Առկա խնդիրները չեն կարող գերակշռել Հայաստանի օգուտները ԵԱՏՄ-ից. Մանասերյան

0
523

2019թ. տնտեսության վիճակը գնահատելիս չի կարելի հաշվի չառնել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական, տնտեսական և սոցիալական ամենաբազմազան գործոնները: Ազդեցիկ ներքին գործոնների թվում հարկ է ներառել թավշյա հեղափոխության նվաճումներն ու բացթողումները, իսկ արտաքին՝ ոչ միայն անդամակցությունը ԵԱՏՄ-ին, այլև նախագահությունը տարածաշրջանային այս մեգակառույցում: Այս մասին ասուլիսում հայտարարեց տնտեսաագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը՝ ներկայացնելով իր կողմից իրականացված հետազոտության արդյունքները:

Նրա խոսքով, նվաճումների մասին խոսելիս հարկ է նշել, որ 1,5 տարում Հայաստանում ստեղծվեց կամ «ստվերից» դուրս բերվեց 81 534 աշխատատեղ: Ուսուցիչների և զինվորականների աշխատավարձը ավելացան 10%-ով: 24 մլն. դրամ շրջանառությունը չգերազանցող փոքր ձեռնարկություններն ազատվեցին եկամտահարկից և շրջանառության հարկից: Հարկից ազատվեցին նաև տաքսու վարորդները: 2020թ. հունվարից երկրում նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից դարձավ 68 000 դրամ: Հայաստանի տնտեսական ակտիվության աճը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո հասավ ռեկորդային 7,8% մակարդակի: Տրանսպորտի ոլորտում բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճեց 27%-ով: Արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը կրկնապատկվեցին, կազմելով 9% (մասնավորապես, Թեղուտի հանքավայրում լեռնահանքային աշխատանքների վերսկսման հաշվին): Մշակվող արդյունաբերության աճը կազմեց 10%: Շինարարության աճը հասավ 4,5%, ինչը արտացոլում է տնտեսության աշխուժացման միտումը: Գյուղատնտեսության անկումը շարունակվում է արդեն 3-րդ տարին, 2019թ. արձանագրելով 4% անկում:

«Թավշյա հեղափոխությունից առաջ և հետո Հայաստանի տնտեսության կարևոր ցուցիչներից է ազգային տարադրամի կայունությունը և դրա հետ կապված վստահությունը երկրի բանկային և ընդհանրապես ֆինանսական համակարգի հանդեպ: Վարկերն աճել են 17%-ով, իսկ դեպոզիտները՝ 21%-ով: Նվազել է վարկերի դոլարիզացիան, 2019թ. վերջին կազմելով 51% (2018թ.-ի 56% փոխարեն): Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի Կենտրոնական բանկը ոչ թե վաճառում, այլ գնում է օտար տարադրամը բաց շուկաներից: 2018թ. ապրիլ — 2020թ. հունվար ընթացքում գնված պահուստը գերազանցել է 500 մլն ԱՄՆ դոլարը: Հայկական դրամը նախանձելիորեն կայուն է ոչ միայն հարեւան, այլեւ հետխորհրդային երկրների մեծամասնության համեմատ»,- թվարկեց Մանասերյանը, ավելացնելով, որ չնայած Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետ կապված գնաճի ակնկալիքին (2019թ. ավարտվեցին երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ տարիֆային անցումների պայմանները), 2020թ. հունվարին գործնականում գները չփոխվեցին, իսկ արժեզրկումը կազմել է ընդամենը 0,2%:

Բացի այս, 2019թ. դեկտեմբերի դրությամբ ներմուծումն աճել է 52% և արտահանումը 13%: Ներմուծման նման սրընթաց աճը պայմանավորված է նախորդ տարվա հետ համեմատած ավտոմեքենաների ներմուծման մեծացմամբ երեք անգամ (2018թ. 64 հազար, իսկ 2019թ.՝ 189 հազար): Արտահանման համեմատ ներմուծման առաջանցիկ աճի (10,8%) արդյունքում բացասական սալդոն ավելացել է 300 մլն դոլարով: Արտահանման կառուցվածքը դեռևս քիչ դիվերսիֆիկացված է: Դրա մեջ հանքանյութի բաժինը կազմում է 28%, քարերի և մետաղների բաժինը 26% և սննդամթերքինը 24%: Ավանդները հայկական բանկերում աճել են 22,4%: Սա պերճախոս ապացույցն է բանկային համակարգի նկատմամբ ավանդատուների վստահության աճի, բայց միաժամանակ խոսում է այն մասին, որ պետությանն ու մասնավոր սեկտորին դեռ չի հաջողվել գտնել այնպիսի գրավիչ ձևեր, որոնք կարող էին վերոհիշյալ գումարները վերածել ներքին ներդրումների»,- ընդգծեց նա:

Թաթուլ Մանասերյանը, հավելելով իր խոսքը նշեց, որ առկա են նաև այլ նվաճումներ, որոնք էական նշանակություն ունեն ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության համար: Կան և չլուծված խնդիրներ, որոնցից առանցքայինը մնում է տրանսպորտային խնդիրը, և, մասնավորապես, Վերին Լարսի միջանցքի գործարկման հետ կապված խնդիրները:

«Սակայն այդ խնդիրները ոչ մի կերպ չեն կարող գերակշռել Հայաստանի ԵԱՏՄ-ի հետ ինտեգրման և անդամակցության օգտին խոսող կռվանները: Այսպիսի տարածաշրջանային ինտեգրացիան այլընտրանք չունի»,- հաավելեց նա:

VERELQ-ը հիշեցնում է, որ Եվրասիական փորձագիտական ակումբը արդեն հինգերորդ անգամ ամփոփել է Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշները: Այս հետազոտության նպատակն է ուշադրություն հրավիրել վերոհիշյալ ընթացիկ տնտեսագիտական հետազոտությունների հիմնական դրույթներին:

 

Verelq.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here