Որևէ գլոբալացում մարդուն չի կտրի ինքն իրենից, ուրեմն` իր Աստծուց

0
486

Մարտի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վաչե և Թամար Մանուկյանների Մատենադարանում անցկացվեց «Ավանդական արժեքներն ու արդի մարտահրավերները» հայ-ռուսական երրորդ համաժողովը` այս անգամ թիրախում ունենալով երիտասարդներին ու լրատվամիջոցներին` իբրև և արժեքների, և մարտահրավերների կրող: Գուցե տարօրինակ էր, գուցե օրինաչափ, որ երկու տասնյակ ելույթներում հրատապ հարցերն ու առաջարկները բարձրաձայնում էին հոգևորականները, իսկ աշխարհիկ բանախոսները, որպես կանոն, իրենց խոսքը սկսում էին «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հետխորհրդային տարածքում առաջացան բազում մարտահրավերներ…» բառերով ու մնում էին 20-րդ դարի շրջագծում` ԽՍՀՄ-ի փլուզումը ներկայացնելով համատիեզերական մասշտաբի ողբերգություն: Իհարկե, տրենդը հասկանալի է քաղաքական առումով, բայց արդարությունը հուշում է, որ 20-րդ դարում հայերիս մեծագույն ողբերգությունը 2015-ի ցեղասպանությունն է, իսկ համատեղ անցյալում` Երկրորդ համաշխարհային պատերազմը` միայն ԽՍՀՄ-ում 20 միլիոն, գուցե ավելի, զոհերով: ՈՒ դա վիճարկելի փաստ չէ: ԽՍՀՄ-ի փլուզումից երեք տասնամյակ հետո բոլոր հնարավոր ու անհնար խնդիրներն անվանել այդ իրադարձության հետևանք, մեղմ ասած, նշանակում է իրականությունը չտեսնել ու խուսափել ներկայից: Եվ այդ պարագայում ամեն ինչ դառնում է մարտահրավեր ու սպանում է որևէ հեռանկար: Սա` ի դեպ: Իսկ ընդհանրապես` նման համաժողովները շատ հետաքրքիր են հայ-ռուսական հարաբերությունները հասկանալու ու գնահատելու տեսակետից:

Համաժողովին իր ողջույնի խոսքն էր ուղարկել Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, որ բարձրաձայնեց նրա խորհրդական, դեսպանորդ Անդրեյ Իվանովը: Վոլինկինի գնահատականով` վեհաժողովի թեման չափազանց կարևոր է ոչ միայն Ռուսաստանի ու Հայաստանի համար, այլև համաշխարհային հանրության: Ռուս ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիները դարեդար եղել են համամարդկային արժեքների պաշտպաններ ու պահապաններ: Դեսպանը համոզված է, որ այսօր ավանդական ու բարոյական արժեքներն ուղղակի կապված են գլոբալ զարգացման հեռանկարի հետ: Որոշ ՀԿ-ներ ու նույնիսկ պետություններ փորձում են փլուզել հիմնարար ինստիտուտները` ամուսնության, ընտանիքի, և հասարակությանը պարտադրում են կեղծ գաղափարներ: Նյութական բարեկեցության հետևից ընկնելով հասարակությունն ու նրա առանձին հատվածները կորցնում են ուղենիշները, ժողովուրդը դադարում է ժողովուրդ լինել` վերածվելով մարդկանց խմբերի, որ չեն գնահատում իրենց մշակույթը, պետությունը, իշխանությունը, խարխլվում են պետության տնտեսական ու քաղաքական կառույցները: Իվան Վոլինկինը ժամանակակից հասարակության առաջնահերթ խնդիրն է համարում ավանդական մշակութային, բարոյական ու հոգևոր արժեքների պաշտպանությունը: «Պետության հաջողությունը մեծապես կախված է իշխանության ու հասարակության համատեղ դիմակայությունից օտարածին իդեալներին: Ռուս և հայ ժողովուրդները միշտ բաց ու շահագրգիռ են եղել մշակույթների փոխներթափանցմամբ: Վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել երիտասարդության հոգևոր-բարոյական և հայրենասիրական դաստիարակության, հոգևոր կապերի ամրապնդման ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար»` փաստում էր դեսպանը: «Մենք ոչ մեկին չենք պարտադրում ու չենք դատապարտում մեր արևմտյան գործընկերներին, որ նրանք հրաժարվել են իրենց դարավոր քրիստոնեական արժեքներից: Դա նրանց ազատ ընտրությունն է: Թույլ տվեք մենք էլ մեր ընտրությունն անենք»` պաթետիկ կոչ էր արել դեսպանը, որ ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական գրասենյակի տնօրեն տեր Մարկոս քահանա Մանգասարյանը միանգամից սահմանեց, որ մենք ապրում ենք պոստմոդեռնիզմի դարաշրջանում, երբ չկան բացառիկ արժեքներ ու ճշմարտություններ, և դա սխալ է ու անթույլատրելի: Նա հիշեցրեց Հիսուսի խոսքերը` «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» և իբրև Հայ առաքելական եկեղեցու զավակ ու հոգևորական` իր ուրախությունը հայտնեց, որ կազմակերպվում են նման համաժողովներ հայ ու ռուս հոգևորականների մասնակցությամբ: «Եթե պիտի խոսենք ճշմարտության, ավանդական արժեքների մասին, մարտահրավերներին դիմակայելու մասին, ես անկարող եմ այդ խոսակցությանը մասնակցել` առանց եկեղեցու ճշմարտությունը բարձրաձայնելու: Ի՞նչ կապ ունի այդ ամենը զանգվածային լրատվամիջոցների հետ: Մեր իրականության մեջ` ամենաուղիղ: Խնդրանք ու հորդոր լրագրողներին` ձեր առաքելությունը պարզապես հայելային արտացոլումը չէ իրականության: Քրիստոնեությունն ասում է` այս աշխարհի իշխանը չարն է, եթե պարզապես իրականության հայելային արտացոլանքն ենք տալու, մենք ոչինչ չենք տալու: Լրատվամիջոցների գլխավոր նպատակը հասարակությանը առաջ մղելն է, բարոյական արժեքների վերարծարծումն է»` հուշեց ու հորդորեց տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: ՌԴ Դաշնային ժողովի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ևս իր ուղերձն էր հղել:

Նա նշել էր, որ համաժողովի վայրն արդեն տրամադրում է խոր ու խորիմաստ դատողությունների հրատապ խնդիրների շուրջ: Այդպիսի խնդիրներ նա համարում է Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդների ավանդական արժեքներին ուղղված մարտահրավերները, ընդհանուր քաղաքակրթական տարածքի ամրապնդումը, երիտասարդների հոգևոր-բարոյական դաստիարակությունը: Գլոբալացման ու տեղեկատվական տարածքի զարգացման դարաշրջանում ավանդական արժեքների պաշտպանության թեման հատկապես արդիական է: Կարևոր է ոչ միայն քննարկել, թե ինչպես են լրատվամիջոցները ներգործում երիտասարդների հոգևոր-բարոյական կողմնորոշիչների վրա, այլև կոնկրետ առաջարկներ մշակել օտարածին արժեքներին դիմակայելու համար, որ նպատակ ունեն խարխլել դարավոր ավանդույթները:

Գյումրիում Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքական տարածքի վանահայր արխիմանդրիտ Անդրեյը (Վաց) կարծում է, որ կրոնը պետք է անմիջական մասնակցություն ունենա ավանդական արժեքների ձևավորմանը: «Ի՞նչ է կրոնն ընդհանրապես: Մենք հաճախ ենք բառն օգտագործում առանց մտածելու: Բառը լատիներեն realige բառից է, որ նշանակում է միացնել, այդ պատճառով կրոնն ուղղակի նշանակում է մարդուն կապել Աստծո հետ: Այս տեսակետից ֆենոմենին նայելիս պետք է հասկանանք` որո՞նք են իրար կապվող սուբյեկտները ու ինչպե՞ս է այդ կապն իրականացվում: Եթե մենք կյանքին նայում ենք մարդու ու Աստծո կապի տեսակետից, բոլորովին այլ իրականություն է բացվում մեր առաջ, մենք տեսնում ենք մեր անձնական ու հասարակական առաքելությունը, հասկանում ենք` ինչու՞ ենք ապրում, ո՞րն է մեր կյանքի իմաստը: Ես զինվորական հոգևորական եմ և բոլորը, որ բանակի հետ կապ ունեն, հասկանում են, որ հրամանատարությունը կորցրած ջոկատը դատապարտված է պարտության: Երբ մենք ձեզ հետ կորցնում ենք կապն Աստծո հետ, հայտնվում ենք այդ վիճակում: Ձեր կյանքին նայեք այդ տեսակետից` հասկանու՞մ ենք մենք` ինչու՞ ենք աշխարհ եկել, ի՞նչ պիտի անենք, ո՞րն է մեր առաքելությունը: Ավանդական արժեքները շատ արագ են փոխվում առանց կրոնի: Եթե Աստված չկա, ամեն ինչ հնարավոր է: Այն, ինչ մեզ համար անընդունելի է, մեկ այլ ժողովրդի համար կարող է հերոսական համարվել:

Օրինակ` կանիբալիզմը: Մեզ համար դա սարսափելի հանցանք է, իսկ իր ցեղի համար կանիբալը հերոս է: Եթե բարոյական պլատֆորմը չի խարսխվում Աստծո հիմքերի վրա, անկայուն է: Եթե մենք Աստծո հետ կապ ունենք, մենք գիտենք` ինչպես ապրել և մեզ համար որևէ դեպքում անընդունելի են արժեքները, որ Աստծուց չեն բխում: Աստծո հետ մարդու կապը կախված է այն ներքին ազդակից, որ կոչվում է հավատ: Հավատն անընդհատ մեզ հետ է: Մենք ապրում ենք հավատով և առանց հավատի մենք մեռյալ մարմին ենք: Հավատը ծնում է կամք, կամքը ծնում է կյանք: Եթե ուզում եք զրոյական արդյունք, վերացրեք հավատը, և շղթան կքանդվի: Աստծո ներկայությունը վերացրեք ձեր կյանքից ու կկորցնեք ձեր արժեքները` թաղվելով մեղքերի մեջ: Հաճախ ենք ասում` մարդը պետք է տոլերանտ լինի: Իսկ մտածե՞լ եք՝ ինչ է տոլերանտությունը: Տոլերանտ մարդը իմունիտետ չունի, և նրա օրգանիզմ է մտնում նրան սպանող վարակը: Մենք պետք է հարգանքով վերաբերվենք բոլորին, բայց պիտի հստակ հասկանանք` որո՞նք են մեր արժեքները և որո՞նք մեր արժեքները չեն»` զինվորական նշանառությամբ մեխեց արխիմանդրիտ Անդրեյը:

«Ցարգրադ» հեռուստաընկերության ուղղափառ թեմատիկայով խմբագրության գլխավոր խմբագիր Միխայիլ Տյուրենկովն էլ ընդգծեց, որ այսօր մի քանի ավանդական եկեղեցի կա, որ ի վիճակի են հանդես գալ նման մարտահրավերների դեմ՝ ուղղափառները, կաթոլիկները և առաքելական եկեղեցին։ «Այստեղ՝ Հայաստանում, լսեցի մի շատ հետաքրքիր խոսք՝ հայերի համար ավանդույթ է ավանդույթները պահպանելը։ Շատ կցանկանայի, որ այդ ասացվածքով շարժվեն բոլոր քրիստոնյաները։ Եթե մենք համատեղ կարողանանք վերադարձնել և պահպանել ընտանեկան ավանդույթները, այն ուժերին, որ փորձում են աղավաղել այդ ավանդույթները, մենք, Աստծո կամոք, կհաղթենք»,- շեշտեց Միխայիլ Տյուրենկովը։ Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար Անդրեյ Բելյանինովն այն կարծիքին է, որ գլոբալացման արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ակտիվացնել ժողովրդական դիվանագիտությունն ու եվրասիական տարածքի մշակութային փոխգործակցությունը:
ՌԴ Հանրային պալատի ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների ներդաշնակեցման հանձնաժողովի նախագահ Իոսիֆ Դիսկինը հարցնում էր` պատրա՞ստ ենք մենք հրաժարվել գլոբալացումից, և կարևորում էր հարցը` համարելով, որ մենք ոտք ենք դնում մեր պատմական զարգացման կարևորագույն փուլերից մեկը` միաբևեռ աշխարհից անցնում ենք բազմաբևեռ աշխարհին: Դիսկինը համոզված է, որ այս շրջանում մեծանում է նյութական արժեքների մեջ խրվելու հավանականությունը, և դա է արդի աշխարհի հիմնական մարտահրավերը: Գլոբալացումը շատ երկրների տնտեսական զարգացման համար նախադրյալներ ստեղծեց, և միլիոնավոր մարդիկ աղքատությունը հաղթահարեցին:

Գլոբալացման հիմքում, սակայն, ոչ միայն տնտեսական զարգացման իրական կարիքներն էին, այլև արժեքային համակարգերի փոփոխությունը: 20-րդ դարի վերջին ազատական արժեքները քաղաքացիական կրոնի կարգավիճակ ստացան: Դրա մասին բացահայտ խոսում են շատ փորձագետներ, կարգավիճակ, որ սկզբունքորեն կտրված է պատմական իրավիճակից, ազգային ու մշակութային ավանդույթներից, հոգևոր արժեքներից: Շատ երկրներում այդ քաղաքացիական կրոնի կարգավիճակը գաղափարախոսություն դարձավ` ձեռք բերելով կեղծ ազատական էքստրեմիզմի որակներ: Մենք միշտ խոսում ենք մուսուլմանական պսևդոէքստրեմիզմի մասին, բայց չենք խոսում պսևդոազատական էքստրեմիզմի մասին: Ժամանակն է այդ մասին ամբողջ ձայնով խոսելու: Գլոբալացման սոցիոմշակութային մոդելը` ուղղված տարբեր երկրների քաղաքական ու տնտեսական էլիտաներին, խորքային հակասության մեջ է մտնում ազգայինին կողմնորոշված էլիտաների ու հասարակությունների հետ, որոնց համար ավանդույթները կյանքի իմաստի ու ռազմավարության կառուցման հիմքում են: Պսևդոազատական քաղաքացիական կրոնի վրա հիմնված գլոբալացման այդ մոդելը մշտապես պետության ներսում սոցիալ-քաղաքական կոնֆլիկտներ է գեներացնում, որտեղ գլոբալիստները հակադրվում են իրենց ազգային պատկերացումների վրա խարսխվող մեծամասնությանը: Իոսիֆ Դիսկինը համարում է, որ այդ սպառնալիքը էականորեն մեծանում է, շատ երկրներում հասարակական-քաղաքական ասպարեզ են դուրս գալիս խմբեր, որոնց համար արժեքներն ու ավանդույթները իրենց անձնական կյանքի իմաստն են, և դա գլոբալ գործընթաց է ու միայն Ռուսաստանում կամ Հայաստանում չէ: Քաղաքական ասպարեզ են մտնում մարդիկ, որ պատրաստ են կյանքն էլ զոհել ազգային արժեքների պահպանության համար: Այդ իրավիճակը արգելակում է գլոբալացման մոդելի հիմքը` ժամանակը կանցնի և սոցիալ-քաղաքական իրավիճակը կկայունանա: Բայց հակասությունները խանգարում են: Սոցիալ-քաղաքական գործընթացները արժեզրկում են գլոբալացման սոցիալ-տնտեսական հաջողությունները` վախեցրեց Իոսիֆ Դիսկինը:

Համաժողովի երկու տասնյակ ելույթների քվինտէսենցիան էր` պահպանեք ավանդական արժեքները և մի տրվեք Արևմուտքի հոռի բարքերին: Բայց պետք չէ որոմը խառնել ցորենին` հրաշալի մտքերն ու հրաշալի մտահոգություններն իրականում տեղ հասցնելու ու վերացնելու շիտակ ճանապարհը այս հույժ կարևոր ու հույժ արդիական խնդիրները կեղծ քաղաքականացումից դուրս բերելն է: Երբ խնդրո առարկա են մարդու հոգին, հավատը, արժեքները, ընթացիկ քաղաքականությունը միայն խանգարում է: Ապարդյուն է հաստատել, որ Արևմուտքը Սոդոմ-Գոմորն է, իսկ մենք՝ Տիրոջը կորցրած մոլորյալ ոչխար: Արևմտյան քաղաքակրթությանն ու իրական արժեքներին պետք չէ հակադրվել, պետք է այդ քաղաքակրթությունից վերցնել այն, ինչ բխում է մեր ազգային նկարագրից ու արժեքներից: Քաղաքակրթությունների հակադրության վրա կարող են խաղալ քաղաքական գործիչները, քաղաքակրթությունների համադրումը անհրաժեշտություն է համամարդային մնայուն արժեքների ձևավորման համար: Եվ այդ համադրման մեջ իրենց պարտադիր խոսքը պիտի ասեն հոգևորականները: Եկեղեցին անջատված է պետությունից, բայց եկեղեցին ամենաուղղակի կապի մեջ է հասարակության հետ: Իսկ դա պարտադրում է անհապաղ արձագանքել մարդու խնդիրներին, որ չլուծվելով` դառնում են հասարակական պրոբլեմ: Քաղաքակրթությունների համադրման մասին ռուս-հայկական համաժողովում ոչինչ չասվեց, գուցե դեռ կասվի: 2019-ին կամ 2020-ին: Համաժողովն ավանդական է և կազմակերպվում է ՌԴ նախագահի դրամաշնորհով: Համաժողովի արդյունքներով կմշակվի բանաձև` ուղղված Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդներին, եկեղեցիներին ու իշխանություններին` ավանդական արժեքների պահպանության և մարդասիրական համագործակցության խորացման հորդորով:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Համաժողովի շրջանակներում բացվել էր հինավուրց ձեռագիր ու տպագիր փաստաթղթերի ցուցահանդես, որի այցելուները կարող էին տեսնել 19-րդ ու 20-րդ դարերից պահպանված վկայություններ` եկեղեցական գրանցամատյաններ, որոնց մեջ ամբողջ տոհմագրություններ կան` ծննդյան, կնունքի, ամուսնության ու մահվան: Ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի Ազգային արխիվն էր, ու սքանչելի է, որ մեր պետության արխիվում կան այդպիսի փաստաթղթեր տարածքներից, որ արդեն մերը չեն:
Իսկ դրսում գմբեթը շինարարական փայտամածների մեջ թաքցրած մայր տաճարն էր, որ մանրազնին վերականգնվում է: Տաճարի ներսում հատուկենտ հավատացյալներից շատ էին զբոսաշրջիկները, նրանց իտալերեն ու անգլերեն պատմում էին` ինչպես է Հիսուսն իջել այս վայրում, ու վայրը կոչվել է Էջ Միածին, երևի նաև այն բոլոր առասպելներն ու պատմությունները, որ դարերի հետ գալիս են մեզ զուգահեռ: Իսկ հաստատումը Սուրբ գեղարդն է` տաճարում: Ճիշտ է` սրահ մուտքը տոմսով է, իսկ տոմսարկղը տաճարից դուրս ինչ-որ տեղ է: Համարենք դա գլոբալացման հետևանք և հարված մեր ավանդական արժեքներին: Բայց թրթռացող մոմերի մեջ Աստծո հետ խոսակցություն կա ու հավատ: Եվ եթե հավատը կամք է, կամքը` կյանք, ապրողները երբեք չեն դադարի Աստծո հետ խոսել: Նույնիսկ նրանք, որ կարծում են` Աստծուն հնարել են ու մոռացել են պատմությունն ավարտել: Որևէ գլոբալացում մարդուն չի կտրի ինքն իրենից, ուրեմն` իր Աստծուց:

 

Irates.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here