Գագիկ Հարությունյանը Հայաստանի առաքելությունը տեսնում է եվրոպական և եվրասիական գործընթացներում կամուրջ լինելու մեջ

0
445

ԵՐԵՎԱՆ, 17  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանին օգուտ է և շահեկան  Եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակցելը: Հայաստանն ու դեռևս չօգտագործված հսկայական ներուժ այս դաշտում օգուտներ ձեռք բերելու համար:  Այս մասին «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Այժմ այն փուլում ենք, որ քաղաքական ուժերը պատրաստվում են քարոզարշավի, մշակվում են քաղաքական պլատֆորմներ և կա կարիք հրավիրելու քաղաքական ուժերի ու ընտրողների ուշադրությունը մի շարք կարևոր հանգամանքների վրա: Մենք համոզված ենք, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանգնած է հայ-ռուսական բարեկամության ամրապնդման և զարգացման հիմքում: Այս մեծամասնության համար կարևոր է, որ Հայաստանը պահպանի այն քաղաքական  կուրսը, որը մինչև հիմա երկրի համար ապահովել է անվտանգություն, այն տարել է տնտեսական զարգացման ուղիով»,-ասաց Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, Հայաստանի բնակչությունն իրավունք ունի հիմնական քաղաքական ուժերից ակնկալելու նախընտրական այս շրջանում հստակ արտահայտվելու հայ-ռուսական քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ համագործակցության զարգացման գործում իրենց ակտիվ ներդրման, նպատակների մասին:

«Շատ հույս ունենք, որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը, որոնք մինչև այսօր էլ արտահայտվել են հայ-ռուսական հարաբերությունների կարևորության ու դրանում ուրույն տեղ ունենալու իրենց ցանկության մասին, շարունակեն հստակ ազդանշան ուղարկել Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի մյուս երկրների մեր գործընկերներին»,-ավելացրեց Արամ Սաֆարյանը:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանի խոսքով, առաջիկա ընտրությունների համատեքստում, արդեն իսկ շոշափվում է Ռուսաստանը, Արևմուտքը: Նրա կարծիքով, պետք է ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է և՛ եվրոպական, և՛ եվրասիական գործընթացներին:

«Հայաստանի առաքելությունն է կամուրջ հանդիսանալ եվրոպական և եվրասիական գործընթացներում, այլ ոչ թե՝ հակասությունների պատնեշ: Սրանից մենք միայն կարող ենք օգտվել»,-ասաց Գագիկ Հարությունյանը:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենի խոսքով, պետք է ուշադրություն դարձնել տեխնոլոգիական ներուժին: Այն վերջին 30 տարվա ընթացքում էապես նվազեցվել է, ինչը պետք է վերականգնել: «Մենք պետք է այս ընտրություններում ընտրենք այն ուժերին, որոնք կարող են ապահովել Հայաստանի զարգացումը»,-հավելեց Գագիկ Հարությունյանը:

Սոցիոլոգ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանը նշեց, որ Հայաստանում կուսակցական գաղափարախոսությունների հիմնական ջրբաժանը աշխարհաքաղաքական է։ Հասարակական դիրքորոշումներում Ռուսաստան – Արևմուտք կողմնորոշումների հարաբերակցությունն է 70/30:

«Այդ տեսակետից՝ «Թավշյա հեղափոխության» ռազմավարությունը իմաստուն էր, կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսը ոտքի կանգնեցրեց և համախմբեց հասարակության երիտասարդ և ակտիվ հատվածը, իսկ ամենասկզբից և պարբերաբար հնչող բացատրությունը, որ հեղափոխությունը նպատակ չունի փոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, հետ պահեց շարժումը պառակտումից և քաղաքացիական ընդհարումներից»,-ասաց Սամվել Մանուկյանը:

Սոցիոլոգի խոսքով, Հայաստանի քաղաքական գաղափարախոսությունների դաշտում փաստորեն բացակայում է իսկական գաղափարական ջրբաժանը՝ տնտեսակարգի վերաբերյալ հարցը կամ արտադրության միջոցների նկատմամբ սեփականության հարցը։

«Հայաստանում մաքուր սոցիալիստական ընտրազանգվածը կազմում է 72 տոկոս, մաքուր լիբերալ հատվածը՝ 8 տոկոս, մնացած 20 տոկոսը խառը տիպեր են։ Ընդ որում՝ Հայաստանի արդյունաբերությունում պետական մասնաբաժնի ավելացման կողմնակիցների և մասնավոր սեկտորի կողմնակիցների հարաբերակցությունն է՝ 92/8»,-ասաց նա:

Սոցիոլոգը նշեց, որ աշխատանքի միջոցների նկատմամբ սեփականության ձևերի մասին կուսակցական դիրքորոշումների բացակայությունը կամ լուռ համաձայնությունը, այն հիմնական պատճառն է, որի հետևանքով Հայաստանում կուսակցական համակարգը և դրա բոլոր «գաղափարախոսությունները» չեն համապատասխանում հասարակության լայն սպասելիքներին։ Ըստ նրա՝ այս պայմաններում կուսակցական ամբողջ համակարգի կարևորագույն բնութագիրն է դառնում պոպուլիզմը:

 

Armenpress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here