«Դրանք հերյուրանքներ են, մտացածին տեղեկություններ». Արամ Սաֆարյանը՝ «Դոսյե» («Досье») կենտրոնի հրապարակման մասին

0
480

«Ձեր հարցին իմ պատասխանը երկու մասից է բաղկացած. առաջին՝ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեջբերված հայտարարության թվացյալ ինձ առնչվող հարցերն իրականությանը չեն համապատասխանում, դրանք հերյուրանքներ են, մտացածին տեղեկություններ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար և Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ անդրադառնալով «Դոսյե» («Досье») կենտրոնի հրապարակմանը։

Ռուսաստանի քաղաքացի, խոշոր գործարար, խոշոր չափի յուրացման համար դատապարտված (ըստ միջազգային իրավապաշտպան կառույցների՝ խղճի կալանավոր), հետո ներում ստացած, սպանության մասնակից լինելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Միխայիլ Խոդորկովսկու հովանավորությամբ աշխատող «Դոսյե» («Досье») կենտրոնը ռուսական հատուկ ծառայությունների գործունեության մասին հրապարակումների շարք է նախաձեռնել, որոնցում մեծ տեղ է հատկացված նաեւ Հայաստանին: «Ինչպես է Կրեմլը խառնվում հարեւան երկրների ներքին գործերին» հրապարակման մեջ նշվում է, որ 2018 թվականին Հայաստանում գրանցված իշխանափոխությունից առաջ էլ, հետո էլ «Ռուսաստանի ընկերները» լայն ցանց ունեն Հայաստանում: Ըստ հրապարակման, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական հատուկ ծառայության փաստաթղթերում անցնում է «Մորուք» անունով, երբեմն որակվում Սորոսի դրածո, իսկ Հայաստանում ռուսական շահերը սպասարկողների պակաս չկա՝ Խոսրով Հարությունյան, Արտաշես Գեղամյան, Անդրանիկ Նիկողոսյան, Հայկ Բաբուխանյան, Վազգեն Մանուկյան, Գագիկ Ծառուկյան, Արամ Սաֆարյան: Հոդվածում ներկայացված են նաեւ ազգությամբ հայ ռուսաստանցիների անուններ: Այս աշխատանքները համակարգում է հեռախուզության գեներալ Վլադիմիր Չերնովը եւ մեծ փողեր են ծախսվում այցերի, ամեն տեսակ սեմինարների, քննարկումների, վերլուծական նյութերի վրա: Նշվում է անգամ, որ երբ Հայկ Բաբուխանյանն այցելել է Ղրիմ եւ Ուկրաինան բողոքի նոտա է հղել Հայաստանին, մերոնց ձեռամբ փաստաթուղթը հայտնվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունում:

«Երկրորդ՝ ես ուզում եմ հաստատել, որ կյանքիս 35 տարիների ընթացքում աշխատում եմ հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում և անկախ Հայաստանի առաջին իսկ օրվանից ներգրավված եմ եղել հայ-ռուսական տարատեսակ հարաբերությունների ոլորտ՝ և՛ իբրև դիվանագետ, և՛ իբրև հեռուստալրագրող, և՛ իբրև պատգամավոր։ Հիմա էլ աշխատում եմ որպես հասարակական կառույցների ղեկավար։ Իմ աշխատանքը գնահատվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից շնորհված «Բարեկամության» շքանշանով, իսկ անցյալ տարի պարգևատրվել եմ նաև «ԵԱՏՄ զարգացման մեջ ներդրման համար» միջպետական մեդալով»,- ասաց Արամ Սաֆարյանը՝ հաստատելով, որ ճանաչում է ռուսական վերնախավի շատ նշանավոր և քիչ հայտնի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների և հպարտանում է իր ծանոթություններով։

«Ինձ համար պատիվ է աշխատել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և խորացման օգտին, համոզված եմ, որ դա իմ երկրի՝ Հայաստանի Հանրապետության օգտին է։ Ես կատեգորիկ վիրավորված եմ այն կեղտոտ ակնարկներից, որոնցով իմ այս ազնիվ գործունեությունը փորձում են ներկայացնել որպես գործակալություն։ Դա այդպես չէ։ Ով որ հարկն է, թող ստուգեր և հաստատեր դրանց իրողությունը։ Ես վերահաստատում եմ, որ այսուհետ շարունակելու եմ ամբողջ ուժերով աշխատել, որպեսզի թույլ չտամ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության թուլացում, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում, ինչը կարող է ամենաբացասական ազդեցությունն ունենալ իմ երկրի, իմ ժողովրդի համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Շնորհավորում եմ բոլորին սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Ընդ որում, նշեմ, որ միակը կամ եզակին եմ մնացել այն լրագրողներից, ովքեր 1991թ. սեպտեմբերի 21-ին ամբողջ օրն ուղիղ եթերով լուսաբանել են հանրաքվեի ընթացքը և անցած 30 տարիների ընթացքում իմ հայացքները չեն փոխվել։ Դրանք դարձել են ավելի հաստատուն իմ գործողություններում, և ես շարունակելու եմ աշխատել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, խորացման, ամրապնդման օգտին։ Ով ինչ ուզում է՝ թող մտածի»։

Aravot.am 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here