«ԵԱՏՄ շուկան լավագույն եւ առայժմ անփոխարինելի ասպարեզ է». Արամ Սաֆարյան

0
487

Եվրասիական փորձագիտական ակումբն անցկացրեց տարեկան 5-րդ համաժողովը, որը կրում էր «ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության չորս տարին. Եվրասիական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» խորագիրը: Համաժողովին ամփոփվեցին Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության անդամակցության նախորդ 4 տարիները ոլորտ  առ ոլորտ` անդրադառնալով տնտեսական ձեռքբերումներին, քաղաքական մարտահրավերներին եւ սոցիոլոգիական վիճակագրությանը, ինչպես նաեւ բարձրաձայնելով խնդիրների ու անհրաժեշտ  լուծումների մասին:

Ի դեպ, մինչ գիտական զեկույցներին անդրադառնալը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ, ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԸ եւ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ներկայացուցիչ ԴՄԻՏՐԻ ՍԵՄԵՆՈՎԻՉԸ:

Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, Եվրասիական փորձագիտական ակումբը համալրվեց եւս երեք անդամներով: Նրանց թվում էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ, Շիրակի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԼԻԼԻԹ ԱՍՈՅԱՆԸ եւ ԵՊՀ դասախոս ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

Իրենց գիտական զեկույցներով հանդես եկան «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրաստիական փորձագիտական ակումբի անդամ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՖԱՐՅԱՆԸ, տնտեսական գիտությունների դոկտոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

Խոսելով Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության 4-ամյա ձեռքբերումների մասին` «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ  նախ նշեց, որ ԵԱՏՄ տարածքում մեր արտահանման ծավալները վերջին 3 տարվա ընթացքում կրկնապատկվել են երկու անգամ:

«Եվրասիական տնտեսական շուկան լավագույն եւ, առայժմ, անփոխարինելի ասպարեզ է մեր պատրաստի արտադրանքի արտահանման ծավալները մեծացնելու համար: Մեծանում է ՌԴ-ից Հայաստան եկող ուղիղ տրանսֆերտների ծավալը, որը ՀՀ բնակչության մի մասին պատշաճ ապրելակերպի հնարավորություն է տալիս, մեծանում է նաեւ մեր գյուղատնտեսական մթերքների արտահանումը Ռուսաստան: Մոտակա երկու տարիներին արտահանման մեր ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ շարունակելու են աճել»,- ընդգծեց Սաֆարյանը:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողի գնահատմամբ` 2019թ. շատ կարեւոր տարի է. «Հայաստանը եկող տարի նախագահելու է ԵԱՏՄ-ում: Սա նշանակում է, որ մեր երկիրը պետք է աչքի ընկնող նշանակալից մեկ կամ մի քանի միջոցառումներով հրավիրի ամբողջ հետխորհրդային տարածքի եւ աշխարհի զգալի մասի ուշադրությունը: Դեռ չգիտեմ` կառավարությունն ինչ է ուզում անել, բայց մի քանի առիթով հայտարարել եմ, որ մենք անելու ենք մեծ կոնֆերանսներ, միջոցառումներ, որոնց մասնակից ենք դարձնելու ռուս, բելառուս, ղազախ գործընկերներին: Նպատակը մեկն է` քանդել այն բոլոր պատնեշները, որոնք խանգարում են մեր ժողովուրդներին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here