ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼ ԼՈՒԾՈՒՄԸ

0
341

Արդյոք Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներն ի չիք չե՞ն դարձնի ԵՏՄ անդամակցությունից ակնկալվող դրական տեղաշարժերը, էլ ավելի չե՞ն բարդացնի մեր երկրի տնտեսական վիճակը։ Այս հարցերի շուրջ է մեր հարցազրույցը տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ: -Այնպես չէ, թե միայն Մաքսային կամ Եվրասիական միության անդամ երկրները վնասներ կկրեն Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից։ Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությունը ռուսների հանդեպ պատժամիջոցներ հայտարարած երկրների առեւտրային հաշվեկշռում էլ զգալի տոկոս է կազմում. Եվրամիության երկրների դեպքում, ասենք, գյուղատնտեսական ապրանքների ավելի քան 10 տոկոսը արտահանվում է Ռուսաստան, իսկ Եվրամիության անդամ որոշ երկրների համար այդ տոկոսն ավելի բարձր է։ Այնպես որ այդ պատժամիջոցներն ազդելու են իհարկե նաեւ եվրոպական երկրների վրա։ Ինչ վերաբերում է Հայաստանին, այդ երկրների նկատմամբ Ռուսաստանի կողմից հայտարարված հակադարձ պատժամիջոցներից մենք կարող ենք շահած դուրս գալ. եթե եվրոպական ապրանքները չեն մտնում ռուսական շուկա, բնականաբար Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, լավ հնարավորություն է ստանում՝ ավելացնելու արտահանումը Ռուսաստան, առավել եւս, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստավոր պայմաններ ստեղծել դրա համար։ Իհարկե սա պոտենցիալ հնարավորություն է՝ դրան պետք է պատրաստվել։ Հայաստանը կարող էր որոշակի կորուստներ ունենալ, եթե ներգրավված լիներ համատեղ նախագծերում, որոնց իրագործումը կապված է Արեւմուտքից նոր տեխնոլոգիաների ներկրման հետ: Սակայն այդ կարգի տեխնոլոգիաները կարող են ներկրվել նաեւ Չինաստանից կամ Հարավային Կորեայից: Չնայած՝ չեմ տեսնում Ռուսաստանի հետ իրականացվող խոշոր պրոյեկտներ, որոնք կարող են տուժել արեւմտյան պատժամիջոցներից։ Այդ առումով, կարծում եմ, այդ գործոնը դժվար թե էական ազդեցություն ունենա մեր տնտեսության վրա։ Գյուղմթերքների արտահանման հետ կապված՝ լուրջ խնդիրներ չեմ տեսնում. այստեղ պոտենցիալ «պլյուսներ» կունենանք։ Եվ, ի դեպ, խոսքը չի վերաբերում միայն գյուղմթերքներին. ժամանակին մենք ունեինք զարգացած թեթեւ արդյունաբերություն, որի արտադրանքը զգալի տոկոս էր կազմում մեր արտահանման պոտենցիալում։ Ցավոք, Հայաստանը կորցրեց այդ պոտենցիալը՝ անհաշվենկատորեն արժեւորելով դրամը ոչ միայն դոլարի, այլեւ եվրոյի, անգլիական ֆունտի, ռուսական ռուբլու նկատմամբ. դոլարի փոխարժեքը մոտ 600-ից հասավ 300-ի, ինչի հետեւանքով զգալի կորուստներ ունեցանք հատկապես ադամանդագործության ոլորտում՝ փաստորեն կորցրինք արդյունաբերության այդ ճյուղը։ Դրամի արժեւորումը բացասաբար անդրադարձավ նաեւ տեքստիլի, կոշիկի արտադրության վրա։ ԵՏՄ անդամակցությունը հնարավորություն է տալիս լրացնել այդ բացը։ -ԵՏՄ մտնելն ինչպե՞ս կազդի դրամ-դոլար հարաբերակցության վրա. մեր ֆինանսական շուկան որքանո՞վ պատրաստ է ինտեգրվելու եռյակի սահմանած խաղի կանոններին։ -Ֆինանսական շուկայում կարո՛ղ է դրամի ոչ էական արժեզրկում լինել՝ ռուսական ռուբլին էլ վերջին ամիսներին որոշակիորեն արժեզրկվել է։ Մի կողմից՝ արժեզրկումը խթանում է արտահանումը, բայց, մյուս կողմից, բերում է տրանսֆերտների արժեզրկման։ Բացի դրանից, պատժամիջոցները կարող են հանգեցնել Ռուսաստանում աշխատատեղերի որոշակի կրճատման, համապատասխանաբար նաեւ տրանսֆերտների ծավալի նվազեցման, բայց մեր միգրանտների զգալի մասը զբաղված է այնպիսի ոլորտներում, որոնք սպասարկում են Ռուսաստանի ներքին շուկան։ Այնպես որ տրանսֆերտների կտրուկ կրճատման հեռանկար չեմ տեսնում։ -Կարծում եք՝ մեզ կհաջողվի՞ խուսափել դրամի արժեզրկմամբ պայմանավորված գնաճային ճնշումներից։ -Որոշակի գնաճային ճնշումներ կլինեն. ասենք, 3-4 տոկոս գնաճի փոխարեն կարող ենք ունենալ 5-6 տոկոս, բայց չմոռանանք, որ այդ կարգի գնաճը եւս ունի իր դրական կողմերը. գների բարձրացման դեպքում կմեծանան բյուջե մուտքագրվող գումարները, որոնք կարող են ուղղվել սոցիալական ոլորտ։ Ամեն դեպքում՝ կարծում եմ, գնաճը կմնա մեր կարգի երկրների համար ընդունելի սահմաններում։ -Վերջին շրջանում Ղարաբաղի մաքսային կարգավիճակի մասին քիչ է խոսվում։ Սա ինչի՞ նշան է։ -Կարծում եմ, բոլորը հասկացել են. սա առաջին հերթին տնտեսական միավորում է, որը չի զբաղվում սահմանների հարցերով՝ դրա համար կան համապատասխան մարմիններ՝ ԵԱՀԿ, ՄԱԿ եւ այլն։ Ինչ վերաբերում է ԼՂ մաքսային կարգավիճակին, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղը եւ չճանաչված մյուս հանրապետությունները դե ֆակտո գտնվում են միեւնույն տնտեսական տարածքում։ Անհեթեթ է մտածել, որ եթե հայ ժողովրդի մի մասը՝ արցախահայությունը, ավելի լավ ապրի, ապա դա կարող է վնասել հակամարտության խաղաղ կարգավորմանը. դա որեւէ տրամաբանության չի ենթարկվում։ Հակառակը, ինչքան ժողովուրդը ավելի լավ ապրի, այնքան ավելի հեշտ կլինի գտնել հակամարտության լուծման բանալին։ Ընդհանրապես պետք է ասել, որ դե ֆակտո մենք արդեն իսկ գտնվում ենք ՄՄ, կամ որ նույնն է, ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներում. փաստն այն է, որ միայն ՄՄ անդամների համար են զեղչվում էներգակիրների՝ նավթի, գազի գները։ ԵՏՄ անդամակցության գործընթացն ունի երեք հիմնական շարժառիթ։ Առաջինը առանց մաքսատուրքի ներկրվող էներգակիրների ցածր գներն են, երկրորդը՝ ներդրումները, որոնց վերաբերյալ արդեն կան որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնց մասին խոսեց նախագահ Պուտինը սեպտեմբերի 3-ին։ Իհարկե՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այդ հարցերը ավելի կհստակեցվեն։ Դրական արդյունքի հասնելու համար շատ համառորեն եւ հետեւողականորեն պետք է պաշտպանենք մեր տնտեսական շահերը։ Հարցը պետք է հստակ դրվի՝ եթե եղել են պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները պետք է կատարվեն։ Երրորդ ուղղությունը ներկրվող որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումն է, որը կարող ենք շատ լավ օգտագործել մեր տեղական արտադրողին պաշտպանելու համար, ինչը չարվեց Առեւտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու ժամանակ։ -Ձեր գնահատմամբ, որքա՞ն արագ մեր արտադրողը կարող է հարմարվել նոր պայմաններին՝ ավելացնել արտահանման ծավալը, մասամբ լրացնել ռուսական շուկայում առաջացած թափուր տեղը եւ ամրապնդվել այդ շուկայում։ -Դրա համար պետք է խրախուսենք ներդրումները, էժան վարկեր տրամադրենք տեղական արտադրողին, հնարավորինս աջակցենք այն ծրագրերին, որոնք ուղղված են արտահանմանը։ Մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ տարբեր ինտեգրացիոն գործընթացներում կտրուկ մեծացնել արտահանումը, որպեսզի կարողանանք բարձրացնել կենսամակարդակը, ավելացնել ՀՆԱ-ի աճի տեմպերը եւ բնակչության զբաղվածությունը, որ նույնպես լրջագույն խնդիր է մեզ համար։ Ինչի՞ հաշվին կարող ենք դա անել. առայժմ այդ հնարավորությունը մեզ տալիս է ՄՄ կամ Եվրասիական ուղղությունը, որից պետք է առավելագույնս օգտվենք։ Կրկնում եմ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ունենալով բացասական ազդեցություն, համատեղ իրականացվող ծրագրերի դեպքում ունեն նաեւ դրական բաղադրիչ։ Տեսեք՝ ինչ է կատարվում. նույնիսկ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, քայլեր է ձեռնարկում ռուսական շուկայում իր ներկայությունը մեծացնելու ուղղությամբ։ Մենք, լինելով նույն ռազմական բլոկում Ռուսաստանի հետ, շատ ավելի նպաստավոր վիճակում ենք այդ առումով։ Ուղղակի պետք է ճիշտ օգտագործենք եղած հնարավորությունները։ -Ըստ որոշ տնտեսագետների՝ ԵՏՄ մտնելու դեպքում առանձին ապրանքատեսակների մաքսատուրքերը կարող են երեք անգամ բարձրանալ։ Նման բան հնարավո՞ր է։ -Կարծում եմ, պրոֆեսիոնալ տնտեսագետը նման հայտարարությունները պետք է հիմնավորի հրապարակայնորեն ներկայացված հստակ հաշվարկներով։ Սա՝ առաջին։ Երկրորդ՝ մաքսային քաղաքականությունը երկսայր սուր է. Ղազախստանը, երբ մտնում էր ՄՄ, առաջարկեց բացառություն անել մոտ 500 ապրանքների համար, հետո ինքնակամ կրճատեց այդ ցուցակը՝ այդ թիվը հասցրեց 70-ի, որովհետեւ մաքսատուրքերը գնում են ընդհանուր ֆոնդ եւ այնտեղից վերաբաշխվում երկրների միջեւ։ Եթե անմաքս ապրանքների ցուցակը մեծացնում ես, քո տոկոսն իջնում է՝ բյուջեի մուտքերը պակասում են։ Եվ հակառակը, եթե մաքսատուրքը բարձրանում է, բյուջե մտնող գումարն ավելանում է, եւ հնարավորություն է ստեղծվում ավելացած գումարն ուղղելու սոցիալական ոլորտ՝ բարձրացնելու կենսաթոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձերը։ -Հաճախ կարելի է լսել, թե որեւէ մեկը հստակ չի հաշվել ԵՏՄ մտնելու «պլյուսները եւ մինուսները», պարզապես մի գեղեցիկ օր արթնացանք եւ որոշեցինք, որ եվրոպական ուղղությունն այլեւս արդիական չէ՝ Հայաստանի ապագան Մաքսային միությունն է։ -Այս տեսակետները, մեղմ ասած, անհիմն են։ Դեռեւս 2013թ. գարնանը հայկական եւ ռուսական կառավարությունների առաջարկով ստեղծվեց աշխատանքային խումբ իմ ղեկավարությամբ, որը աշխատում էր որոշ առումով կոնֆիդենցիալ հիմունքներով։ Մենք այդ ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրինք ե՛ւ մեր կառավարությանը, ե՛ւ ռուսական կողմին։ Ավելին՝ երբ Ռուսաստանի նախագահ Պուտինը եկավ Հայաստան, նախագահները համատեղ հայտարարության մեջ հղում արեցին «պրոֆեսիոնալ տնտեսագետների կողմից իրականացված մանրակրկիտ հաշվարկներին»։ Արժութային միջազգային հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչն էլ արձագանքեց մեր ուսումնասիրություններին՝ վկայակոչելով աշխատանքային խմբի իրականացրած վերլուծությունները։ Այս պարագայում ասել, որ որոշումը մի օրում է կայացվել՝ լուրջ չէ։ ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ http://www.armworld.am/detail.php?paperid=4896&pageid=150486&lang= [ http://www.armworld.am/detail.php?paperid=4896&pageid=150486〈= ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here