ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ

0
350

Զրույց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հետ Արամ Սաֆարյան — Պարոն Թավադյան, մինչեւ սեպտեմբեր մեր քաղաքական եւ հասարակական շրջանակները լրջորեն քննարկում էին եւ Մաքսային միության, եւ Եվրոպական միության հետ համագործակցությունը համատեղելու հնարավորությունը: Հետո պարզվեց, որ դա հնարավոր չէ: Ավելի ուշ տեղի ունեցավ Վիլնյուսի գագաթաժողովը, որի արդյունքները դեռ խորապես չընկալած եւ չմարսած` մենք Հայաստանում դիմավորեցինք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Կարծում եմՙ կարիք կա գնահատելու այդ երկու իրադարձությունները Հայաստանի տնտեսական շահերի տեսանկյունից: Աշոտ Թավադյան — Կարծում եմ` Հայաստանին ներկա իրավիճակում հաջողվեց ոչ միայն զարկ տալ Մաքսային միության հետ ինտեգրման գործընթացին, ընդ որում` ներկրվող էներգակիրների գների իջեցմամբ, այլ նաեւ հասնել այն բանին, որ Վիլնյուսի գագաթաժողովում ընդունվի համատեղ հայտարարություն այն ոլորտների մասով, որտեղ Եվրոմիությունը մեզ կարող է առավել օգտակար լինել: Դա ե՛ւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է, ե՛ւ դատական համակարգի հետագա բարելավումը, ուշադրությունը մարդու իրավունքներին եւ օրենքի գերակայությանը, աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարին, նաեւ` առեւտրի եւ ներդրումների պայմանների բարելավումը: Չգիտես ինչու, այս միասնական հայտարարությանը պատշաճ ուշադրություն չի դարձվել: Մինչդեռ ես համոզված եմ, որ այս կարեւորագույն ասպարեզներում մենք կունենանք նույն աջակցությունը, ինչ որ ասոցիացման պայմանագիր ստորագրած երկրները: Ինչ վերաբերում է զուտ տնտեսական խնդիրների լուծմանը` հատկապես համակարգող ոլորտներում, որոնք ապահովում են տնտեսության կայուն եւ անվտանգ զարգացում, նաեւ զբաղվածության աճ, ապա մենք ընտրեցինք օպտիմալ ուղղություն: Վստահ եմ, որ կայուն տնտեսություն ունեցող Հայաստանը, որը կկարողանա ապահովել իր տնտեսական անվտանգությունը, ավելի մեծ հետաքրքրություն կներկայացնի աշխարհի, այդ թվում եւ Եվրոմիության համար: Եթե երկիրն ավելի ուժեղ է եւ ավելի ամուր, ապա լավ հիմքեր են ստեղծում նաեւ արդյունավետ զարգացման համար: Դրա համար էլ սկզբում անհրաժեշտ է ամրապնդվել Մաքսային միությունում, զարգանալ եւ ցուցանիշները մոտեցնել միջազգային չափորոշիչների, իսկ դրան ավելի հեշտ է հասնել հզոր եւ կարող գործընկերոջ հետ: Հայկական տնտեսության կայուն եւ անվտանգ աճն էապես կբարձրացնի հավանականությունն այն բանի, որ Հայաստանը վերածվի կապող օղակի ՄՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ: — ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան, անկասկած, տարվա կարեւորագույն քաղաքական իրադարձություններից մեկն էր: Մեր հասարակության մեծ մասը էական սպասելիք ունի հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացումից: Այցի արդյունքում ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածությունները այդ լավատեսության համար տեղ են թողնում: Ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները եւ հռչակված շարժումը Մաքսային միության ուղղությամբ: — Մաքսային միությանը մեր անդամակցությունը հզոր ազդակ կհանդիսանա ոչ միայն առանցքային ոլորտների զարգացման համար, այլ նաեւ գրեթե բոլոր շրջանների կենսամակարդակի բարձրացման: Ինչն, իհարկե, կնպաստի գործազրկության աստիճանական կրճատմանը: Ի դեպ, ինձ համար շատ հաճելի է, որ ՌԴ նախագահն իր ելույթը սկսեց նրանով, որ, նախապես քննարկել է ՀՀ նախագահի հետ այն, որ հայաստանյան փորձագետները հստակորեն հաշվարկել են օգուտները եւ առավելությունները, որոնք կստանա Հայաստանը` ինտեգրվելով Մաքսային միությանը: Դա կարեւոր է մեր ժողովրդի համար, քանի որ մեր հետազոտությունում մենք նշել ենք այն առանցքային ոլորտները, առանց որոնցում Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ լիարժեք իրացնել ինտեգրացիոն գործընթացների ամբողջ ներուժը: — Գյումրիում եւ Երեւանում անցած «Հայաստան. Ռուսաստան. Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովում Դուք զեկուցեցիք Ձեր գլխավորած խմբի հետազոտությունների ու եզրակացությունների մասին: Ինչպե՞ս կբանաձեւեիք Հայաստանի կոնկրետ սպասելիքը Մաքսային միությանը անդամակցությունից: Այս հարցը Ձեզ տալովՙ ուզում եմ տեղեկացնել «Ազգ»-ի ընթերցողներին, որ էկոնոմետրիկական հաշվարկների վրա հիմնված Ձեր եզրակացությունները գլխավոր հարցերում ամբողջովին համընկել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Շուկայի հիմնախնդիրների ինստիտուտի փոխտնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վալերի Ցվետկովի` ավելի ընդհանուր տնտեսագիտական հաշվարկների հիման վրա արված հետազոտության արդյունքների հետ: Եվ այսպեսՙ մեր կոնկրետ սպասելիքը: — Մաքսային միության օգտին են խոսում թվերը, մեր հաշվարկները եւ տնտեսամաթեմատիկական վերլուծությունը: Դրանք հստակ ցույց են տվել ՄՄ անդամակցությունից ակնկալվող իրական տնտեսական էֆեկտի առկայությունը: Իհարկե, այստեղ շատ կարեւոր է, որ հասարակությունը տեսնի, թե ինչ օգուտ կբերի ինտեգրումը Մաքսային միության երկրների հետ: Հայաստանը, օրինակ, կստանա ՀՆԱ 2% հավելյալ աճ համակարգաստեղծ կարեւոր ճյուղերի գծովՙ էներգետիկա, տրանսպորտ, որոշ այլ ռազմավարական ոլորտների զարգացում: Հայկական նոր աէկի կառուցման պարագայում նվազագույնի կհասցնի էներգակիրների ներմուծումից կախվածությունը: Էժան բնական գազի հասանելիությունը Հայաստանի տնտեսությանը թույլ կտա զարգանալ արտոնյալ ռեժիմով եւ բարձրացնել բնակչության կենսամակարդակը: Օրինակՙ ցեմենտի արտադրության, ջերմոցային գյուղատնտեսական արտադրանքի, էներգիայի արտադրության շահութաբերությունը ուղղակիորեն կախված են գազի գնից: «Նաիրիտ» քիմիական գործարանի եւ ռազմավարական մի շարք օբյեկտների բացումը, հաշվի առնելով կումուլյատիվ էֆեկտը, կնպաստի տնտեսության աճին եւ էապես կբարձրացնի զբաղվածության մակարդակը: Մենք հաշվարկել ենք, որ էներգակիրների նկատմամբ Ռուսաստանի կողմից արտահանման մաքսային տուրքի վերացումից ՀՆԱ հավելյալ աճը կարող է հասնել կարճաժամկետ առումով մոտ 2%-ի, իսկ միջնաժամկետ առումով, էներգակիրների գների համահարթեցման պարագայում եւ ներդրումների աճի պարագայում, որը նախատեսված է` հավելյալ աճը կհասնի 4 %-ի: Հիշեցնեմ, որ միայն գազի արտահանման մաքսատուրքի վերացումից մենք տարեկան կստանանք 140 մլն դոլար: Ընդգծեմ, որ մենք մեր հաշվարկների մեջ հաշվի չենք առել նոր ատոմակայանի կառուցումը, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, աբխազական երկաթուղու վերագործարկումը, ինչի հավանականությունը նույնպես այդ դեպքում աճում է: — ՌԴ նախագահի պետական այցի եւ դրա շրջանակներում ընթացող միջոցառումների ժամանակ բազմիցս արծարծվեց աբխազական երկաթուղու վերագործարկման կենսական անհրաժեշտության հարցը: Մեր փորձագետները եւ քաղաքագետները փորձում են հասկանալ, թե ինչպես է հնարավոր մեկտեղել այս հարցի լուծման համար Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, ինչու չէ, եւ Աբխազիայի շահերն ու մոտեցումները: Ինչո՞ւ պետք է Վրաստանին հետաքրքրի մասնակցելն այս հարցի լուծմանը: — Տվյալ հարցին պատասխանելու համար համեմատենք Հայաստանի եւ Վրաստանի ապրանքաշրջանառության կառուցվածքը: Վրաստանի համար հիմնական առեւտրային գործընկերները բնավ եվրոպական երկրները չեն: Վրաստանն իր արտադրանքի 14%-ը արտահանում է Թուրքիա, 12%-ը` Ադրբեջան, ընդ որում, տվյալ ուղղություններով զարգացման հնարավորությունը մեծ չէ: Եվրոմիություն նա արտահանում էր իր արտադրանքի 16%-ը, այժմ` 19%-ը: ԱՊՀ երկրներ Վրաստանն արտահանում էր 47%, սակայն Ռուսաստանի կողմից արգելքների նվազեցմամբ այդ ցուցանիշը միանգամից աճեց մինչեւ 55%` ընդ որում, պատրաստի արտադրանքի գծով, ինչն ունի ավելի մեծ ավելացված արժեք եւ աշխատատարություն: Այնպես որ, ոչ թե պայմանագրերը, այլ առաջին հերթին տնտեսական շահերն են ցույց տալիս զարգացման ուղղությունը: Կարծում եմ, որ Վրաստանը կկարողանա իրարից զատել քաղաքական ու տնտեսական խնդիրները: Տվյալ պարագայում առկա է հայկական շահերի հետ համընկնելու մեծ հավանականություն: Մեր երկու ժողովուրդները` հայերն ու վրացիները, հենց իրենց շահերից ելնելով, պետք է հստակ համագործակցեն միաժամանակ Եվրոմիության եւ Մաքսային միության առավելություններից օգտվելու համար: Մի հետաքրքրական փաստ եւս` ԱՄՆ եւ Գերմանիա Վրաստանն արտահանում է իր արտադրանքի ընդամենը 4%ը, ինչքան եւ Հայաստանը, ընդ որում, Հայաստանը տվյալ երկրներ արտահանում է ավելի շատ ապրանքներ (ԱՄՆ` 6%, Գերմանիաՙ 11%): — Մոսկովյան գործընկերների «թեթեւ ձեռքով» Հայաստանում կարծես սկսել է քննարկվել ռազմավարական նոր զարգացման ծրագիր ունենալու հարցը: Մեր տնտեսության զարգացման լավագույն սցենարի ընտրության հարցում հնարավոր համարո՞ւմ եք արդյոք նոր, թարմ մոտեցումները քննարկել: Ինչպիսի՞ն կլինի լավագույն սցենարի ընտրությունը: — Հայաստանում առեւտրային հաշվեկշռի տեսանկյունից վիճակը բարվոք չէ` ներմուծումը գերազանցում է արտահանմանը գրեթե 4 անգամ: Հենց դա էլ հուշում է ինտեգրացիայի սցենարը` միայն ներքին շուկայի զարգացում` ակնհայտ կառուցվածքային անհավասարակշռությամբ: Ընդ որում, վարկերի, գրանտների եւ աշխատուժի արտահանման հաշվին: Թե՞ արտահանման աճի հստակ ուղղվածությունՙ երաշխավորված էժան էներգակիրներ ստանալով, ազատ մուտք դեպի հսկա շուկա, որտեղ մեր ապրանքների հստակ պահանջարկ կա: Դա է նաեւ գործազրկության խնդրի լուծման ուղին: — Հայաստանում քննարկում են Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության հնարավորությունը: Իրականում որքանո՞վ է դա հավանական: Ես նկատի ունեմ թեկուզ այն, որ չնայած ռուս-թուրքական առեւտրի ծավալները գերազանցում են տարեկան 50 մլրդ դոլարը, սակայն Ռուսաստանն ու Թուրքիան օբյեկտիվորեն աշխարհաքաղաքական մրցակիցներ են: — Ռուսաստանի եւ Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի տարբերությունն ակնհայտ է, սակայն հարցը միայն դա չէ: Ռուսաստանը, մասնավորապես, Թուրքիա է արտահանում 45 մլրդ խորանարդ մետր գազ: Եվ ինչու պետք է 30% էժանացնի այն Թուրքիայի համար` նվիրելով նրան միանգամից մոտ 10 մլրդ դոլար: Դա հնարավոր չէ: Այո` Հայաստանը միայն գազի արտահանման մաքսատուրքի վերացումից տարեկան կստանա 140 մլն դոլար, եւ լավ է, որ այստեղ մեր քաղաքական, ռազմական շահերը համընկնում են Ռուսատանի շահերի հետ, եւ դա տալիս է բացառիկ հնարավորություն լուծելու մեր տնտեսական հիմնախնդիրնեը: — ՌԴ նախագահի պետական այցը լուսաբանող ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցներն ընդգծեցին, որ քննարկումների հիմնական թեմաներից մեկը ներդրումների հարցն էր: Հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովի երկրորդ օրվա բոլոր քննարկումները այս կամ այն կերպ անդրադառնում էին այդ հարցին: Այս իմաստով մեր երկրում կարծես սկսված են Հայաստանի տնտեսական զարգացման լրացուցիչ ռեսուրսների փնտրտուքը եւ մինչ այժմ չօգտագործված ներուժի բացահայտմանն ուղղված քաղաքատնտեսական եւ քաղաքագիտական քննարկումները: Զրույցը վարեց ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ http://www.azg.am [ http://www.azg.am/AM/2013120611 ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here