ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՎԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ

0
339

Պետք է հստակ ձեւակերպենք մեր շահը Հայաստանի Եվրասիական ընտրության «պլյուսները եւ մինուսները», մեր հարցերին ի պատասխան, ներկայացնում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ -Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու պայմանագրի ստորագրմանը կարծես հաշված օրեր են մնացել, բայց հանրությունը, ի վերջո, լավ չի պատկերացնում՝ ինչ է սպասում մեզ, գնաճի միտումներն ինչպիսին կլինեն, ինչպես կազդեն մեր տնտեսության, շարքային քաղաքացու բարեկեցության վրա։ Ի՞նչ կասեք այս մասին։ -Մաքսային միությանը կամ ԵՏՄ-ին միանալու դեպքում ներմուծվող առանձին ապրանքների համար մաքսատուրքեր մտցնելու կամ մաքսային տոկոսադրույքները բարձրացնելու մասին խոսելիս մեզանում շատ հաճախ շեշտադրվում է միայն գների բարձրացումը, բայց անտեսվում է շատ կարեւոր մի հանգամանք. եթե տեղի ունեցավ մաքսատուրքերի եւ դրանով պայմանավորված՝ առանձին ապրանքների գների բարձրացում, տարբերությունն ո՞ւր է գնալու։ Հասկանալի է, որ ավելացած գումարի որոշ տոկոսը (ի դեպ՝ այդ տոկոսները կլորացվում են հօգուտ փոքր երկրների) մտնելու է մեր երկրի պետական բյուջե։ Եվ շատ լավ կլինի, որ կառավարությունը բարձրաձայնի այդ մասին՝ ընդգծի, որ գների տարբերությունը գնալու է պետական բյուջե եւ ուղղվելու է հատկապես սոցիալական խնդիրների լուծմանը։ Իսկ թե որ ապրանքների դեպքում մաքսատուրքերը պետք է բարձրանան, որ դեպքում՝ ոչ, կարող եմ ներկայացնել այն սկզբունքները, որոնց պետք է հետեւեն բանակցողները։ Հիմնական սկզբունքն այն է, որ մենք պետք է հստակ ձեւակերպենք եւ պաշտպանենք մեր շահը. ինչ խնդիր ենք ուզում լուծել՝ ինտեգրվելով Եվրասիական տնտեսական միությանը։ Մնացածը տեխնիկական խնդիրներ են՝ որ խմբի ապրանքների դեպքում ինչ մոտեցում որդեգրել։ Այդ առումով, ներմուծվող ապրանքները պայմանականորեն կարող ենք բաժանել 4 խմբի։ Առաջին խմբում առաջին անհրաժեշտության ապրանքներն են, որոնք չեն արտադրվում ՄՄ երկրներում կամ արտադրվում են ո՛չ անհրաժեշտ ծավալով։ Այդ ապրանքների վրա էապես բարձր մաքսատուրքեր դնելը կամ մաքսային տոկոսադրույքները մեծացնելը, իհարկե, նպատակահարմար չէ։ Դրանով չենք օգնի մեր արտադրողին (չմոռանանք, որ բարձր մաքսատուրքերը ոչ միայն բյուջեն լրացնելու, այլեւ տեղական արտադրողին խրախուսելու, ներքին շուկան պաշտպանելու միջոց են), եւ հարվածի տակ կդնենք սպառողին։ Երկրորդ՝ հումքը, որ ներկրվում է Հայաստան հետագա վերամշակման համար, եւ արտադրական, բժշկական սարքավորումները։ Այս խմբի ապրանքների վրա եւս չպետք է դնել մաքսատուրք. ճիշտ է, դրանով բյուջեի մուտքերը որոշ չափով կկրճատվեն, բայց, մյուս կողմից, կպաշտպանենք ներքին արտադրողին, միաժամանակ անմիջապես չենք խոչընդոտի սոցիալական խնդիրների լուծմանը։ Երրորդ խումբը Հայաստանում արտադրվող ապրանքներն են՝ խոսքը վերաբերում է առաջին հերթին գյուղմթերքներին (որի մասին հայտարարեց նաեւ հանրապետության նախագահը՝ ընդգծելով ջերմոցաշինության ծրագրերն ընդլայնելու առաջնահերթությունը), որոնք կարող են արտադրվել էապես ավելի մեծ ծավալներով։ Մաքսատուրքերն այս դեպքում ուղղակի անհրաժեշտ են. դրանով մենք կխթանենք այդ ապրանքների արտադրությունը եւ կշտկենք այն բացթողումը, որ թույլ տվեցինք ԱՀԿ մտնելիս։ Սա բացառիկ հնարավորություն է, որ պարտավոր ենք օգտագործել՝ հետագայում այդ հնարավորությունը կարող ենք այլեւս չունենալ։ Եվ, վերջապես, չորրորդ խումբը ոչ առաջին անհրաժեշտության կամ պերճանքի ապրանքներն են։ Այստեղ եւս պետք է դրվեն մաքսատուրքեր, որովհետեւ անգամ եթե այդ ապրանքները մենք չենք արտադրում՝ ներմուծում ենք, դա հնարավորություն կտա համալրել բյուջեն եւ համապատասխան միջոցներն ուղղել սոցիալական ոլորտ։ Այսինքն՝ վերաբաշխել այդ միջոցները ունեւոր խավերից դեպի սոցիալապես խոցելի խավերը։ Իհարկե, այստեղ շատ կարեւոր է պահպանել ոսկե միջինի կանոնը։ -Այսի՞նքն։ -Եթե նախորդ խմբերի պարագայում հիմնական խնդիրը սեփական շուկան պաշտպանելն է, ներմուծվող ապրանքների դեպքում՝ պետական բյուջեն լրացնելը, այս դեպքում, ինչպես նշեցի, այլ խնդիր է առաջանում՝ վերաբաշխել միջոցները հարուստ խավերից դեպի աղքատ խավերը։ Մյուս կողմից՝ ավելացած գումարը սոցիալական ծրագրերին ուղղելու հետ մեկտեղ, չպետք է անտեսենք նաեւ սպառողի՝ նույնիսկ ունեւոր սպառողի շահը, չզրկենք նրան բարձր որակի ապրանքներ ձեռք բերելու հնարավորությունից. ի վերջո՝ հարուստ թե աղքատ, բոլորը մեր քաղաքացիներն են։ Այսինքն՝ ծայրահեղության մեջ չպետք է ընկնենք. եթե պերճանքի կամ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների գինը բարձրանում է, այդ բարձրացումը չպետք է այնքան կտրուկ լինի, որ հանգեցնի սպառման ծավալների էական կրճատման։ Սա եւս պետք է հաշվի առնել։ -Հայտնի է, որ մեր սպառողական զամբյուղի առյուծի բաժինը պարենային ապրանքներն են։ Սննդամթերքի հանդե՞պ ինչ մոտեցում պետք է որդեգրել, որ սոցիալապես անապահով խավերը չտուժեն։ -Եթե սննդամթերքը Հայաստանում է արտադրվում, բնականաբար պետք է սահմանվեն մաքսատուրքեր, որոնք կպաշտպանեն տեղական շուկան երրորդ երկրներից, օրինակ, Թուրքիայից ներմուծվող էժան եւ ոչ միշտ որակյալ ապրանքներից։ Դրա հետ մեկտեղ, եթե սննդամթերքի որոշ տեսակներ Հայաստանում չենք արտադրում, դրանց վրա մաքսատուրք չպետք է դրվի ոչ մի դեպքում։ Ի դեպ, ներկրվող այն ապրանքների նկատմամբ, որոնք արտադրվում են նաեւ Հայաստանում, կարող են նաեւ քվոտաներ կիրառվել։ Սա շատ տարածված պրակտիկա է. Եվրամիությունը շատ դեպքերում ակտիվորեն կիրառում է այդ մոտեցումը։ Օրինակ, եթե Ուկրաինան Եվրոպայում ցորեն վաճառի, Եվրամիությունը քվոտավորելու է՝ այսքան կարող եք վաճառել, դրանից ավել չեք կարող արտահանել եվրոպական շուկա, որովհետեւ դրանով հարվածի տակ կդնեք մեր՝ Լեհաստանի, Իսպանիայի, Հունաստանի արտադրողին։ Ինչո՞ւ ոչ՝ մենք էլ կարող ենք, օրինակ, Թուրքիայից կամ մեկ այլ երկրից եկող որոշակի պարենային մթերքների համար քվոտաներ սահմանել։ Մյուս կողմից, ԵՄ-ում կարող են դրվել գնային սահմանափակումներ՝ եթե ներմուծում ես հացահատիկ, ապա նվազագույն գինը սա է. դրանից էժան չես կարող վաճառել։ Սրանք շատ հստակ մեխանիզմներ են, որ տարբեր երկրներ կիրառում են սեփական շուկան պաշտպանելու համար։ Շարունակելի ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ http://www.armworld.am/detail.php?paperid=4857&pageid=149366&lang= [ http://www.armworld.am/detail.php?paperid=4857&pageid=149366〈= ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here