Նախկին իշխանական միջանցքների «քչփչոցները» ՝ Հայաստանի եվրասիական ինտեգրման մասին

0
357

«Մենք քաղաքական ինտեգրացիա չենք քարոզում․ դա անիմաստ է, քանի դեռ դրա ազդակները չկան բոլոր կողմերից։ Եթե մեզ հաջողվեց ստեղծել նոր քաղաքակրթական՝ եվրասիական արժեքներ, ապա հպարտ ենք լինելու, որ ապրում ենք այս տարածքում»,- այսօր Երեւանի պետական համալսարանում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը։

Դասախոսության թեման էր՝ «ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարին․ առաջնահերթ խնդիրներ, մեր ազգային եւ պետական շահերն առաջ մղելու համար»։

Հիշեցնենք, 2019 թվականին Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում։ Արամ Սաֆարյանի համոզմամբ, ԵԱՏՄ-ի ամենափոքր տնտեսություն ունեցող Հայաստանի համար այս տարին կարող է եւ պետք է լինի մի ժամանակ, որը կարող է օգտագործվել մեր երկրի ներդրումային ներուժը մեծացնելու, Հայաստանի ճանաչելիությունն ու գրավչությունը ընդլայնելու համար: Այս համատեքստում նա ներկայացրեց անցած հինգ տարիներին ԵԱՏՄ-ում Հայաստանի նվաճումներն ու հեռանկարները․ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ դարձավ 2015թ. հունվարի 2-ից: 2015թ. արտակարգ ծանր տարի էր եվրասիական տնտեսական տարածքի համար: Իրար գումարվեցին գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, նավթի գների անկումը, արեւմտյան արգելամիջոցները եւ ռուսական ռուբլու արժեզրկումը: Այդ տարվա վերջում ԵԱՏՄ տնտեսություններն արձանագրեցին, որ վերոհիշյալ պատճառներով անկումը հնարավոր եղավ կասեցնել եւ վնասները հասցնել նվազագույնի: 2016թ. կեսերից տնտեսական վիճակը ԵԱՏՄ-ում սկսեց կայունանալ եւ Ռուսաստանը դուրս եկավ դանդաղ, բայց կայուն զարգացման ուղի: Ինչպես եւ սպասվում էր, դա ամենանպաստավոր ազդեցությունն ունեցավ միության անդամների եւ հատկապես փոքր տնտեսությունների վրա:

Հայաստանը սկսեց մեծացնել արտահանման ծավալները ԵԱՏՄ ուղղությամբ (գլխավորապես Ռուսաստան), ինչը դրական կերպով սկսեց ազդել մեր տնտեսական ցուցանիշների վրա: Հաջորդ երեք տարիների ընթացքում արտահանումը դեպի Ռուսաստան ավելի քան կրկնապատկվեց: Հայաստանի արտահանումը 2017թ. գերազանցեց 2 մլրդ. դոլարի սահմանը, իսկ 2018թ.` 2,4 մլրդ. սահմանը: Բանախոսը ներկայացրեց Եվրասիական փորձագիտական ակումբի տնտեսագետ անդամների կարծիքն այն մասին, որ արտահանմանը միտված առողջ տնտեսություն ունենալու համար արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ին պետք է կազմի 50%: Սա այն դեպքում, երբ մենք ուզում ենք ունենալ երկրի սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված եւ բնակչության կենսամակարդակի բարելավման վրա էապես ազդող առողջ տնտեսություն:

«2017թ. 7,2% ՀՆԱ-ի աճից հետո հնարավոր դարձավ մտածելը այնպիսի տնտեսություն ունենալու մասին, որը տարեկան 7% եւ ավելի ՀՆԱ-ի աճ արձանագրելով, կարող է Հայաստանը դուրս բերել զարգացող երկրների ավելի պատվավոր շարք: 2016թ. Հայաստանում կային հոռետեսներ եւ թերահավատներ, ովքեր վիճարկում էին ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության իմաստն ու արդյունավետությունը: Բայց այսօր, 2019թ., Հայաստանի նախագահության տարում մենք արձանագրում ենք, որ մեր քաղաքական դաշտի բոլոր լուրջ, ազդեցիկ եւ հեղինակավոր քաղաքական ուժերը համակարծիք են այն հարցում, որ մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին նպաստում է տնտեսության զարգացմանը, ժողովրդի բարեկեցության աճին, երկրի քաղաքական եւ տնտեսական անվտանգության ապահովմանը եւ, վերջապես, մեր ինքնիշխանության ամրապնդմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ Եվրասիական փորձագիտական ակումբի խնդիր են համարում առաջ մղել եվրասիական ինտեգրման զարգացման եւ խորացման հնարավորությունները եւ դրանում Հայաստանի կառուցողական մասնակցության հարցերը: Դրա համար, անհրաժեշտ է արմատապես բարելավել ինտեգրացիոն կառույցներում մեր երկրի շահագրգիռ մասնակցությունը: «Դեռ նախորդ իշխանության ժամանակ, իշխանական միջանցքներում քչփչում էին, որ Հայաստանի քաղաքական վերնախավի շատ երեւելի գործիչներ եվրասիական ինտեգրմանը վերաբերում էին իբրեւ նվազագույն չարիքի եւ աշխատում էին այդ ուղղությամբ ավելորդ գլխացավանք չստանալու պարզ մղումով: Մոսկովյան վերնախավերում ավելորդ լարվածություն չստեղծելու մղումով, նույնպես կիսաձայն տարակուսում էին, թե ինչո՞ւ է պաշտոնական Երեւանը դրսից ստացվող զանազան առաջարկներին ու հարցերին առանց մեկնաբանելու, առանց խորանալու, առանց առանձնակի հետաքրքրության արագ-արագ դրական պատասխանում: Հիմա, մեր նոր իշխանությունը, որն ունի ընտրողների աջակցություն եւ հայտարարում է նաեւ եվրասիական ինտեգրման ոլորտում շահագրգիռ մասնակցության օգտին, պետք է որ մտածի այս ոլորտում աշխատող պետական կառավարման օղակների որակական բարելավման մասին»,- ասաց Արամ Սաֆարյանը։:

Նա վստահ է, որ Հայաստանի իշխանությունը կարող էր իր նախագահության տարում ձեռք մեկնել գիտափորձագիական դաշտին եւ ակադեմիական, համալսարանական, մտավորական հանրությանըՙ մեծացնելու համար համագործակցությունը, որն ուղղված է եվրասիական ինտեգրման գործընթացում Հայաստանի հնարավորություններն ու ձգտումները մեծացնելուն: Եվրասիական փորձագիտական ակումբն էլ պատրաստ է այդ ամենում իր մասնակցությունն ունենալ։ «Ռուսաստանը Հայաստանի անվտանգության կարեւոր երաշխավորն է, Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ուղիղ ներդնողը Հայաստանի բիզնես կառույցների խոշորագույն սեփականատեր երկիրը: Ռուսաստանից Հայաստան են գալիս ամենաշատ տրանսֆերտները: Ռուսաստանցի զբոսաշրջիկները մեր երկրի հյուրերի ամենամեծ խումբն են կազմում: Եթե սրան գումարենք մեր համատեղ մասնակցությունը ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԱՊՀ-ում, ապա պարզ կդառնա, թե ինչու ենք մենք կարծում, որ հատկապես գործընկերության, համագործակցության եւ փոխգործակցության այս դաշտում պետք է գտնել մինչեւ այժմ չգործարկված նոր հնարավորություններ Հայաստանի համար նոր ներդրումներ ապահովելու, Հայաստանի արդյունաբերության մի ամբողջ շարք ճյուղեր զարգացնելու, Հայաստանի աշխատանքային ներուժը լավագույնս եւ պատվավոր ձեւով իրագործելու եւ, վերջապես, մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու ուղղությամբ: Այս բառերից յուրաքանչյուրի տակ դրված են կոնկրետ առաջարկություններ եւ մշակումներ»,- եզրափակեց Արամ Սաֆարյանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here