ՌԴ-ում միանշանակ չեն ընկալել, որ Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ-ի ցուցակում է. (Տեսանյութ)

0
371

Հայաստանյան քաղաքական դաշտում հայտնվել են հակառուսական ուժեր, որոնք կարող են Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական կոնֆրոնտացիաների մեջ: Այս մասին այսօր`արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը, հայտարարեց «Ինտեգրացում և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը` «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած «Նախընտրական մարաթոն Հայաստանում և հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հրատապ հարցերը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ:

Արամ Սաֆարյանի համար առաջնային է այն, որ այս քարոզարշավում, այսպես կոչված «տանող ուժերը» ներկայացնեն իրենց հստակ մոտեցումները հայ-ռուսական հետագա հարաբերությունների վերաբերյալ , քանզի, իր ներկայացմամբ, վերջին շրջանի հետազոտությունները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդն այդ համագործակցությունների կողմնակից է եւ ցանկանում է, որ իշխանությունն էլ իր կողքին կանգնի: Այս իմաստով էլ կարեւոր է հիմնական տանող ուժերի կողմից հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ իրենց տեսլականների ներկայացումը: ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ռեսուրսը`հայ-ռուսական հարաբերություններում պիտի լավագույնս օգտագործվի:

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը կարեւոր է համարում այն, թե ի՞նչ տեղի կունենա Հայաստանում`ընտրություններից հետո: Չի վիճարկում, ակնհայտ է, որ ընտրությունները մեկնարկում են ժողովրդավարական ընթացքով, բայց իր համար դեռ հարց է`որքանո՞վ իրենց էությամբ դրանք կլինեն ժողովրդավարական` նկատի ունենալով հետհեղափոխական էյֆորիան: Այս իմաստով, նաեւ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ արտահերթ ընտրությունները երբեք էլ ժողովրդավար չեն լինում, քանզի տեղի են ունենում որեւէ ուժի շահագրգռվածությամբ: Վստահ է՝ քարոզարշավը բավականին կոռեկտ կընթանա: Մի քանի առանձնահատկություններ է առանձնացնում. Հայաստանում իշխող ուժին իրական ընդդիմություն ռուս վերլուծաբանը համարում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Բայց նա չի մասնակցում ընտրություններին»: Նաեւ`ձախ ուժերը`Կոմկուս, սոցիալ դեմոկրատական ուժերը, չեն մասնակցում ընտրություններին:

Երեւանյան տաղավարից քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը չհամաձայնեց. նորաստեղծ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը սոցիալ- դեմոկրատական է, եւ այս ընտրություններում քաղաքական ողջ սպեկտորը ներկայացված է:

Ռուս վերլուծաբանին մտահոգում է`«Իմ քայլը» չի հայտարարել իր աշխարհաքաղաքական մոտեցումները: Մյուս կուսակցությունների եւ դաշինքների մասով էլ այս առումով հանգիստ չէ: Վիգեն Հակոբյանը կրկին համամիտ չէ. Նիկոլ Փաշինյանը`«ստիպված իրատես» է, եւ մասամբ արդեն հրապարակել է իր արտաքին քաղաքական տեսլականները`կիրակի օրը կայացած նախընտրական դրամահավաքում հայտարարելով , որ ռեւերսներ չեն լինելու, ՌԴ-ն կմնա ՀՀ-ի ռազմավարական գործընկերը: Քաղտեխնոլոգը կարծում է, որ աջ կենտրոնամետ ուղղություն է վերցրել իշխող ուժի լիդերը: Մյուսները նայում են, թե ինչ կասի Նիկոլը, որ կրկնեն: Այս իմաստով, նա կոմունիստական կարգախոսը հիշեց. «Ասում ենք Լենին`հասկանում ենք կուսակցություն, ասում ենք կուսակցություն, հասկանում ենք Լենին»: Վլադիմիր Լեպյոխինը կարծում է, որ «Իմ քայլը» դաշինքը 60 տոկոսից ավելի ձայն կունենա ապագա խորհրդարանում: ԲՀԿ-ի համար նա կանխատեսում է երկրորդ հորիզոնականը` երկու անգամ ավելի քիչ ձայներով, քանի 2017-ին: Այդ ժամանակ, հիշեցնենք, ԲՀԿ-ն 30 տոկոս էր հավաքել: ՀՀԿ-ն եւ «Սասնա ծռերը», ռուս վերլուծաբանի կարծիքով, կպայքարեն երրորդ տեղի համար: Վլադիմիր Լեպյոխինի համար անհասկանալի է ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը: Հիշեց`իր կողմից շատ հարգված եւ այդ ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված «ակնհայտ արեւմտամետ» Դավիթ Շահնազարյանը Ղրիմի միացումը ՌԴ-ին անեքսիա է անվանում: Նա վերապահում ունի նաեւ եվրոպամետ Արփինե Հովհաննիսյանի մասով:

Այլ մանրամասները`տեսանյութում:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ «Իմ քայլի» համար 65-75 տոկոս է կանխատեսում: Աում է`ԲՀԿ-ն կլինի ԱԺ-ում, բաց հազիվ 10 տոկոս ձայնով: Կարծում է, որ ԲՀԿ-ն այս քարոզարշավում շատ չի քննադատի իշխանությանը, ինչպես Երեւանի ավագանու ընտրություններում: «Գելափի»`ՀՀԿ-ի համար կանխատեսած 0,5 տոկոսը շատ նախնական է համարում: Չի կարծում, թե այս քարոզարշավը ծրագրերի ներկայացում եւ բանավեճ կլինի: Անակնկալներ էլ չի սպասում: Նկատում է`ՀՀ-ում ավանդաբար պրոռուսական է լինում իշխող ուժը: Այդպես եղել է ՀՀ երեք նախագահների իշխանության ժամանակ: Քաղտեխնոլոգը մտահոգ չէ՝ «Սասնա ծռերը» հինգ տոկոս շեմը չեն անցնի, «Մենք» արեւմտամետ դաշինքը նրանցից ձայներ կտանի: «Մենք»-ը, իր գնահատմամբ, արեւմտամետ է, բայց հակառուսական չէ՝ ի տարբերություն «Սասնա ծռերի»: «ՀՀԿ-ն հասկացավ, որ պիտի աշխատի իր՝ թեկուզ փոքր, բայց կայուն հականիկոլական ընտրազանգվածի հետ եւ կլինի իշխանության ամենաուժեղ քննադատը` իր կողմը ներգրավելով Փաշինյանից դժգոհներին»,- կարծում է քաղտեխնոլոգը: ՀՀԿ-ն չի կատարի իր առավելագույն ծրագիրը, եւ երկրորդ տեղ չեն զբաղեցնի, ինչպես ցանկանում են, բայց նվազագույն շեմը կհաղթահարեն`եթե չկոտրվեն, քանի որ, իր համոզմամբ, թե իշխանությունը, թե հակաՀՀԿ-ական էլեկտորատը շատ կճնշի:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here