«Մոսկվա -Երեւան –Աթենք. նոր ռազմաքաղաքական առանցք». Գագիկ Հարությունյան

0
351

«Հայաստանը չունի տարածաշրջանային որեւէ դաշնակից, բայց դրա հավակնորդ կարող է լինել Հունաստանը». այս կարծիքին է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը: Այսօր «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. Իրողություններ եւ արդի մարտահրավերներ» համաժողով- «ուղեղային գրոհի»-ի ժամանակ, անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին, Գագիկ Հարությունյանն ընդգծեց. «Մեր երկրների ազգային անվտանգության տեսանկյունից՝ վերոնշյալ քաղաքակրթական ներուժը դեռեւս լիովին ադեկվատ չի ընկալվում եւ չի օգտագործվում։ Մինչդեռ, հաշվի առնելով ՆԱՏՕ-ին անդամակցող երկրներում ընթացող կենտրոնախույս գործընթացները եւ ՀԱՊԿ որոշ անդամների քաղաքական դիրքորոշումների պատճառով առաջացած խնդիրները՝ չպետք է բացառել, որ այդ ռազմաքաղաքական կառույցները կարող են եւ ենթարկվել որոշակի ձեւաչափային փոխակերպումների։ Այդ համատեքստում, փորձելով դատողություններ անել «ժամանակային տրիադայում» ապագայի կանխատեսման կարեւորության վերաբերյալ թեզիսի շրջանակներում, խիստ հեռանկարային կարելի է գնահատել Մոսկվա -Երեւան -Աթենք ռազմաքաղաքական առանցքի հնարավոր ձեւավորումը, որին հետագայում կարող են միանալ նաեւ բալկանյան երկրները»։

«Ինտեգրացիա եւ զարգացում» կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանն էլ իր ելույթում ասաց. «Ունենք քաղաքական նոր իրավիճակ եւ հարկ է, որ ՌԴ-ի հետ աշխատող հայկական շրջանակները մեկ անգամ ևս արդիականացնեն փոխադարձ կարեւորություն եւ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն ու խնդիրները»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here