ԵՊՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ, Ք.Գ.Դ.ԱՇՈՏ ԵՆԳՈՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԺՈՂՈՎՈՒՄ (Երևան, 19 հոկտեմբերի 2013թ.)

0
397

Ես կարծում եմ, որ ահա այսպիսի արդյունավետ բանավեճերի միջոցով է կարելի գտնել ինտեգրման հարցերի լուծման նոր, ավելի արդյունավետ մոտեցումներ։ Սակայն կուզենայի մի փոքրիկ ակնարկ անել այն մասին, թե ում ինչ է շահավետ։ Ես չեմ կարծում, թե այն պատճառով, որ էներգակիրներն ավելի էժան են լինելու, մենք շահելու ենք և կարողանալու ենք բարձրացնել աշխատավարձը։ Մեր օգուտն այլ բանի մեջ է։ Նախ՝ մենք պետք է լրջորեն մտածենք մրցունակության մասին։ Ես չեմ կարծում, որ եթե հիմա մենք մեկս մյուսին միայն գովաբանենք, դրանից ինտեգրացիան կշահի։ Ընդհակառակը, մենք պետք է փորձենք օբյեկտիվորեն ախտորոշել, թե ինչ արատներ կան մեր երկրներում և փորձենք փուլ առ փուլ հաղթահարել այդ դժվարությունները։ Չէ՞ որ մենք տնտեսական զարգացման մեջ ընդհանուր բաներ ունենք՝ սկսած կոռուպցիայից և վերջացրած այլ խոչընդոտներով։ Ահա, տառացիորեն մեկ ժամ առաջ միջազգային գիտաժողով էր անցկացվում, որտեղ մենք պատիվ ունեցանք լսելու Տարոն Աջեմօղլուին։ Շատ հայտնի տնտեսագետ է, ներկայացված Նոբելյան մրցանակի։ Եվ հենց այս տարածաշրջանից չլինելով՝ նա հիանալի ներկայացրեց հետխորհրդային երկրների տնտեսական խնդիրները։ Մեզ հարկավոր է, ըստ իս, մեր ուշադրությունը կենտրոնացնել հենց այդ խնդիրների վրա։ Ձևաչափը մեզ համար ընդունելի է. միանգամայն բնական է, որ մենք եղել ու լինելու ենք Ռուսաստանի հետ։ Այստեղ կասկածներ լինել չեն կարող։ Բայց ինչպե՞ս այդ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնել։ Մեզանում առասպել կա այն մասին, թե կա Մաքսային միություն։ Բայց եթե զուտ տնտեսական դիրքերից մոտենանք, ապա այն դեռ չի կայացել։ Եկեք անկեղծ լինենք։ Չի կայացել այն ձևով, որը կարող է արդյունավետ լինել բոլոր կողմերի համար։ Դեռևս հարցեր կան Ռուսաստանի և Ղազախստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև, դրանք հեշտ հաղթահարելի չեն։ Բայց եթե մենք այստեղ ներառենք հրապուրիչ տնտեսական մեխանիզմներ և դրանք հետաքրքիր դարձնենք ոչ միայն Հայաստանի, այլև հետխորհրդային մյուս երկրների համար, ապա այստեղ, իհարկե, օգուտ կա։ Իմ կարծիքով (գուցե ես սխալվում եմ)՝ հետխորհրդային երկրներից ոչ մեկն առայժմ չի կողմնորոշվել, թե բացի բնական ռեսուրսներից էլ ինչով են արտահայտվում մրցակցային առավելություններն այդ երկրների համար։ Եվ եվրոպական ինտեգրացիան, գուցե, օգնի թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանին, թե՛ մյուս երկրներին՝ ունենալ ավելի բարձր չափորոշիչներ և փորձել դրանք իրականացնել համատեղ։ Վաղ թե ուշ մենք պետք է ինտեգրվենք տարածաշրջանում, հետո արդեն մրցակցել մյուսների հետ կամ էլ մտնել, գուցե, ինտեգրացիոն այլ միություններ։ Որովհետև կա մի ճշմարտություն. ոչ մի երկիր աշխարհում չի կարող գտնել իր տեղը համաշխարհային տնտեսությունում, եթե ինտեգրված չլինի տարածաշրջանում։ Այնպես որ՝ մեզ մեծ, դժվարին աշխատանք է սպասվում, և մենք պետք է պատրաստ լինենք դրան։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here