ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԱԶԴԵ՞Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

0
433

Հանրության, ինչպես նաեւ որոշ քաղաքական գործիչների շրջանակում լայնորեն շրջանառվում են խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ազդեցությունն անխուսափելիորեն կզգա նաեւ Հայաստանը: Քանի որ պատժամիջոցների ցանկում ներառված ռուսական հայտնի ընկերություններից մի քանիսը սերտ համագործակցության մեջ են Հայաստանի հետ: Թե իրականում ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Հայաստանի վրա, փորձեցինք պարզել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ինտեգրացիոն գործընթացների վերլուծական խմբի ղեկավար ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց. -Այնպես չէ, որ միայն Եվրասիական միության անդամ երկրները կարող են վնասներ կրել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից: Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությունը պատժամիջոցներ հայտարարած երկրների առեւտրային հաշվեկշռում էլ զգալի տոկոս է կազմում. Եվրամիության երկրների դեպքում, ասենք, գյուղատնտեսական ապրանքների ավելի քան 10 տոկոսն արտահանվում է Ռուսաստան, իսկ ԵՄ որոշ երկրների համար այդ տոկոսն ավելի բարձր է: Այնպես որ, այդ պատժամիջոցներն այս կամ այն չափով ազդելու են շատ պետությունների, իհարկեª նաեւ եվրոպական երկրների վրա: — Իսկ ինչպե՞ս այդ պատժամիջոցները կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա: — Նախ ասենք, որ պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի առեւտրային հաշվեկշռի մոտ հինգ տոկոսին: Եվրասիական միությանն անդամակցելովª Հայաստանը նախ էժան էներգակիրներ ստանալու հնարավորություն ստացավ: Չնայած, մենք դեռ վերջնականապես չենք միացել ԵՏՄ-ին, բայց փաստացի այս առավելություններից, որոնք ունեն միայն ԵՏՄ անդամ պետությունները, արդեն օգտվում ենք: Բացի այդ, կան մաքսատուրքերի զեղչեր` նաեւ ներմուծվող ադամանդների մասով: Այս ուղղություններով, անխոս, պատժամիջոցները որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի վրա: — Իսկ ներդրումների առումով` խնդիրներ չե՞նք ունենա, չէ որ Ռուսաստանը Հայաստանում իրականացրել է ուղղակի ներդրումների գրեթե 40%-ը: — Բավական խոշոր ներդրումներ էին սպասվում “Նաիրիտի” վերագործարկման հետ կապված` մոտ կես միլիարդ դոլար, Անվադողերի գործարանում, Հյուսիս-հարավ ճանապարհի համար նախատեսվում է մոտ երկու հարյուր միլիոն, երկաթուղու զարգացման հետ կապված` մոտ կես մլրդ դոլար: Այստեղ մենք որոշակի վտանգներ ունենք, քանի որ պատժամիջոցների արդյունքում ՌԴ-ում ազատ ֆինանսական միջոցների սղություն առաջացել է: Բայց ես կարծում եմ` այս ուղղությամբ ամեն դեպքում ներդրումներ կկատարվեն, քանզի ԵՏՄ-ի կայացման համար սա բավականին կարեւոր հարց է: -Արտահանման առումով խոչընդոտներ չե՞ն լինի: — Հստակ կարող եմ ասել, որ Եվրամիության ուղղությամբ` ոչ: Մեր` ԵՏՄ-ին անդամակցությանը Եվրամիության պատասխանատու պաշտոնյաներն ու ազդեցիկ պետությունների ղեկավարները, ասենք` Ֆրանսիայի նախագահը, քանիցս հայտարարել են, որ ըմբռնումով են մոտենում: Ի դեպ, մինչեւ իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչը համաձայնեց Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու տնտեսական առավելությունները հաստատող մեր փորձագիտական խմբի կողմից կատարված հաշվարկներին: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի ուղղությամբ մեր արտահանմանը, ապա պատժամիջոցների արդյունքում այստեղ ոչ թե անկումներ, այլ աճ ենք սպասում: Հետաքրքիր է նաեւ Վրաստանի օրինակը, որը չլինելով ԵՏՄ անդամ, այդ պատժամիջոցների արդյունքում կարող է կտրուկ մեծացնել իր գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան: Միակ խնդիրն այստեղ այն է, որ դրամի արժեւորումը ռուսական ռուբլու նկատմամբ չնայած կարող է մի կողմից նպաստել մեր երկիր ներկրվող ռուսական ապրանքների գների նվազմանը, սակայն մյուս կողմից էլ՝ նաեւ որոշակի դժվարություններ կարող է առաջացնել մեր արտահանման համար: Սակայն այստեղ խնդիրը միայն ռուբլու արժեզրկումը չէ. կարծում եմ, որ մենք վարում ենք կոշտ դրամավարկային քաղաքականություն, եւ դա ընդհանուր առմամբ նպաստավոր չէ արտահանման եւ ներդրումների համար: — Կանդրադառնա՞ն արդյոք պատժամիջոցները մեզ վրա` տրանսֆերտների կրճատման տեսքով: — Մենք Ռուսաստանից ստանում ենք տարեկան 2 մլրդ դոլարից ավել տրանսֆերտներ, որը կազմում է բոլոր տրանսֆերտների 85%-ը: Ցուցանիշ, որը էապես գերազանցում է մեր արտահանումը: Պատժամիջոցները կարող են հանգեցնել Ռուսաստանում աշխատատեղերի որոշակի կրճատման, համապատասխանաբարª նաեւ տրանսֆերտների ծավալի նվազեցման: Բայց մեր միգրանտների զգալի մասը զբաղված է այնպիսի ոլորտներում, որոնք սպասարկում են Ռուսաստանի ներքին շուկան: Այնպես որ, տրանսֆերտների կտրուկ կրճատման հեռանկար չեմ տեսնում: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=21113:2012-04-04-19-36-17&catid=52:tntesutyun&Itemid=116 [ http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=21113:2012-04-04-19-36-17&catid=52:tntesutyun&Itemid=116 ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here