«Նախընտրական մարաթոնը Հայաստանում եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության արդի հիմնախնդիրները» թեմայով այսօր տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ինստիտուտի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ նշեց, որ hայ քաղաքագետները եւ ընտրությունների գործընթացի ու նախընտրական մարաթոնի դիտորդները շատ են ցանկանում են, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լավագույնը լինեն, ինչպես հայտարարում են իշխանությունները:
«Մենք ցանկանում ենք, որ ընտրություններն անցկացվեն ազատ, արդար եւ համապատասխանեն միջազգային ստանդարտներին, որպեսզի այն նպաստի քաղաքացիական հասարակության ինքնագիտակցության բարձրացմանն ու քաղաքագիտական գրագիտության աճին», — ընդգծեց Ա. Սաֆարյանը:
Եվրասիական փորձագիտական ինստիտուտի համակարգողը նաեւ կարեւորեց քաղաքական դաշտի հիմնական մասնակիցների՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ նրանց առաջնորդների կողմից հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների մասին իրենց հստակ պատկերացումներն արտահայտելու անհրաժեշտությունը. «Վերջին տարիների սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայ բնակչության մեծամասնությունը կողմ է հայ-ռուսական բազմակողմանի հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը եւ ուզում է, որ քաղաքական ուժերը հենց այս ճանապարհով ընթանան»:
Ա. Սաֆարյանը, միեւնույն ժամանակ, իր մտահոգությունը հայտնեց, որ նախընտրական այս շրջանում հայտնվել են քաղաքական խմբեր եւ կուսակցություններ, որոնք հանդես են գալիս հակառուսական դիրքերից եւ կարող են Հայաստանին ներքաշել համաշխարհային աշխարհաքաղաքական առճակատման մեջ:
«Չպետք է թույլ տալ այս ամենը, եւ մենք հուսով ենք, որ խորհրդարանում այն քաղաքական ուժերը, որոնք մեծամասնություն կստանան, կկարողանան վերջ դնել նման հռետորաբանությունը՝ իրենց դրական գնահատականներով, հայ-ռուսական հարաբերությունների ապագայի նկատմամբ իրենց տեսլականով եւ այն ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ իրենց մասնակցությամբ», — շեշտեց «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.