ՍՈՑ. Գ. Թ., ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԺՈՂՈՎՈՒՄ (Երևան, 19 հոկտեմբերի 2013թ.)

0
370

Սկզբում եկեք հիշենք այսօրվա գործընթացների հանդեպ Հայաստանի հանրության վստահության մակարդակը. Հայաստանի բնակչության 86%-ը դրականորեն է վերաբերվում այն բանին, որ Հայաստանը միանա Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը։ Այն հետազոտողների համար, ովքեր վերջին տարիներին հետևել են հանրային գիտակցության փոփոխություններին, այս թիվն անսպասելի չէր։ Ուստի, եկեք, ելնելով այդ 86%-ից, ընդլայնենք վերլուծության դաշտը. իսկ ի՞նչ էր տեղի ունենում Հայաստանում 10 (և ավելի) տարի շարունակ։ Մենք բոլորս գիտենք, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ավելի քան 20 տարվա ընթացքում շատ ուժեղ ներգործություն կար բոլոր հանրապետությունների վրա։ Թե՛ պետության, թե՛ զանգվածային լրատվամիջոցների, թե՛ քաղաքացիական հասարակության վրա, որն արվում էր այն բանի համար, որպեսզի փլուզվի քաղաքակրթական, մշակութային այն տարածքը, որը դարեր շարունակ ձևավորվել էր այս մեծ տարածքում։ Այն, ինչ հիմա կասեմ, հիմնված է ավելի քան տասը սոցիոլոգիական հետազոտությունների վրա, որոնք անցկացվել են Հայաստանում։ Հայաստանի ռուսամետ կողմնորոշումն առնվազն 2004 թվականից առայսօր եղել է հետևյալը. Հայաստանում բնակչության ավելի քան 80%-ը՝ 80-85%-ը, միշտ ռուսամետ կողմնորոշում է ունեցել։ Ուստի, այդ 86%-ը պատահական չէ։ Այժմ ավելի ընդլայնենք հետազոտության դաշտը. իսկ ի՞նչ էր տեղի ունենում Անդրկովկասում, այն է՝ Վրաստանում և Ադրբեջանում։ Այն, ինչ կասեմ ձեզ, հիմնված է սոցիոլոգիական հետազոտությունների ավելի քան 20 տվյալների շտեմարանների վրա, որոնցից 10-ն անցկացվել է Վրաստանում, 10-ը՝ Ադրբեջանում։ 2004 թվականից հետո, ընդհուպ մինչև վրաց-օսական պատերազմը, ռուսամետ կողմնորոշումը Վրաստանում շատ բարձր մակարդակի վրա էր։ Չեք հավատա, բայց վրացական ողջ հանրության 75%-ը ռուսամետ կողմնորոշում ուներ։ Դա նշանակում է, որ այդ հասարակությունում նույնպես կային հզոր քաղաքակրթական շերտեր, որոնք, չնայած ավելի քան 15-ամյա պատմությանը (ես խոսում եմ 90-ական թվականների և 2000-ականների սկզբի մասին), չկարողացան փոխել վրացական հասարակության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Հարկ է նշել, որ Վրաստանում անհամեմատ ավելի հզոր էին արևմտյան ազդեցությունները, որպեսզի կարողանային փոխել հանրային կարծիքը, էլ ավելի ինտենսիվ էր ձևավորվում նոր՝ արևմտամետ էլիտան։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 2008թ.։ Վրաց-օսական պատերազմից հետո տեղի ունեցավ հետևյալը. ռուսամետ բնակչության տոկոսը կտրուկ նվազեց։ Շատ վրացիներ սկսեցին նախընտրել ՆԱՏՕ և հենց Միացյալ Նահանգներ, այլ ոչ թե Եվրամիություն կողմնորոշումը։ Սակայն պետք է նշել մի շատ կարևոր բան։ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո սոցիոլոգիական հետազոտություններ են անցկացվել հոկտեմբերին։ Պարզվեց, որ վրացիների ավելի քան 50%-ը դադարել էր իր վերաբերմունքն արտահայտել արտաքին քաղաքական կողմնորոշումներին։ Ի՞նչ է նշանակում սա։ Սա նշանակում է, որ Վրաստանում տեղի էր ունեցել հանրային գիտակցության բեկում և ի հայտ էր եկել շատ ուժեղ կոգնիտիվ դիսոնանս։ Եվ ահա, ավելի հանգամանալի վերլուծությունը ցույց տվեց, որ վրացիների մոտավորապես 25%-ը չի պատասխանել արտաքին քաղաքական կողմնորոշումների հետ կապված հարցերին հենց այն պատճառով, որ դա ընդունված չէ, որովհետև հանրային-տեղեկատվական դաշտը նրանց թույլ չի տալիս անել դա։ Եվս 20-25%-ը չէր հասկանում, թե ինչ է կատարվում և չէր կարողանում կողմնորոշվել՝ ով է բարեկամ և ով՝ թշնամի Վրաստանի համար։ Մյուս ցուցիչները ցույց էին տալիս, որ խոսքի ազատությունը Վրաստանում կտրուկ նվազել էր, վրացիների 50%-ը սկսել էր այդպես պատասխանել, որովհետև Վրաստանում մարդիկ հնարավորություն չունեն ազատ արտահայտելու իրենց կարծիքը։ Նշենք հետևյալը. 2007թ. նախագահ Սաակաշվիլու վարկանիշը 2004թ. 85%-ից ընկել էր մինչև 28%-ի։ Դա աղետալի անկում էր։ Պատերազմից անմիջապես հետո նրա վարկանիշը բարձրացավ մինչև 52%-ի։ Եվ ի՞նչ սկսեց կատարվել 2008 թվականից մինչ օրս։ Վրաստանում վախն աստիճանաբար տեղի տվեց, և ռուսամետ կողմնորոշումը սկսեց աճել։ Այդ աճը 2012թ. հասավ մոտավորապես 35-40%-ի, և դա շարունակվում է։ Թե ուր կարող է հասնել այդ աճը՝ առայժմ հայտնի չէ։ Եվ ինչն է շատ կարևոր. այն բանից հետո, երբ Իվանիշվիլին հայտարարեց իր քաղաքական մտադրությունների մասին, կրկին կտրուկ ընկավ Սաակաշվիլու վարկանիշը՝ մինչև 30%։ Ավելի վատ եղել էր միայն պատերազմից առաջ։ Թե ինչ տեղի կունենա այսուհետև՝ շատ հետաքրքիր է, և կարելի է կանխատեսել հետևյալը, որ վրաց-ռուսական հարաբերությունների սերտացումն էլ ավելի կնպաստի Վրաստանում ռուսամետ կողմնորոշումների վերականգնմանը։ Իսկ ի՞նչ էր տեղի ունենում Ադրբեջանում։ Պետք է ասել, որ վրաց-օսական պատերազմից հետո նույնը կատարվում էր նաև Ադրբեջանում։ Եթե Ադրբեջանում մինչև 2008թ. ռուսական և թուրքական կողմնորոշումները մրցակցում էին, ընդ որում՝ ռուսականն անհամեմատ ավելի բարձր էր, քան թուրքականը (Ադրբեջանի բնակչության 38-40%-ը կողմ էր Ռուսաստանի և միայն 20-25%-ը՝ Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական ինտեգրմանը), ապա պատերազմից հետո այդ հարաբերակցությունը կտրուկ փոխվեց։ Թուրքամետ կողմնորոշումը կտրուկ աճեց, և որ կարևոր է, Ադրբեջանում նույնպես կոգնիտիվ դիսոնանս առաջացավ, կրկին բնակչության գրեթե 50%-ը դադարեց պատասխանել այն հարցին, թե արտաքին քաղաքական որ կողմնորոշումն է ավելի շահավետ՝ ռուսամե՞տը, թուրքամե՞տը, թե՞ եվրոպական-ամերիկյանը։ Այստեղ գործընթացներն Ադրբեջանում և Վրաստանում արմատապես տարբերվում են։ 2008թ. հետո սկսեց կտրուկ նվազել ռուսամետ կողմնորոշումն Ադրբեջանում, այսինքն՝ պատերազմը բեկում առաջացրեց հանրային գիտակցության մեջ, և 2012թ. արդեն Ադրբեջանի բնակչության 95%-ն էր կարծում, թե զարգացման թուրքական ուղղությունն իրենց համար ամենակարևորն է։ Երկար չեմ պատմի, թե այս ամենից ինչ է հետևում, որովհետև վստահ եմ, որ այստեղ ներկա գտնվողները բոլորն էլ կարող են ինքնուրույն գնահատել այն, ինչ տեղի ունեցավ Անդրկովկասում։ Սա՝ այն դեպքում, երբ մենք ընդլայնեցինք վերլուծության դաշտը մինչև Անդրկովկաս։ Եկեք այժմ նեղացնենք վերլուծության դաշտը. կրկին վերադառնանք Հայաստան։ Հայաստանում վերջին 15 տարիներին երկու ծավալուն սոցիոլոգիական հարցում է անցկացվել՝ 1997թ. և 2011թ.։ Ահա այդ հետազոտությունների տվյալների շտեմարանների վերլուծության հիման վրա կարելի եղավ վեր հանել նաև Հայաստանի հանրության կողմնորոշումը՝ սոցիալ-տնտեսական տարբեր հարաբերությունների առումով։ Ըստ 2011թ. տվյալների շտեմարանի վերլուծության՝ հայկական հասարակությունը կարելի է բաժանել հինգ դասի։ Առաջինն այն մարդիկ են, ովքեր սոցիալիզմի՝ խորհրդայինի տիպի, կողմնորոշում ունեն։ Առաջին խումբը մոտ 20-25% է կազմում, երկրորդ խմբի (մոտավորապես 28%) կողմնորոշումը, այսպես կոչված, մրցողական սոցիալիզմն է, այսինքն՝ այն սոցիալիզմը, որտեղ մրցողականությունը սոցիալ-տնտեսական հարաբերությունների բաղադրիչ է հանդիսանում։ Եվ այս խումբն ամենամեծն է հայկական հանրությունում։ Երրորդ խումբը կարելի է անվանել մարգինալների՝ ամբողջ հասարակության մակաբույծների խումբ։ Սրանք մարդիկ են, ովքեր կարծում են, թե իրենք, առհասարակ, չպետք է աշխատեն, իսկ պետությունը պետք է ինչ-որ կերպ պահի իրենց։ Եվ նրանք փորձում են իրենց պահվածքով այնպես ներդրվել հասարակության մեջ, որ ունենան նվազագույն պարտավորություններ և առավելագույնը, ինչ կարող են ստանալ հասարակությունից, ընդ որում՝ աշխատանքը նրանց համար արդեն բարձր գերակայություն չէ։ Չորրորդ խումբն ամենասակավաթիվն է՝ 17-18%, որոնք լիբերալ վերաբերմունք ունեն սոցիալ-հասարակական հարաբերությունների հանդեպ։ Եվ կա մարդկանց 20%-ոց խումբ, որոնց ոչ մի կերպ հնարավոր չէ դասակարգել։ Այն պատճառով, որ շատ դժվար է կողմնորոշվել, թե ուր է գնում Հայաստանը։ Այս ամենը վկայում է այն մասին, թե ինչ սոցիալ-տնտեսական հարաբերություններ կարող են ընդունելի լինել հայկական հասարակության համար։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here