ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՄՈՒՐՋ ԼԻՆԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ

0
474

Հարցազրույց ՀՀ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ http://168.am [ http://168.am/2013/09/14/275385.html ] — Պարոն Ղազարյան, Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ինչպե՞ս կփոփոխվի: — Ես մի քիչ չեմ հասկանում, որ հանրությունը նման գնահատականներով է մոտենում ՀՀ նախագահի հայտարարությանը և այս գործընթացի սկզբին: Որոշ աշխատանքներից հետո միայն պատրաստ կլինենք անդամակցելու Մաքսային միությանը և աջակցելու Եվրասիական միության տնտեսական դաշտի ձևավորմանը: Ինչո՞ւ չեմ հասկանում` 1991 թվականից, երբ քանդվեց ԽՍՀՄ-ը, և ձևավորվեց ԱՊՀ-ն, ՀՀ-ն եղել է ԱՊՀ բոլոր գործընթացների ակտիվ մասնակիցն ու կողմ է եղել ԱՊՀ շրջանակներում զարգացումներին: Ավելին` ՀՀ-ն անդամակցել է ՀԱՊԿ-ին՝ գիտակցելով իր ռազմաքաղաքական շահերը, և այնտեղ ՀՀ-ն օրինակելի անդամ է թե’ իր ցուցանիշներով, թե’ զինավարժություններին մասնակցությամբ: Որպես ԱՊՀ անդամ, ըստ էության, այսօր գործող ՄՄ-ի ռեժիմին շատ նման իրավական դաշտում ենք աշխատել: ԱՊՀ տարածքում մաքսատուրք չկա, զրո է: 22 տարի անկախության ընթացքում մեր տնտեսության կառուցվածքը, ենթակառուցվածքներն ինտեգրացվել են ԱՊՀ տարածքի հետ, հատկապես երբ խոսում ենք ՀՀ արդյունաբերության ճյուղերի մասին, որոնք ունեն արտահանման ներուժ, այդ արտահանումն իրականացվում է ԱՊՀ տարածք, մեծ մասամբ` ՌԴ: Այսօր ՀՀ-ի արտահանման 1/3-ը բաժին է ընկնում ԱՊՀ տարածքին, 1/3-ը` ԵՄ-ին, 1/3-ը` մնացած ամբողջ աշխարհին: Բայց ԱՊՀ տարածք արտահանվող 1/3-ը տնտեսության այն ճյուղերն են, որոնք ունեն խոշոր սոցիալական նշանակություն՝ գյուղատնտեսական վերամշակված մթերքները: Եվ դրանք մրցունակ են առաջին հերթին ԱՊՀ տարածքում: Դեպի ԵՄ արտահանվում է մեծ մասամբ հանքանյութ, որը հիմնականում եվրոպական կազմակերպություններն են գնում, մի մասն արտահանում են եվրոպական ձուլարաններ, մի մասը տանում են Չինաստան: Այսպիսով՝ մենք արդեն տնտեսապես էապես ինտեգրացված ենք ԱՊՀ տարածքի հետ: Ոչ միայն մեր էներգակիրները՝ գազը և ԱԷԿ-ի վառելիքն են ՌԴ-ից գալիս, ոչ միայն մեր երկաթուղին կառավարում է ռուսական երկաթուղին, գազատարի 80%-ը «Ռուսգազարդինն» է, ընդհանրապես` տնտեսության զարգացման տրամաբանությունը կապված է ՌԴ-ի հետ, որի համար պայքարում է ամբողջ աշխարհը՝ և’ ԱՄՆ-ը, և’ Եվրոպան: Զարմանում են, թե ինչու մենք մտանք ՄՄ կազմի մեջ: Ես մտածում եմ՝ իսկ ինչո՞ւ շուտ չմտանք: Օրինակ` ես ինքս, որպես գործարար, միշտ ջատագով եմ եղել, որ հնարավորինս շուտ մտնենք այդ միության կազմի մեջ: Հիմա հակառակորդները փորձում են հասարակական կարծիքները հակադրել, որ մենք «կամ-կամ» արեցինք, գնացինք ՄՄ և մոռացանք ԵՄ-ն: Մենք նոյեմբերին Վիլնյուսում ընդամենը պետք է նախաստորագրենք Ասոցացման համաձայնագիրը: Հայաստանը շարունակելու է տանել աշխատանքներ ԵՄ-ի հետ խորը ինտեգրման ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Հիմա մեզ կհաջողվի՞ այս պարագայում պահպանել նույն իրավական ռեժիմը, ազատ առևտրի՞ ռեժիմ կստանանք, թե՞ սահմանափակում կլինի, դա բանակցային գործընթացը ցույց կտա: Ես համոզված եմ, որ մենք լինելու ենք բացառիկ, ունիկալ դեպք: Ուկրաինա-Մոլդովա-Հայաստան մի հարթակի վրա չեն կարող լինել մի քանի պատճառով. Նախ՝ մեր աշխարհաքաղաքական իրավիճակն ամենաբարդն է, սահմանները փակ են. սա շատ կարևոր է, մենք, ի տարբերություն այդ երկու հանրապետությունների, վարել ենք կոմպլեմենտար քաղաքականություն: Եվ ես միտք եմ առաջ քաշում՝ իսկ գուցե մենք այստեղ իրո՞ք դառնանք այն կամուրջը, որով ԵՄ-ի և ՄՄ-ի շուկաներն ավելի հեշտ կինտեգրվեն, քանի որ այստեղ զուտ գաղափարախոսական հակասություն է, ուրիշ բան չկա: Ես վստահ եմ, որ ԵՄ պաշտոնական վերջնական կարծիքը բանակցային գործընթացում լինելու է այլ, քան այսօր պաշտոնյաները կտրուկ հայտարարում են՝ «մոռացեք մեզ»: — Ի՞նչ կտա մեզ Մաքսային միությունը, չէ՞ որ արդեն 0-ական մաքսատուրքով ենք աշխատում ԱՊՀ երկրների հետ: — Մտնելով այդ միության մեջ՝ Հայաստանը, հատկապես տնտեսապես, խիստ շահելու է: Ինչո՞ւ: Այն ռեժիմներից, որ այսօր օգտվում ենք՝ մաքսատուրքից ազատված ենք: Այս գործընթացների արդյունքում հեշտանալու են ապրանքների, կապիտալի, աշխատուժի հոսքն այդ շուկաներ և նրանցը՝ մեզ մոտ: ՄՄ ամբողջ տարածքում մաքսային գործընթացները հեշտանալու են: Ես վստահ չեմ, որ եթե մի քանի տարի անցներ, ապա անդամակցությունը կլիներ նույն ձևով: Հնարավոր է՝ նույնիսկ ԱՊՀ անդամ երկրի համար մաքսատուրքեր սահմանվեն, և նոր ռեժիմներ գործեն: Սա անցումային փուլ է: Էլ չեմ ասում, որ ՌԴ Ֆիտոսանտիարիայի գործակալությունը մի հրամանով կարող է կանգնեցնել մի ոլորտի արտահանում, ինչպես, օրինակ, անցած տարի եղավ ձկնաբուծության հետ: Այժմ դա հիմքից բացառվում է, ինչը լուրջ երաշխիք է այդ ճյուղերի զարգացման համար: Ուկրաինան ԱՊՀ անդամ է, բայց պարզվեց, որ նրանց շոկոլադն անորակ է, իսկ դա լուրջ արտահանում էր: Ի վերջո, տնտեսական լծակներն օգտագործվելու են քաղաքական շահերի համար: Աշխարհն է այդպիսին. շուկաների համար կռիվը մշտապես լինելու է: Անցած շաբաթ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ ՄՄ կոմիտեի պաշտոնյաները փորձում էին տեխնոլոգիական գործընթացների մասին տեղեկացնել բիզնես հանրությանը: Մշակվելու են չափորոշիչներ, որոնք արդեն իսկ պատրաստ են, քանի որ մենք և ՌԴ-ն ԱՀԿ անդամ ենք: ՄՄ-ը որոշ ապրանքատեսակների նկատմամբ մի փոքր ավելի խիստ մոտեցում ունի, և շատ լավ է, որ մենք մեր դաշտը կնույնականացնենք, քանի որ վաղը կարող է արթնանալ մի չինովնիկ ու ասել, թե հայկական խաղողի այս բերքի մեջ պեստիցիդների քանակը մեծ է և մենք չենք կարողանա արտահանել ո´չ խաղող, ո´չ գինի և ո´չ էլ կոնյակ, որ այդ խաղողից ստացվել է: Սրանով մենք ապահովում ենք մեր կայուն արտահանումը այլ զարգացող շուկա, ինչը խիստ կարևոր է: Մենք սկսելու ենք ՄՄ տարածքից հումքը, մեքենասարքավորումները և էներգակիրները ձեռք բերել ներքին շուկայական գներով, դիզվառելիքը կամ բենզինը՝ առանց արտահանման 30% տուրքի, ռազմավարական նշանակություն ունեցող ցորենը և այլն: Քանի որ ցամաքային սահման չկա, ՀՀ և ՌԴ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ բացվի աբխազական երկաթգիծը, որը մեր տնտեսության համար լրացուցիչ թոքերի դեր կունենա: Ես խիստ կասկածում եմ, որ եվրոպական շուկայում մեզ սպասում են գրկաբաց, որովհետև այնտեղ մրցակցությունը մի քանի անգամ բարձր է, և կա ներքին պրոտեկցիա՝ գյուղատնտեսությունը սուբսիդավորվում է: — Մտավախությունն չունե՞ք, որ եվրոպական ներդրումները մեր երկրում կպակասեն: — Չեմ կարծում, որ էականորեն պակասեն, որովհետև մենք այդպիսի մեծ ներդրումներ չենք էլ ակնկալել նրանցից: Մեր շուկան մի փոքր սահմանափակ դիտարկելով՝ եվրոպական խոշոր խաղացողները չեն հայտնվել այստեղ, իսկ ովքեր աշխատում են, ճամպրուկները չեն վերցնելու- գնան: Մեծ խնդիր չեմ տեսնում: — Ընդհանուր սահմանի բացակայությունն այլևս խնդիր չէ՞, Վրաստանը խոչընդոտներ չի՞ հարուցի: — Վրաստանը տարիներ առաջ Սահակաշվիլու նախաձեռնությամբ ԱՊՀ-ից դուրս եկավ՝ դուռը շրխկացնելով: Այդ օրվանից մեր բեռների տարանցումը Վրաստանի տարածքով չի բարդացել, այլ մի բան էլ հեշտացել է: Մենք հաջողությամբ Վրաստանի հետ երկկողմանի պայմանագրերով շատ նորմալ ռեժիմից օգտվում ենք, և ես չեմ կարծում, որ այստեղ պետք է էապես բան փոխվի: Զուտ մաքսային տեխնոլոգիաների, ձևակերպումների հարցն է, որ մենք վրացիների՝ մեր լավ հարևանների հետ երկկողմանի հարաբերությունները կպահպանենք, և խնդիր չի լինի այդ տարածքն անցնելը: — Ի՞նչ թանկացումներ կլինեն: — Մեզ մոտ մի քիչ շատ են խոսում՝ վրացիները մեզ թանկ տրանզիտ են ապահովում, քանի որ այլընտրանք քիչ ունենք, մեր բեռների տարանցման համար ավելի շատ ենք վճարում… Ո´չ: Վրացական ճանապարհը վաղուց ազատվել է ապօրինի ծախսերից, որ վճարվում էր ժամանակին, հիմա բավականին կանոնակարգված է ամեն ինչ: Երկաթուղային փոխադրման վճարը 1 կմ համար նույնն է թե´ Հարավկովկասյան, թե Վրացական երկաթուղում: Թանկացումների միտում ես չեմ տեսնում: — Հաշվարկներ ունե՞ք, թե առանձին ապրանքների գծով ինչ թանկացումներ են սպասվում: Ըստ որոշ տնտեսագետների՝ ՄՄ անդամակցությունից հետո Եվրոպայից մեքենաների ներկրումը կթանկանա 4-5 անգամ: — Հաշվարկներ չունենք, բայց ինչո՞ւ պիտի թանկանա: Ես չգիտեմ՝ վաղը անդամակցելուց հետո մաքսատուրքերի ինչ մեխանիզմներ են կիրառվելու ներկրվող մեքենաների վրա, բայց ի՞նչ է՝ այսօր էժա՞ն են մաքսատուրքերը: Մենք բավականին լուրջ հարկեր ենք վճարում, ավելին՝ երկրորդ տարին է՝ ճոխության հարկ ունենք թանկարժեք մեքենաների վրա: Ինչ մաքսատուրքեր կլինեն՝ ժամանակը ցույց կտա և մեր բանակցային գործընթացը, թե ինչքան հմուտ կբանակցենք և ինչ հատուկ ռեժիմներ կմշակենք մեր առանձնահատուկ տարածքի համար, որն իրոք նաև սահման չունի և միջնորդավորված երկրներով՝ Վաստանով, Իրանով, Կասպից ծովով ենք անցնելու: Մենք այնքան փորձառու ենք որպես պետական մեխանիզմ, որ չեմ կարծում, թե ամեն ինչ կտրուկ կթանկանա: Կարծում եմ՝ խնդիրը հասարակական կարծիքն է, որ պատրաստ չէինք, այսքան ժամանակ խոսվում էր ԵՄ Հարևանության ծրագրի, Ասոցացման համաձայնագրի մասին: Այլապես պետք է ողջունեինք ու ազգովի ուրախանայինք, որ մի լուրջ համակարգում ինտեգրումը խորացնում ենք: Բայց մարդկանց մոտ տպավորություն է, որ մենք վատ վիճակի ենք գնում՝ Խորհրդային միությունը վերադարձավ, բոլշևիկյան կոմկուսները կվերականգնվեն, և մենք կսկսենք վատ ապրել: Ոչ, այդպես չէ: Մենք սկսելու ենք տնտեսապես ավելի բարձր ազդեցություն զգալ, իսկ այն հանգամանքը, որ սա ռազմաքաղաքական առումով մեր թիվ 1 երաշխիքն է, կասկածից վեր է: ՄՄ անդամ դառնալով և լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանի անվտանգության մակարդակն է 1 աստիճանով բարձրանում, և վատթարագույն սցենարի դեպքում ՀԱՊԿ միջամտությունն ավելի ռեալ է դառնում: — Ասացիք, որ մեքենասարքավորումները ՌԴ-ից ավելի էժան կներկրվեն, բայց առաջատար տոխնոլոգիաներն Արևմուտքում են, իսկ Ռուսաստանն ինքը դրանց կարիքն ունի: — Մենք շուկայական թեժ «մրցակցային» տնտեսություն ենք, Հայաստանում մասնավոր հատվածը «շատ ակտիվ» է աշխատում, «օդի մեջ մի նորություն՝ բերում է»: Ոչ ոք չի պարտադրելու որևէ մեկին ինչ-որ տեղից ինչ-որ մի բան բերել: Եթե շահավետ կլինի ինքնարժեքի ու որակի առումով, կներկրենք դրանք, եթե ոչ, կներկրենք ուրիշ երկրից` Չինաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Թուրքիայից, ինչպես որ արվում է: — Այժմ շատերը Հայաստանն անվանում են երկրորդ Կալինինգրադ: Համեմատության եզր տեսնո՞ւմ եք: — Դա պարզունակ համեմատություն է: ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և, ՄՄ մտնելով, ինքնիշխանության ոչ մի տարր չի պակասում: Մաքսային վարչարարության գործառույթների մի քանի ֆունկցիա մենք օտարելու ենք, տանք կենտրոնական մարմնին (գործելու է Մոսկվայում), որտեղ ունենալու ենք մեր նախարարը: Կոմիտեում որոշումներ կայացվում են կոնսենսուսով: Ինչպե՞ս կարելի է անկախ, ինքնիշխան պետությունը համեմատել ռուսների ասած «անկլավի» հետ: Կալինինգրադը ՌԴ-ի մի մասն է, թեև շփվում են միայն ծովով` լաստանավերի քանակն են ավելացրել, որ ծովով կապ ունենան: Ի՞նչ համեմատություն մեր ու նրանց միջև: — Ռուս պաշտոնյաներից մեկն էլ Հայաստանն էր անվանել «անկլավ»: — Այդ պաշատոնյաները խորհրդային կարծրատիպի կրողներ են, որոնց թվում է, թե ոչինչ չի փոխվել, մի քիչ էլ կայսերապաշտական և շատ պրիմիտիվ սայթաքումներ են անում, որ պատիվ չի բերում ռուսական պետության ու հայ-ռուսական միջպետական հարաբերություններին: — Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի պատրաստած «Մաքսային միություն և հարևան երկրներ. փոխշահավետ գործընկերության մոդելներ և գործիքներ» զեկույցում նշվում է, որ ՄՄ անդամների համար կբացվի Հայաստանի հանքային ռեսուրսների, պետական գնումների շուկան: Ձեր գնահատականը. տեղական արտադրողին ու հանքագործությանն ի՞նչ է սպասվում: — Ընդհանրապես, ՌԴ կամ ՄՄ պետական գնումների շուկան մեր տնտեսության որ ճյուղի համար էլ որ բացվի, բավականին մեծ պոտենցիալ է, և մենք հաճույքով կմասնակցենք, եթե կարողանանք մրցակցային գներ առաջարկել: Վերջին տարիներին այնտեղ իրոք թափանցիկ էլեկտրոնային մրցույթներ են անցկացվում, ինչը շատ լավ է: Թող մեր ձեռնարկություններն ունենան մուտք դեպի այդ հրավերները: Հանքարդյունաբերությունը պետք է բաժանել մի քանի մասի: Եթե խոսքը պղնձի, մոլիբդենի արտադրության ու արտահանմանն է վերաբերում, այստեղ ՀՀ-ի մի քանի հանքեր ոչ մի խնդիր չունեն: Խնդիրն ավելի շատ արտադրելն է: Քաջարանի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատների օրինակով տեսնում ենք, որ տարեցտարի ավելի շատ ներդրումներ են անում, քանակն ավելացնում են, խտանյութի բաղադրությունը՝ մեծացնում, և ոչ մի գրամ փոշի չի մնում: Այստեղ խնդիր չունենք: Բայց հանքարդյունաբերության մեջ ունենք պեռլիտ, դիատամիդ, շինարարական և դեկորատիվ քարեր, որոնց շատ մեծ պաշարներ կան, և ձեռնարկություններ կան, որ իրենց հզորության 10%-ով են աշխատում: Եթե այս ուղղության մասին է խոսքը, ես ուրախ կլինեմ, որ այդ շուկաներում մենք կարողանանք արտահանումն ավելացնել: Իսկ եթե խոսքը նոր հանքերի բացման, ռուսական կապիտալի ավելի համարձակ մուտքի մասին է, լավ է. ցանկացած կապիտալի մուտք, եթե գալիս է լավ գործ անելու, լավ է. մենք էթնիկական կապիտալի ծագման առաջ երբեք փականք չէինք դնում, նույնիսկ ժամանակին թուրքական կապիտալի առաջ չէինք դնում: — Դեպի Եվրոպա հանքանյութի արտահանման ճանապարհը չի՞ բարդանա: — Ոչ, բացարձակապես չի բարդանա, որովհետև այսօր էլ դրանք ազատ քվոտաներից, ոչ մի մաքսատուրքի էժան ռեժիմներից չեն օգտվում և հաջողությամբ արտահանվում են: Եթե հաջողվի կրկնապատկել հանքարդյունաբերությունը, մենք այդ հաջողությամբ էլ կրկնապատկված ծավալով կարտահանենք միջազգային շուկա, որտեղ գնորդները գլուխ են ջարդում: — Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ընտրվեց ՄՄ-ին լիիրավ անդամությունը, եթե հնարավոր էր կնքել Միասնական տնտեսական տարածքին միանալու պայմանագիր` առանց լիիրավ անդամակցելու: — Ընդհանրապես, ես կարծում եմ, որ կիսատ-պռատ բաները անեփ են: Եթե ինչ-որ մի տեղ մտնում ես խաղի մեջ, պետք է մտնես խաղի կանոնները, քո իրավասությունները, պարտականությունները վերջնականորեն ամրագրած և համարձակ: ՀՀ-ն այդպիսին է ցույց տվել իրեն Խորհրդային միության փլուզումից հետո` պատվաբեր, եղել է հավասար, լիարժեք անդամ բոլոր ինտեգրացիոն կառույցներում, ինչպես նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում: Հարցազրույցը՝ Գայանե Խաչատրյանի «168 ժամ», թիվ 86 (1003), 19-20 սեպտեմբերի, 2013թ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here