ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԱՃՆ ԷԱՊԵՍ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՆՐԱ՝ ՄՄ-Ի ԵՎ ԵՄ-Ի ՄԻՋԵՎ ԿԱՊՈՂ ՕՂԱԿԻ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

0
351

Նոյեմբերի 12-13-ին Մոսկվայում տեղի ունեցավ Զարգացման եվրասիական բանկի VIII միջազգային գիտագործնական կոնֆերանսը՝ «Եվրասիական ինտեգրման խորացումը և ընդլայնումը» թեմայով։ Համաժողովի մասնակիցները երկու օրվա ընթացքում քննարկեցին եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման հարցերի բավական լայն շրջանակ, ինչպես նաև Մաքսային միության ընդլայնման և եվրասիական տնտեսական միության ձևավորման հեռանկարները։ Կոնֆերանսի արդյունքների հիման վրա ստորագրվեց Հուշագիր Զարգացման եվրասիական բանկի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համագործակցության մասին։ Ի՞նչ կտա Հայաստանին ինտեգրումը ՄՄ երկրների հետ և ինչպե՞ս կզարգանա երկիրը ձևավորվող միասնական տնտեսական տարածքի պայմաններում հարցերի շուրջ «ԱՌԿԱ» գործակալության հետ զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսա-մաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։ «ԱՌԿԱ».- Պրն Թավադյան, հավանաբար արդարացի կլինի ասել, որ այսօր Հայաստանում ամենաարծարծվող թեմաներից մեկը տնտեսական հետագա զարգացման կողմնորոշիչի ընտրության թեման է։ Դուք, որպես տնտեսագետ-գիտնական, որը պրագմատիկ մոտեցում ունի այդ ամբողջ գործընթացին, ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում։ Ա.Թավադյան.- Ես հաճախ եմ լսում տարբեր արտահայտություններ, որոնցում հնչում է ցավագին աստիճանի հիպերտրոֆացված դիրքորոշում։ Օրինակ, ինչո՞ւ է Հայաստանն ինտեգրվում Ռուսաստանի հետ, մեր ինչի՞ն է պետք Մաքսային միությունն այնպիսի երկրներով, որոնց հետ մենք ընդհանուր սահման չունենք։ Թույլ տվեք հարցնել. իսկ ի՞նչ է՝ մենք ինտեգրվում ենք Աֆղանստանի՞ հետ, այլ ոչ թե մի երկրի, որտեղ գրեթե նույն քանակությամբ հայ է ապրում, իսկ դա մոտավորապես 2,5 մլն է, որտեղից մենք ստանում ենք բոլոր տրանսֆերտների 85%-ը, ինչը կազմում է մեր բյուջեի գրեթե 80%-ը։ Ընդ որում՝ Ռուսաստանից արվող ուղղակի ներդրումները կազմում են մեր երկրում կատարվող բոլոր ներդրումների 42%-ը։ Տնտեսությունն ինքն է հուշում, թե ինչ ուղղությամբ մենք պետք է ինտեգրվենք։ Էլ չեմ ասում մեր ժողովուրդների պատմամշակութային կապերի մասին։ «ԱՌԿԱ».- Մի տեսակ անհարմար է տալ առավել հաճախ կրկնվող և մեր հայրենակիցներին հուզող հարցը Հայաստանի՝ ՄՄ մտնելու շահեկանության մասին, բայց ես չեմ երկնչի դա անել։ Ուրեմն, ինչո՞ւ է դա մեզ պետք, իսկ գուցե ավելի լավ են Հին աշխարհի առավելությունները։ Ա.Թավադյան.- Քաղաքականությանը չկպչելով, թեև տնտեսությունը և քաղաքականությունը սերտորեն փոխկապակցված են, ասեմ, որ Մաքսային միության օգտին են խոսում թվերն ու հաշվարկները։ Օբյեկտիվ վերլուծությունը, որը մենք իրականացրել ենք արդի մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ, ցույց է տվել ՄՄ մտնելուց ակնկալվող իրական տնտեսական էֆեկտի առկայությունը։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ինչ օգուտ կբերի ինտեգրումը Մաքսային միության երկրների հետ։ Ի դեպ, կարևոր է նաև, որպեսզի ՄՄ երկրները նույնպես տեսնեն, թե ինչ կտա իրենց Հայաստանի անդամակցությունն այդ միությանը։ Հայաստանն, օրինակ, կստանա ՀՆԱ 2% հավելյալ աճ համակարգաստեղծ կարևոր ճյուղերի գծով՝ էներգետիկա, տրանսպորտ։ Հայկական նոր ԱԷԿ-ի կառուցումը նվազագույնի կհասցնի էներգակիրների ներմուծումից կախվածությունը, և էժան բնական գազի հասանելիությունն, օրինակ, Հայաստանի տնտեսությանը թույլ կտա զարգանալ արտոնյալ ռեժիմով։ Միևնույն ժամանակ, «Նաիրիտ» քիմիական գործարանի և ռազմավարական մի շարք օբյեկտների բացումը, հաշվի առնելով կումուլյատիվ էֆեկտը, կնպաստի տնտեսության աճին և էապես կբարձրացնի զբաղվածության մակարդակը։ Մենք հաշվարկել ենք, որ էներգառեսուրսների, հանքարտադրանքի գների իջեցումից ՀՆԱ հավելյալ աճը կարող է հասնել մինչև 4%-ի։ Հիշեցնեմ, որ միայն գազի գնի իջեցումից մենք տարեկան կստանանք 150 մլն դոլար։ Ընդ որում՝ ներդրումային նախագծերից (տրանսպորտային ցանց, էներգետիկա, շինարարություն, փոքր ու միջին բիզնես) կումուլյատիվ էֆեկտը կարող է կազմել մոտավորապես 600 մլն դոլար։ Չպետք է մոռանալ, որ ամուր Հայաստանը, որը կկարողանա ապահովել իր տնտեսական անվտանգությունը, ավելի մեծ հետաքրքրություն կներկայացնի ամբողջ աշխարհի, այդ թվում և Եվրամիության համար։ Եթե դու ավելի ուժեղ ես և ավելի ամուր, ուրեմն՝ լավ հիմքեր ունես առևտրում և զուտ տնտեսական ոլորտում։ Դրա համար սկզբում հարկավոր է ամրապնդվել ՄՄ-ում, զարգանալ և ցուցանիշները մոտեցնել ամենաարդիական չափորոշիչներին, իսկ դրան ավելի հեշտ է հասնել հզոր և կարող գործընկերների հետ։ Իսկ առհասարակ, ինչպես ինձ թվում է, հայկական տնտեսության կայուն և անվտանգ աճն էապես կբարձրացնի հավանականությունն այն բանի, որ Հայաստանը վերածվի կապող օղակի ՄՄ-ի և ԵՄ-ի միջև։ Ի դեպ, ռուս շատ փորձագետներ կոնֆերանսի ընթացքում կարծիք հայտնեցին այն մասին, թե Մաքսային միություն մտնելը չի նշանակում հրաժարվել եվրոպական արժեքներից, Եվրամիության հետ փոխգործակցությունից։ «ԱՌԿԱ».- Իսկ ի՞նչ են ասում եվրոպացի փորձագետները։ Ա.Թավադյան.- Եվրոպացի փորձագետները շատ ճիշտ գնահատականներ ներկայացրին, որոնք ինձ՝ տնտեսագետ-մաթեմատիկոսիս, կասկածների տեղիք են տալիս։ Մասնավորապես, ԵՄ-ը կանխատեսում է 146 մլն դոլարի աճ, այն էլ՝ երկարաժամկետ հեռանկարում (2,3% աճ), այն էլ՝ զանազան վերապահումներով ու նախապայմաններով։ Այսինքն՝ աճ կարող է լինել, բայց այն խստորեն կապված է լինելու էկոլոգիայի, մեր կողմից արտահանվող գունավոր մետաղների, հանքային ռեսուրսների գների հետ։ Օրինակ, եթե այդ ռեսուրսների գները համաշխարհային շուկայում ընկնեն, ուրեմն՝ էֆեկտ չի լինի։ Բացի այդ, ԵՄ-ը դիտարկում է նաև այնպիսի ռիսկ, ինչպիսին է Թուրքիայի հետ փակ սահմանը (իսկ այն չի բացվելու, համենայնդեպս՝ մոտ ապագայում)։ Մեր տվյալներով՝ ԵՄ-ի հետ ինտեգրման մակարդակը, ԵՄ-ից տրանսֆերտների աճի տեմպը, փաստորեն, ազդեցություն չեն գործում Հայաստանի տնտեսական աճի վրա, ինչպես և հանքային ռեսուրսները։ ԵՄ-ի հետ ինտեգրման դեպքում տնտեսական աճի վրա համակարգաստեղծ գործոններն էական ազդեցություն չեն գործում։ Ուստի, մենք պետք է տեսնենք մեր տնտեսական էֆեկտները, տեսնենք ընդհանուր դաշտը և հիմք ընդունենք դա, այլ ոչ թե այն հաշվարկները, որոնք կառուցված են սուբյեկտիվ կարծիքի վրա։ «ԱՌԿԱ».- Իսկ ինչպե՞ս է, Ձեր կարծիքով՝ Հայաստանի բնակչությունը պաշտպանո՞ւմ է ՄՄ-ին ինտեգրվելու գաղափարը։ Ա.Թավադյան.- Հարցումների համաձայն՝ Հայաստանի բնակչության 70%-ը կողմ է ՄՄ մտնելուն։ Մաքսային միությունը խաչակիրների օրդեն չէ, չարժե հիվանդագին վերաբերվել դրան։ ՄՄ-ին Հայաստանի ինտեգրման որոշման շատ քննադատներ փաստարկներ էին բերում, թե մենք ուզում էինք լուծել կոռուպցիայի, ժողովրդավարության ամրապնդման հարցերը եվրաինտեգրման սկզբունքների շրջանակներում։ Բայց չէ՞ որ սրանք ներքին հարցեր են, որոնք պետք է ինքներս լուծենք, և կարևոր չէ, թե ում հետ ես ինտեգրվում։ Նման հարցերն ինտեգրմամբ չեն լուծվում, ինտեգրմամբ առաջին հերթին լուծվում են տնտեսական հարցեր։ Այսօր որոնվում են համագործակցության առավել օպտիմալ և արդյունավետ ձևեր։ Չարժե մոռանալ, որ մեր երկրների տնտեսական փոխգործակցության հիմքը ԱՊՀ ազատ առևտրի ռեժիմի մասին համաձայնագիրն է, որը Հայաստանն ստորագրել է, և եվրաինտեգրման կողմնակիցները պետք է հաշվի առնեն սա։ See more at: http://arka.am [ http://arka.am/ru/news/interview/stabilnyy_i_bezopasnyy_rost_ekonomiki_armenii_sushchestvenno_uvelichit_veroyatnost_ee_prevrashcheniya/?sphrase_id=1095354#sthash.9dxCHIqo.dpuf ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here