Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

0
307

«Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները դրական են, առաջին հերթին գների երկարաժամկետ կարգավորման տեսակետից, որովհետև երկու կամ երեք տարի առաջ ոչ ոք չէր կարող պատասխանել, թե որքան կարժենա գազի գինը 3-4 տարի հետո, իսկ հիմա ակնհայտ է, որ առաջիկա 5 և ավելի տարիների ընթացքում գազի գնի ու դրանից կախված էլեկտրաէներգիայի գնի աճ տեղի չի ունենա»,- այս մասին անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում էներգետիկ ոլորտում ձեռք բերված հայ-ռուսական պայմանավորվածություններին, Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, փորձագետ Սևակ Սարուխանյանը: Նրա խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան միջպետական համաձայնագրերով գազի գինը երկարաժամկետ տեսակետից դառնում է կանխատեսելի: Փորձագետը տեղեկացրեց, որ Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղեցման պայմաններում որոշում է ընդունվել սառեցնել բնական գազի գնի աճը Ռուսաստանի տարածքում առաջին տարիների համար, ինչը, նրա խոսքով, նշանակում է, որ Հայաստանում գազի գնի բարձրացում տեղի չի ունենա: Փորձագետը նաև կարևորեց Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) խորքային արդիականացման շուրջ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունը, որովհետև, ըստ նրա, խորքային արդիականացումը հնարավորություն կտա որակապես երկարացնել ատոմակայանի կյանքը մոտ 15 տարի: «Դա նշանակում է, որ 15 տարվա լյուֆտ է ձեռք բերվել Հայաստանի համար, որպեսզի ատոմակայանին փոխարինող հզորություններ զարգանան: Ամենակարևոր խնդիրը այդ 15 տարիները բաց չթողնելն է: Խոսվում է, որ դեռ պայմանավորվածություն չկա նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ: Ես դա անգամ ճիշտ եմ համարում, որովհետև այսօր Հայաստանին նոր ատոմակայան, առավել ևս 1000 մեգավատանոց ատոմակայան պետք չէ, քանի որ չկան սպառման շուկաներ. նոր ատոմակայանի էլեկտրաէներգիայի գինը կլինի 3-4 անգամ բարձր, քան գործող ատոմակայանի կողմից բաց թողնվող գինը»,- ասաց Ս. Սարուխանյանը: Պատասխանելով հարցին, թե բնական գազի ցածր սակագնի և դրանով էներգետիկ ոլորտում գազի տեսակարար մեծ կշռի առկայության պայմաններում որքանո՞վ է նպատակահարմար և հնարավոր այլընտրանքային էներգետիկայի զարգացումը Հայաստանում, ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանում ոլորտի տեխնոլոգիական զարգացման և դիվերսիֆիկացման վրա, Ս. Սարուխանյանը նշեց, որ բնական գազի ցածր գինը տնտեսության համար դրական երևույթ է, բայց տեխնոլոգիական զարգացման համար՝ բացասական երևույթ, քանի որ բնական գազի էժան լինելու դեպքում անիմաստ ու անհեռանկարային է համարվում վերականգնվող էներգետիկայի մեջ ներդրումներ անելը: «Մյուս կողմից վերականգնվող, այլընտրանքային էներգետիկան թանկ հաճույք է: Օրինակ, եթե Հայաստանում ներմուծվող գազի գինը լինի 1000խմ համար 350 դոլար, տնտեսության և հասարակության համար վատ կլինի, բայց այլընտրանքը կզարգանա: Մեր այլընտրանքը զարգացնելու համար մտքում պետք է ունենանք մի կարևոր բան: Ատոմակայանը վերջին խորքային արդիականացումն է լինելու, մենք պետք է ընդունենք, որ 15 տարի հետո Մեծամորի ատոմակայանը շահագործումից դուրս է գալու: Դրանից հետո առաջանալու է հսկայական բաց Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտում, և այդ բացը պետք է լրացվի»,- ընդգծեց Ս. Սարուխանյանը: Անդրադառնալով Ռուսաստանից ներկրվող նավթի ու նավթամթերքի արտահանման 30% մաքսատուրքերի զրոյացման ռուսական կողմի որոշմանը և թե որքանո՞վ այն կհանգեցնի վառելիքի գների նվազմանը Հայաստանում, փորձագետը, նախ փաստեց, որ Ռուսաստանից համեմատաբար քիչ է Հայաստան ներկրվում նավթամթերք, սակայն չբացառեց գների նվազման վրա հնարավոր ազդեցությունը: «Եթե չլինի ոլորտի մենաշնորհ Հայաստանում, ապա գների իջեցում տեղի կունենա, այսինքն կլինի ներմուծման դիվերսիֆիկացիա, Մաքսային միություն մտնելուց հետո մենք չենք կարողանա ՄՄ-ում գործող որևէ ընկերության արգելել Հայաստան նավթամթերք ներկրել: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքանով է շուկան թափանցիկ և մրցունակության համար բաց: Մյուս կողմից, կան շուկայի խոշորացման միտումներ: Օրինակ, Վրաստանը 10 տարի առաջ բավական ազատական շուկա ուներ, սակայն հիմա այնտեղ խոշորացում է գնում: Ադրբեջանական Socar Georgia ընկերությունն արդեն հսկայական մասնաբաժին ունի Վրաստանում»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ նավթամթերքների արտահանման մաքսատուրքերի զրոյացումից հետո Ռուսաստանից ներկրումը կարող է մեծանալ: http://www.panorama.am [ http://www.panorama.am/am/analytics/2013/12/05/s-sarukhanyan/ ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here