ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ
Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի «Անդրկովկասը դիվանագիտական հորձանուտում. Հայոց անկախ պետականության կերտումը (1917թ. փետրվար-1918թ. հունիս)» մենագրությունը: Ինչպես հայտնում են հրատարակիչները, գրքում քննության են առնվել Տրապիզոնի եւ Բաթումի թուրք օսմանյան-անդրկովկասյան եւ, մասնավորապես, հայ-թուրքական դիվանագիտական առաջին եւ երկրորդ բանակցային գործընթացները: Դրանք ներկայացվում եւ վերլուծվում են Առաջին համաշխարհային պատերազմի վերջին շրջանում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումների, ներքին պայքարի եւ հակասությունների, ռազմաքաղաքական ու տնտեսական շահերի բախման համատեքստում: Մենագրության մեջ լուսաբանված են Հայոց առաջին հանրապետության կերտման դրամատիկ պայմանները, Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց անկախ պետության ճանաչման խորքային շարժառիթները եւ ռազմավարական նպատակները:
2018թ. մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում նշում էր գերբարդ եւ ողբերգական պայմաններում ծնունդ առած Հայաստանի առաջին Հանրապետության մեկդարյա հոբելյանը: Հայությունը վերագտավ իր անկախությունը ազգային ազատագրական պայքարի, մաքառման, Ռուսական կայսրության փլուզման պայմաններում Հարավային Կովկասում ազգամիջյան գերլարված հարաբերությունների, ռազմական եւ քաղաքական դժվարին գործընթացների պայմաններում: Այս իրողությունների իմացությունը շատ կարեւոր է հասկանալու համար այն ժամանակաշրջանի քաղաքական իրադարձությունների, ռազմական ու դիվանագիտական պայքարի խորը իմաստը եւ Հայաստանի Հանրապետության ստեղծման իրական տրամաբանությունը:
Ինչպես գրել է ինքըՙ հեղինակը, «չափազանց կարեւոր է 1917թ. Փետրվարյան հեղափոխության եւ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետոՙ 1918թ. մայիսի վերջին, երեք անկախ հանրապետություններիՙ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ստեղծման գիտական ուսումնասիրությունը: …Այդ կարեւորագուն ժամանակահատվածի վերաբերյալ գրեթե չկա որեւէ դրվագ, որ դուրս մնացած լինի պատմաբանների ուշադրությունից»: Սակայն փաստ է, որ նախքան այս մենագրության լույսընծայումը գիտական շրջանառության մեջ չկար պատմաբան-միջազգայնագետի կողմից կատարված մի ուսումնասիրություն, որը մանրակրկիտ եւ խորը կերպով ներկայացներ Հայաստանը «ռազմական եւ դիվանագիտական գործընթացների մեջ ներքաշելու եւ Հայոց անկախություն «շնորհելու» Օսմանյան կայսրության շարժառիթները ու հեռահար նպատակներն ու դրանցից բխող կնճռոտ հարցերը» :
Մենագրությունը, որը գրված է հարուստ աղբյուրագիտական հենքի, բազմապիսի գրականության ուսումնասիրության եւ համարձակ ինքնուրույն վերլուծության հիման վրա, բաղկացած է չորս գլուխներից:
Առաջին գլխում ուսումնասիրված են քաղաքական դրությունը Անդրկովկասում 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից եւ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո: Մանրամասնորեն ներկայացված են Հայոց Ազգային ժողովի եւ Հայոց Ազգային խորհրդի ստեղծումը 1917թ. փետրվարից հոկտեմբեր ժամանակահատվածում եւ Անդրկովկասի ներքին ու արտաքին քաղաքական դրությունը 1917թ. հոկտեմբերից մինչեւ 1918թ. փետրվար:
Երկրորդ գլխում հեղինակը ներկայացրել է թուրք-անդրկովկասյան դիվանագիտական բանակցությունները Տրապիզոնում եւ Անդրկովկասի անկախացման պատմությունը: Այստեղ քննության առարկա են դարձել Տրապիզոնի բանակցություններում թուրքերի կողմից Անդրկովկասն անկախ հռչակելու շարժառիթներն ու նպատակները, այստեղ նաեւՙ Հայկական հարցի արծարծումները: Ներկայացված է նաեւ Թուրքիային տարածքային զիջումներ անելու հարցը այդ բանակցային գործընթացում: Ընդսմին հեղինակը քննել է պատերազմի եւ հաշտության հարցը Ալեքսանդրապոլի արտակարգ խորհրդակցությունում եւ Անդրկովկասի անկախացումը 1918թ. ապրիլին:
Երրորդ գլխում հեղինակն անդրադարձել է Բաթումում Թուրքիայի եւ անկախ Անդրկովկասյան հանրապետության դիվանագիտական բանակցությունների առաջին փուլին, որի ընթացքում ստեղծվեցին անկախ երեք հանրապետությունները: Ուսումնասիրված է Անդրկովկասի արտաքին քաղաքական դրությունը Բաթումի դիվանագիտական բանակցության նախօրեին (1918թ. ապրիլ) եւ Անդրկովկասյան պետության կազմալուծումն ու երեք հանրապետությունների անկախացումը (1918թ. մայիս):
Եվ, վերջապես, չորրորդ գլխում հեղինակը ներկայացրել է Բաթումի հայ-թուրքական դիվանագիտական բանակցությունների երկրորդ փուլը: Այս գլխում խոսքը Հայոց անկախ պետականության կերտման (1918թ. մայիս), 1918թ. հունիսի 3-ի պարտավորագրի, հունիսի 4-ի հաշտության դաշնագրի մասին է: Այդպիսով Թուրքիան ճանաչում էր Հայոց անկախ պետությունը, ինչի շարժառիթներն ու նպատակները նույնպես ներկայացված են հետազոտական բծախնդրությամբ եւ բարձրորակ գիտական օբյեկտիվությամբ:
Անվանի հայ պատմաբան, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի այս ուսումնասիրությունն ունի բազմաթիվ առավելություններ: Դրանցից են փաստական նյութի եւ միջազգային հարաբերությունների պատմության մանրամասների գերազանց իմացությունը, զգույշ եւ խնամքով վերաբերմունքը պատմական փաստերի եւ իրողությունների հանդեպ, կարճ, բայց դիպուկ մեկնաբանություններն ու վերլուծությունները, որոնք երբեք չեն ճնշում ընթերցողի վրա, այլ միայն օգնում են նրան ինքնուրույն գնահատելու մեր նոր պատմության ողբերգական էջերի ճիշտ իմացությանը:
Պրոֆեսոր Պետրոսյանը միանգամայն ճշմարիտ նկատել է, որ «հայտնի իրողություն էր, որ տարածաշրջանում ստեղծված դժվարին մարտահրավերների պայմաններում հայ դիվանագիտությունն ունեցել է խարխափումներ, որոշ սխալներ եւ այլն, որոնք այսօր կարիք ունեն նորովի եւ հանգամանալից վերլուծության եւ մեկնաբանության, որն անկասկած քաղաքական եւ գիտական խիստ կարեւոր նշանակություն ունի հատկապես անցյալի քաղաքական դասերը հաշվի առնելու եւ դրանք չկրկնելու առումով» :
Կուզենայինք ավելացնել, որ Հայոց պատմության այս դժվարին ժամանակաշրջանի ուսումնասիրությունը կարող է մեծապես օգնել այսօրվա քաղաքագետներին, հասարակական գործիչներին, միջազգային կյանքի տարբեր ասպարեզներում աշխատող փորձագետներին, հիմնավորված պատկերացում ունենալու ուսումնասիրության նյութի վերաբերյալ եւ դրանով խուսափելու հարյուրամյա անցյալի իրողությունների նորօրյա կրկնություններից: Մեզ մնում է միայն շնորհավորել վաստակաշատ միջազգայնագետ-պատմաբան Գեղամ Պետրոսյանին հաջողված գիտական ուսումնասիրություն ստեղծելու եւ այն ընթերցող լայն շրջանակի դատին հանձնելու համար: Համոզված ենք, որ պրոֆ. Գ.Պետրոսյանը շարունակելու է իր պատմագիտական-միջազգայնագիտական հետազոտությունները մեր անցյալի արտակարգ կարեւոր եւ դեռեւս լիարժեքորեն չուսումնասիրված շրջանների ու իրողությունների մասին: Հարկ է սպասել, որ այս մենագրությունը լույս տեսնի նաեւ ռուսերեն, գուցե նաեւ անգլերեն լեզուներով, հետաքրքրվող արտասահմանյան շրջանակների ուշադրությունը թեմաների վրա գրավելու նպատակով: