Ու՞ր են Կարեն Կարապետյանի խոստացած ներդրումները (Տեսանյութ)

0
322

2017-ին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումներն աճել են 17 տոկոսով: Ընդ որում, արտահանվել է հիմնականում պատրաստի արտադրանք: Թվային արտահայտությամբ, այս տարի արտահանումը կգերազանցի երկու միլիարդ դոլարը:

Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած չորրորդ ամենամյա «ԵԱՏՄ երեք տարին. Նվաճումներ եւ հեռանկարներ» թեմայով համաժողովից հետո, Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանն ասաց. «Հատկապես փոքր տնտեսությամբ երկրի համար կարեւոր է տնտեսության մրցունակության բարձրացումը: Այստեղ առանցքային դեր ունի պատրաստի արտադրանքի արտահանման աճը: Սա լավ թիվ է, բայց որպեսզի ունենանք էական զարգացում եւ կարողանանք սոցիալական խնդիրներ լուծել`նվազագույն աշխատավարձը սպառողական զամբյուղին հասցնել, պետք է մեր երկիրը գումարներ աշխատի: Այս դեպքում, պետք է որ պատրաստի արտադրանքի արտահանումը երեք միլիարդ դոլարը գերազանցի»: Տնտեսագետը նկատում է`ներքին տնտեսական քաղաքականությամբ Հայաստանը կարող է հասնել ավելի դրական ցուցանիշների:

«Այո, արտահանման աճ ունենք: Սակայն այն ներդրումները, որոնք սպասում էինք հատկապես ՌԴ-ից եւ որոնց շուրջ բարձր մակարդակով պայմանավորվածություններ կային, դեռ տեղի չեն ունենում: Բայց, չպետք է մոռանալ, որ ԵԱՏՄ-ի հիմնական նպատակը ոչ միայն ապրանքների, մարդկանց, կապիտալի ազատ տեղաշարժն է, այլ նաեւ կոոպերացիան, մոդեռնիզացիան եւ մրցունակության բարձրացումը: Այս խնդիրները դեռեւս չեն լուծվում»,- ասաց մեր զրուցակիցը:

Աշոտ Թավադյանը կողմ է երեք «եւ»-երի սկզբունքին`ինտեգրում ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի եւ երրորդ երկրների`Չինաստան, Իրան, Սիրա եւ այլն, հետ: Ուստի, դրական է գնահատում ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագիրը ևս:

«Մեր արտահանողները դեպի ԵԱՏՄ արտահանելիս մոտ 70 միլիոն դոլար օգուտ են արել, ապա դեպի ԵՄ, ըստ ԵՄ-ի հրապարակած թվերի, 8,7 միլիոն դոլար են արտահանել: Երբ ես այս թիվը հրապարակեցի ՀՀ ԱԺ-ում, մի պետական պաշտոնյա նեղսրտեց: Ասում է`ստացվում է, որ իրենք լավ չենք աշխատում ու չհամաձայնեց այդ թվերի հետ: Ես կարծում եմ, որ շատ անօգուտ գործողություն է, երբ պետական պաշտոնյաները փորձում են իրենց համազգեստի պատիվը պահել: Մենք բոլորս պետք է հանրությանը, պետության ղեկավարությանը ճիշտ թվերն ու ճիշտ ուղղությունները ներկայացնեն, որպեսզի որոշումները ճիշտ կայացվեն»,- ասաց Աշոտ Թավադյանը`հավելելով, որ միգուցե խնդիրներից մեկն էլ այն է, որ մրցակցությունն ապահովված չէ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Aravot,am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here