ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

0
310

Համատեղ աշխատանքի ընդամենը 2 տարում փոխադարձ առևտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է Զեկուցում՝ կարդացված «Սահմանամերձ համագործակցությունը եվրասիական ինտեգրման համատեքստում» միջազգային գիտագործնական կոնֆերանսում Ներկայում պակասում է այն փորձագետների և վերլուծաբանների թիվը, որոնք Խորհրդային Միության փլուզումը համարում են օրինաչափ կամ նույնիսկ բարիք համաշխարհային տնտեսության համար։ Ինչպես հայտնի է, Պետական դումայի ներկայիս կազմում չկա քաղաքական որևէ կուսակցություն, որը կպաշտպաներ այդ կարծիքը։ ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինն առհասարակ ԽՍՀՄ փլուզումն անվանել է XX դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետ։ Աղետալի տնտեսական հետևանքները՝ ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետություններում հանրային արտադրության հսկայական անկման տեսքով, և, որպես հետևանք, բնակչության կենսամակարդակի զգալի վատթարացումը, փորձագետների մեծ մասին ստիպեցին խոսել միասնական ժողովրդատնտեսական համալիրի (ինչպիսին էր Խորհրդային Միությունը) վերածնման անհրաժեշտության մասին։ Հենց դրա համար էլ, մեր կարծիքով, սկսեցին ի հայտ գալ առաջարկություններ հետխորհրդային տարածքում վերինտեգրման, Մաքսային միության ստեղծման, միասնական տնտեսական տարածքի վերածնման և Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին։ Մաքսային միությունն ինտենսիվորեն զարգացող ինտեգրացիոն կազմակերպություն է, այնտեղ ընդունվում են նոր նորմեր և չափորոշիչներ, մշակվում են ընդհանուր կանոններ։ Կարծում ենք, լիովին անհիմն են այն տեսակետները, որոնցով Եվրասիական միությունը ներկայացվում է որպես սպառնալիք Եվրամիությանը կամ որպես կայսերական մեթոդներով Խորհրդային Միությունը վերածնելու փորձ։ Տնտեսական իմաստով Մաքսային միությունը երկրների մի խումբ է, որոնք այնքան էլ չեն տարբերվում իրենց սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակով։ Ավելին, այդ երկրները երկար ժամանակ գործում էին միասնական արժույթով տնտեսության, տնտեսական քաղաքականության և միասնական շահերի շրջանակներում։ Ուստի, մեր կարծիքով, Եվրասիական երկրների համար ԵՄ փորձն օրինակ բերելն ակնհայտ չափազանցություն է։ Սակայն Մաքսային միության երկրների տնտեսության չափերում և ծավալներում առկա տարբերությունները, թերևս, այն գլխավոր գործոնն են, որը խանգարում է նրանց ավելի սերտ համագործակցության հաստատմանը։ Ռուսաստանի և Մաքսային միության մյուս երկրների արդի տնտեսական իրավիճակը բնութագրվում է երեք կարևոր խնդրով, որոնք իբրև ժառանգություն մնացել են նախկին ԽՍՀՄ-ից։ Դրանք են՝ ուժեղ կախվածությունը բնական ռեսուրսների արտահանումից, ոչհումքային ճյուղերի ցածր մրցունակությունը և տնտեսության ֆինանսական հատվածի թուլությունը։ Բայցևայնպես, համատեղ աշխատանքի ընդամենը 2 տարում փոխադարձ առևտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է, իսկ 10-ամյա հեռանկարում սպասվում է, որ շուկաների միավորումը կտա ՀՆԱ 15%-անոց աճ։ Սակայն փոխադարձ առևտրի աճը տնտեսական ինտեգրման խորացման ամենևին էլ գլխավոր ցուցանիշը չէ, դրա հետագա տնտեսական էֆեկտը պետք է որոշվի զարգացման ընդհանուր ռազմավարության ձևավորման արդյունքներով։ Գիտակցելով սա՝ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները 2011թ. նոյեմբերին ստորագրեցին Եվրասիական տնտեսական ինտեգրման հռչակագիրը և խնդիր դրեցին մինչև 2015թ. հունվարի 1-ը ստեղծել Եվրասիական տնտեսական միությունը, որը ենթադրում է զարգացման ընդհանուր ռազմավարության ձևավորում՝ ներառյալ համատեղ արդյունաբերական, գյուղատնտեսական և գիտատեխնիկական քաղաքականությունը։ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացը տնտեսական զարգացման քաղաքականության մի մասն է, որը ներառում է արդյունաբերական քաղաքականության համակարգման հարցերը, որոնց մեջ պետք է լինեն՝ մասնակից պետությունների շրջանների զարգացման հավասարեցումը, գործարարության աջակցությունը, արտադրության լայն մասնագիտացումն ու կոոպերացիան, բարձր ավելացված արժեքով բարձրտեխնոլոգիական արտադրանքի թողարկումը, հակաճգնաժամային ֆոնդերի ստեղծումը ֆինանսական հատվածի համար, ընդհանուր գիտատեխնիկական քաղաքականությունը։ Առկա հաշվարկներով՝ Եվրասիական տնտեսական տարածքի ստեղծումը մինչև 2030թ. Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի համար կարող է տալ մոտ 900 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ Ուկրաինայի միանալու պարագայում՝ 1100 մլրդ դոլարի համատեղ էֆեկտ։ Ըստ երկրների էֆեկտը կկազմի՝ Բելառուսի ՀՆԱ 14%-ը, Ուկրաինայի ՀՆԱ 6%-ը, Ղազախստանի ՀՆԱ 3,5%-ը և Ռուսաստանի ՀՆԱ 2%-ը։ Բնակչության մեկ շնչի հաշվարկով՝ ինտեգրացիայից հիմնական բարիք ստացողներ կդառնան Բելառուսը, Ուկրաինան և Ղազախստանը, իսկ բացարձակ մեծությամբ՝ Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ, մաքսային պատնեշների վերացման վրա հիմնված «արագ» էֆեկտները բավական համեստ են։ Հիմնական էֆեկտը կարող է ձեռք բերվել միայն երկարաժամկետ հեռանկարում՝ տեխնոլոգիական և գիտատար ճյուղերի որոշակի նախագծերի շրջանակում, աշխատանքի և կապիտալի շուկաներում դրական փոփոխությունների, խաղի նոր կանոնները հաշվի առնող ձեռնարկությունների աշխատանքի տրամաբանության փոփոխության պարագայում։ Այսպիսով, եվրասիական ինտեգրացիան նշանակում է մեծ տարողությամբ շուկայի կազմավորում, որը համաշխարհային ճգնաժամերի հանդեպ ավելի կայուն տնտեսական զարգացման, հետևաբար և Ռուսաստանի ու մասնակից երկրների ինքնիշխանության ամրապնդման հիմք կարող է դառնալ։ Մաքսային միության երեք երկրների առևտրատնտեսական կապերի զարգացման հաջողություններն արժանանում են հետխորհրդային տարածքի մյուս երկրների մեծ ուշադրությանը։ Ինտեգրացիոն նոր միավորմանը միանալու իր հետաքրքրվածության մասին արդեն հայտարարել է Ղրղզստանը, նորմատիվ փաստաթղթեր ստորագրելու պատրաստակամություն է հայտնել Հայաստանը։ Եվ թեև որոշ վերլուծաբաններ հակված են այդ ցանկություններն առաջին հերթին որպես քաղաքական գնահատել, կարծում ենք՝ ճիշտ կլիներ հաշվի առնել նաև տնտեսական օգուտները, որ կարող են ունենալ մասնակից երկրներն ինտեգրացիոն այդ միավորման մեջ գտնվելով։ Չպետք է ինտեգրացիայից արագ բարիքներ և միակողմանի օգուտ սպասել։ Միասնական տնտեսական տարածքն իր մասնակիցներին ինտենսիվ տնտեսական զարգացման հնարավորություններ է ընձեռում, տալիս ավանդական ու նորարարական ապրանքներով և ծառայություններով նոր շուկաներ դուրս գալու առավելություններ և հեռանկարներ։ Անշուշտ, դեպի Եվրասիական տնտեսական միություն ընթացքն ուղիղ և անխնդիր չի լինելու, ընդհակառակը, այն անպայման բարդ և հակասական կլինի։ Մաքսային միության առանձին միջոցառումներին միանալու շարունակական հետաքրքրություն է ցուցաբերում Ուկրաինան, թեև նրա այդօրինակ ցանկությունները գրեթե պարտադիր ձևով միջարկվում են Եվրամիությանն այս կամ այն ձևով միանալու մտադրության հայտարարություններով։ Ուկրաինայի գործողություններն այս առումով հաճախ կրում են հետխորհրդային տարածքում ինտեգրվելուն հակազդելու բնույթ։ Ուկրաինան ստորագրել է երրորդ էներգափաթեթը, որն ուղղված է Ռուսաստանի տնտեսական շահերի դեմ։ Թերթաքարային գազի, սևծովյան ծանծաղուտներում հանքավայրերի հայտնաբերման ու յուրացման մասին խոսակցությունների հետ կապված փիառ-ակցիաներն առայժմ լոկ խոսակցություններ են։ Ելնելով Ուկրաինայի կառավարության 2013թ. սեպտեմբերի 18-ի որոշումից՝ նրա ներկայիս իշխող ընտրանիներն աշխարհաքաղաքականորեն արդեն կողմնորոշվել են. ընտրությունը կատարվել է եվրաինտեգրացիոն նախագծի օգտին։ Բայց հարկավոր է նկատի ունենալ, որ տնտեսական առումով, ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու դեպքում, Ուկրաինային սպասվում են խոր հիասթափություն և լրջագույն կառուցվածքային վերակառուցում։ Որոշակի ոլորտներում երկիրը կարող է տասնամյակներով հետ շպրտվել։ Ուկրաինան հարկադրված է լինելու վարժվել երկրորդ կարգի երկրի կարգավիճակին։ Այստեղ վառ օրինակ կարող են հանդիսանալ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները, որոնք ահա արդեն 10 տարի ԵՄ-ում են և ցայժմ չեն ստացել այն բլիթները, որոնք ի սկզբանե ակնկալվում էին։ Վկայակոչելով ժողովրդական իմաստությունն այն մասին, որ խելոք այծը երկու մոր կաթ կծծի, կարելի է ենթադրել, որ մինչև այս տարվա նոյեմբերին ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրումը ուկրաինական ղեկավարությունը մի այնպիսի բան կմտածի, որպեսզի ուրախացնի հետխորհրդային տնտեսական տարածքի երկրներին։ Պետք է հասկանալ, սակայն, որ եվրասիական նախագիծը դեռ ձևավորման փուլում է, ուստի այստեղ պետք է բարձր կատարողական կարգապահություն լինի։ Իսկ եթե Ուկրաինան մշտապես հայտնի իր հատուկ կարծիքը և նախագծի շրջանակներում ստորագրի յուրաքանչյուր հինգերորդ կամ տասներորդ փաստաթուղթը, ապա գործը հազիվ թե տեղից շարժվի։ Բացի այդ, Ուկրաինան արդեն քանիցս շրջափակել է իր տարածքով Ռուսաստանից Եվրոպա տարանցվող բնական գազի ճանապարհը՝ վարկաբեկելով Ռուսաստանին որպես հուսալի մատակարարի։ Հիմնականում այս պատճառով է, որ Ռուսաստանը հարկադրված է որոնել Եվրոպային գազի մատակարարելու այլընտրանքային ճանապարհներ։ Այդպես են ի հայտ եկել Հյուսիսային և Հարավային հոսքերի նախագծերը, որոնց արդյունքում Ուկրաինան կզրկվի իր տարածքով գազի տարանցումից ստացվող եկամուտներից։ Գազի մատակարարման դիվերսիֆիկացիան ապահովելու մասին Ռուսաստանի որոշումները լիովին հիմնավորված են։ Բայց Ուկրաինայի հետ միասին այդ եկամուտներից զրկվում են նաև բոլորովին անմեղ այնպիսի տարանցիկ երկրներ, ինչպիսիք են Չեխիան և Սլովակիան, որոնք, իհարկե, Ուկրաինայի դեմ բողոքներ կունենան։ Լուշնիկով Օլեգ Եվգենիի, ավագ գիտաշխատող, տնտեսագիտության թեկնածու Աղբյուրը՝ “РИСИ” [ http://www.riss.ru/index.php/analitika/2162-pervye-ekonomicheskie-rezultaty-razvitiya-tamozhennogo-soyuza-i-formirovaniya-edinogo-ekonomicheskogo-prostranstva#.UluXdGLcSVI ] [ http://www.rodon.org/polit-131014111350 ] http://www.rodon.org [ http://www.rodon.org/polit-131014111350 ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here