“ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ”

0
333

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց “Բելառուսկայա դումկա” ամսագրի (Մինսկ) գլխավոր խմբագիր Վադիմ Գիգինի հետ: Զրույցն անցկացվել է Վադիմ Գիգինի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ, որի ընթացքում վերջինս Կապանում մասնակցել է “Հայաստանի շրջանները հանուն եվրասիական ինտեգրման” միջազգային համաժողովին՝ կազմակերպված “Ինտեգրացիա և զարգացում” (Հայաստան) հասարակական կազմակերպության կողմից: [ /photo/GIGIN.jpg ] Վադիմ Գիգին Պատմական գիտությունների թեկնածու, “Բելառուսկայա դումկա” ամսագրի գլխավոր խմբագիր — Ո՞րն է ԵԱՏՄ առանձնահատկությունը: Ի՞նչ փոփոխություններ կբերի նոր միությունը տարածաշրջանին: — ԵԱՏՄ յուրահատկությունը և տարբերությունն այն է, որ մենք ինքներս ենք մշակում խաղի կանոնները: Եթե մեզ ինչ-որ բան դուր չի գալիս, մենք ասում ենք՝ “սա մեզ դուր չի գալիս”: Ղազախստանը ցանկացավ պայմանագրից հանել քաղաքական որոշ կետեր և հանեց: Բելառուսը ցանկանում էր առաջ գնալ ինտեգրման ուղով, սակայն ընդունեց, որ գործընկերները մի քիչ այլ մոտեցում ունեն և համաձայնվեց: Դրանում է կարևոր տարբերությունը: Որքան արագ Հայաստանը միանա գործընթացին, այնքան ավելի շատ հնարավորություն կունենա մասնակցելու այդ կանոնների մշակմանը: ԵԱՏՄ-ն հակազդեցություն չէ գլոբալիզացմանը, այլ հնարավորություն է մեզ համար՝ ներգրավվելու այդ գլոբալիզացիայի օրակարգի ձևավորմանը: — Դեռևս Մաքսային Միության ժամանակ երեք երկրների միջև կային հակասություններ, մշակվել են դրանց հաղթահարման մեխանիզմները: Իսկ մայիսի 29-ին կնքված պայմանագիրը ի՞նչ զիջումներ էր պարունակում երեք կողմերի համար: Ի՞նչ զիջումների է գնացել Բելառուսը և ի՞նչ զիջումներ է ստացել մյուսներից: — Առաջին հերթին մենք ստանում ենք միասնական խաղի կանոններ աշխատուժի, ֆինանսների, ապրանքների և ծառայությունների. ներդրումների ողջ շուկայում: Դա շատ կարևոր է: Իհարկե, կային ռուս գործարարներ, ովքեր ցանկանում էին առավելություններ պահպանել, սակայն մենք “տեր եղանք” մեր շահին: Դա նշան է, որ ՄՄ շրջանակներում հնարավոր է լուծել սեփական հարցերը: Բելառուսը շատ օգուտ քաղեց Ռուսաստանի և Ղազախստանի շուկա ազատ մուտք ստանալու հնարավորությունից, սակայն մենք կցանկանայինք միասնական կանոններ հաստատել նաև նավթի, հումքային ռեսուրսների ոլորտներում՝ վերացնելով հատուկ գանձումները: Ցավոք, այդ հարցը մասամբ հետաձգվեց: — Ինչպե՞ս եք վերաբերվում ԵԱՏՄ ընդլայնման հարցին: Ինչպես հայտնի է, երեք երկրների մոտեցումները տարբերվում են: Հնարավո՞ր է, որ Բելառուսը և Ղազախստանը խոչընդոտներ ստեղծեն նոր երկրների անդամակցության համար: — Միությունը հետաքրքիր է միայն այն դեպքում, եթե ընդլայնվում է: Ներկայիս շուկան բավարար չէ: Կենտրոնում հսկա Ռուսաստանն է, իսկ կողքին՝ Բելառուսը և Ղազախստանը: Դա միայն ճանապարհի սկիզբն է: Բելառուսում մենք դա դիտարկում ենք ոչ թե որպես վերջնակետ, այլ ուղու սկիզբ: Այդ պատճառով Հայաստանը պետք է անդամակցի միությանը: Մենք տեսնում ենք, որ Հայաստանը գրեթե պատրաստ է միանալուն արժեքային և հումանիտար տեսակետից, միգուցե կարիք կա մի քիչ առաջ մղելու տնտեսությունը, սակայն դա հնարավոր է անել նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում: Սակայն պետք չէ սահմանափակվել միայն ԽՍՀՄ նախկին երկրներով: Գիտենք, որ հետաքրքրություն են ցուցաբերում Սերբիան, Չերնոգորիան: Վիետնամը, Իրանը և Հնդկաստանը ցանկանում են ստեղծել առևտրային միասնական գոտի: Հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել Չինաստանը՝ առաջ քաշելով Մեծ մետաքսի ճանապարհի եվրասիական ինտեգրման գաղափարը: Դա, ըստ էության, Եվրասիական միության հետ համագործակցության չինական ճանապարհային քարտեզն է: Ունենալով երեք հարթակներ՝ տնտեսական (ՄՄ), ռազմաքաղաքական (ՀԱՊԿ) և հումանիտար (ԱՊՀ), մենք հնարավորություն ենք ստանում կայուն, դինամիկ զարգացող ինտեգրացիոն համայնք ստեղծել, որը միգուցե մի կարգ բարձր լինի Եվրոպական միությունից: Զրուցեց Աննա Կարապետյանը 10.06.2014 http://www.armedia.am/?action=Exclusive [ http://www.armedia.am/?action=Exclusive&what=show&id=1247174558&keyword=%D5%A3%D5%AB%D5%A3%D5%AB%D5%B6〈=arm ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here