսային միությանը՝ հաշվի առնելով նրա տնտեսության, աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը։ Իհարկե, այստեղ նրբություններ կան։ Ներկայում Հայաստանն ընդհանուր մաքսային սահման չունի ՄՄ-ի հետ։ Հետևաբար, հատուկ կարևորություն է ձեռք բերում վրացական գործոնը։ Եթե խոշոր դրական փոփոխություններ տեղի ունենա ռուս-վրացական հարաբերություններում, դրանք հաջող հիմք կստեղծեն, որպեսզի Մաքսային միությանն ինտեգրվելու պոտենցիալը լիարժեք իրականանա Հայաստանում։ Հարկավոր է նաև հաշվի առնել, որ եթե Երևանը ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցիացիայի համաձայնագիրը և կաշկանդված լինի դրա դրույթներով, ապա Մաքսային միությունը, հավանաբար, ստիպված կլինի բացառություններ մտցնել ԱՊՀ Ազատ առևտր գոտում՝ իր շուկան պաշտպանելու նպատակով։ Բնականաբար, հայկական շուկայի գրավչությունը կտրուկ կնվազի։ ИА REGNUM. Ե՛վ Մոսկվայում, և՛ Բրյուսելում պնդում են, որ Հայաստանի համագործակցությունը երկու կենտրոնների հետ նրան սահմանափակիչ շրջանակների մեջ չի դնում։ Այսինքն՝ առնվազն կողմերից մեկը խորամանկում է։ Կան տնտեսական շահեր. եթե ստեղծվում է Եվրոպական միություն-Հայաստան ազատ առևտրի գոտի, իսկ վերջինը մտնում է ԱՊՀ ազատ առևտրի գոտու մեջ (Մաքսային միության բոլոր երկրներն են այնտեղ մտնում), նշանակում է՝ մենք ունենք մի ուղի, որով ԵՄ ապրանքները Հայաստանի միջով դուրս կգան ՄՄ շուկա։ Այսպես կոչված արգելափակման անհրաժեշտություն կծագի։ Սա բավական ուղղագիծ տնտեսական տրամաբանություն է։ Այդ պատճառով երկու աթոռին նստել, ըստ էության, անհնար է։ Տեսականորեն նման դասավորություն կարելի է ենթադրել այն դեպքում, եթե Մաքսային միությունն ազատ առևտրի գոտի ունենար ԵՄ-ի հետ, բայց այն առայժմ չկա։ Ուստի, հարցն այստեղ դրված է «կամ-կամ» տարբերակով. եթե ազատ առևտրի գոտի Եվրամիության հետ, ապա խնդիրներ ՄՄ-ի հետ առևտրում, և հակառակը։ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ կողմնորոշվեն և որոշեն ուր գնալ՝ հասկանալով, որ ցանկացած որոշում հետևանքներ է ունենալու։ ИА REGNUM. Ենթադրվում է, որ Մաքսային միությունը հենք է, որի վրա կառուցվելու է Եվրասիական միությունը։ Շատ փորձագետներ և վերլուծաբաններ վստահ են, որ Եվրասիական միությունը ծրագրվում է որպես ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական միավորում։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առհասարակ «Եվրասիական միություն» համադաշնային պետությունն անվանել է նախագծի զարգացման այլընտրանք չունեցող տարբերակ։ Հարցը շատ պարզ է. Եվրասիական միության նախագիծը զուտ տնտեսակա՞ն է, թե՞ ենթադրում է ինտեգրման ավելի բարձր աստիճան։ Քաղաքական, ռազմաքաղաքական։ Ներկայում Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը ձեռք են բերել կոնսենսուս, որ Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման ձև է, որը չի ենթադրում քաղաքական բաղադրիչ։ Տնտեսական ինտեգրման առումով դեռ հսկայական աշխատանք կա անելու՝ ավելի քան հիսուն համաձայնագրեր՝ ուղղված հիրավի միասնական տնտեսական տարածքի ստեղծմանը։ Զրույցը վարեց Էմիլ Բաբայանը http://www.regnum.ru [ http://www.regnum.ru/news/armenia/1689248.html ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here