«Նախընտրական մարաթոնը Հայաստանում եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության արդի հիմնախնդիրները» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԸ նշեց, որ էյֆորիան Հայաստանում կարծես կամաց-կամաց մարում է, ինչի մասին փաստում են հայկական ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ այն ակնհայտ դարձավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երեւանյան քայլերթի ժամանակ:
«Որքան հնարավոր է դատել կադրերից, ի տարբերություն նախորդ բուռն իրադարձություններին, երբ հարյուր հազարներ էին փողոց դուրս գալիս, այդքան շատ ժողովուրդ չէր հավաքվել, ընդամենը մի քանի հազար մարդ կար: Տեղեկատվական քարոզչություն էլ այդքան ակտիվ եւ արդյունավետ չէր», — նշեց Ա. Արեւեշեւը:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին՝ ռուս քաղաքագետի գնահատմամբ՝ այն որոշակի վակուումում է հայտնվել: Նա հիշեցրեց, որ հունվարի 1-ից Կովկաս նավահանգստով հաղորդակցությունը դադարում է:
«Փաստացի կստացվի, որ Հայաստանը ոչ թե երկու, ինչպես հիմա է, այլ չորս, եթե ոչ փակ, ապա դժվարանցանելի սահմաններ կունենա: Իրանական կողմի հետ հասկանում ենք, թե ինչու, նույնը նաեւ վրացական սահմանի առումով», — ասաց Ա. Արեշեւը:
Թե ինչ է սպասվում Հայաստանին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ ռուս քաղաքագետը հետեւյալ տեսակետը հայտնեց. «Կարող ենք միայն հուսալ, որ հարաբերությունները դուրս կգան անկայուն վիճակից, որում հայտնվել էր Հայաստանն օբյեկտիվ պատճառներով, քանի որ իշխանություն էր փոխվում: Բայց դեկտեմբերի 9-ից հետո Հայաստանում անկայուն վիճակը չի վերանա: Հետեւաբար, անհրաժեշտ է չկորցնել հայ—ռուսական երկխոսության թելը, որը անվտանգության տեսանկյունից կարեւորագույն նշանակություն ունի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ