Արմեն Աշոտյանի առաջարկն «աճող ինքնիշխանության դրսեւորում» է (Տեսանյութ)

0
509

«Հայաստանի նման փոքր, բայց մեծ արտաքին քաղաքական խնդիրներ ունեցող պետության համար, առանց խորհրդարանական դիվանագիտության հնարավոր չէ լուրջ խնդիրներ լուծել միայն դասական դիվանագիտական խողովակներով»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը` հավելելով, որ գնալով աշխարհում մեծանում է խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը: Այս ամենը մեզ համար կարեւորվում է հատկապես խորհրդարանական կառավարման անցնելու տեսանկյունից:

Բանախոսը կարծում է, որ մեր երկրում խորհրդարանական դիվանագիտությունն իրացվելու մեծագույն ներուժ ունի, ոչ միայն երկկողմ, այլ բազմակողմ հարթություններում: Նա օրինակ է բերում`եթե ԵԽԽՎ-ում մեր խորհրդարանականները պասիվ լինեին, մենք այդ կառույցում լրջագույն խնդիրներ կունենայինք. «Պատահական չի չէ՞, որ Ադրբեջանը բավականին մեծ ռեսուրսներ է ծախսում այնտեղ, որպեսզի այնտեղ պոկի բանաձեւեր, որոնք առաջին հայացքից կարող է որեւիցե իմպերատիվ բնույթ չունեն, զուտ կոնսուլտատիվ են, բայց Ադրբեջանը դրանք փորձում է կիրառել պրակտիկ քաղաքականության մեջ`բարոյական հարթությունում»: Նա հույս եւ համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական կառավարման մոդելում մեր խորհրդարանական դիվանագիտության ներուժն ամբողջովին կարող ենք իրացնել:

Aravot.am-ի հարցին`այս կազմով խորհրդարանն ի զորո՞ւ է ուժեղ դիվանագիտություն վարելու, Միհրան Հակոբյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ ի զորու է, որովհետեւ այս կազմով խորհրդարանն արտացոլում է մեր բնակչության, ընտրողների կամքը»: Նա նաեւ օրինակ բերեց, թե ինչպես է հայաստանյան պատվիրակությունը, որի կազմում է եղել նաեւ ընդդիմադիր պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ԵԽԽՎ-ի հարթակում բավական արդյունավետ աշխատել`ի նպաստ ՀՀ-ի եւ Արցախի: «Մեր հարեւան Ադրբեջանում, օրինակ, խորհրդարանում ընդդիմություն գոյություն չունի: ՀՀ-ում դա դժվար է, չէ՞ պատկերացնել»,- ասաց նա`վստահություն հայտնելով, որ այս տեսքով խորհրդարանը հատկապես արդյունավետ է գործելու արտաքին քաղաքական խորհրդարանական դիվանագիտության հարթակում:

Մանրամասները`տեսանյութում

 

«Ինտեգրացիա եւ զարգացում» հկ-ի նախագահ Արամ Սաֆարյանն էլ մեջբերելով Վիկտոր Հյուգոյին`ասաց`խորհրդարանը կարող էր լինել ավելի լավը, բայց բոլոր ժամանակներում խորհրդարանն այն է, ինչպիսին հասարակությունն ուզում է այն տեսնել:

Հայտարարեց, որ Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից լիազորված է ողջունել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած որոշումը`վերլուծական խորհուրդ ստեղծելու մասին: Արամ Սաֆարյանն ընդգրկված է այդ խորհրդում, բայց անկախ դրանից, ինքը դրական է համարում, երբ խորհրդարանն ուզում է անել այնպես, որ երկրի ինտելեկտուալ ներուժը ծառայի արտաքին հարաբերություններում մեր երկրի շահերի սպասարկմանը, լուրջ խնդիրներ առաջ մղելու համար նաեւ սոցիալական աջակցությունը:
«Այն, ինչ առաջարկում է պարոն Աշոտյանը`ստեղծել վերլուծական խորհուրդ, սեփական որոշումները հղկելու համար, սա աճող ինքնիշխանության դրսեւորում է, որովհետեւ միշտ չէ, որ ընդունված որոշումներն ընկալված, հասկացված եւ երկրի շահերին ծառայեցված են լինում»,- ասաց նա`հավելելով, որ քաղաքացիական ինստիտուտների մասնակցությունը կնպաստի միայն որոշումների որակի բարձրացմանը:

Արամ Սաֆարյանն ասում է` շատ կցանկանար, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ձեւավորվեին ԱՄՆ-ի եւ Իսրայելի նման հարաբերություններ:

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ  

 

 

Aravot.am 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here