«Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» բուկլետը լույս է տեսել Երևանում

0
472

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում լույս է տեսել «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» բուկլետը. այն հայերեն և ռուսերեն լեզուներով է և առնչվում է Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյակին, որը լրանում է նոյեմբերի 29-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրքույկը հրատարակել են «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը: Այն Եվրասիական փորձագիտական ակումբի շուրջ համախմբված, իրենց ոլորտներում ճանաչված առաջատար գիտնականների և փորձագետների համատեղ աշխատանքի արդյունքն է: Հեղինակների նպատակն է եղել գնահատել Խորհրդային Հայաստանի` Հայկական Երկրորդ հանրապետության (1920-1991թթ.) տեղն ու դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում: Հեղինակները գտնում են, որ Խորհրդային Հայաստանը հայոց պետականության զարգացման կարևոր փուլն է, որի տարիներին բուռն զարգացում են ապրել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, սոցիալական ոլորտը, գիտությունը, մշակույթն ու կրթությունը: Գրքի առաջաբանի հեղինակն է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը: Վերջաբանը հեղինակել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանը: Հրապարակված լուսանկարների մի մասը տրամադրել է «Արմենպրես» ՊԼԳ-ն: Պատկերազարդ, բարձրորակ հրատարակության գլխավոր խմբագիրն է քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:

Բուկլետը հասցեագրված է ինչպես քաղաքական ու հասարակական գործիչներին, գիտնականներին և փորձագետներին, ասպիրանտներին և ուսանողներին, լրագրողներին, այնպես էլ հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակին:

Armenpress.am 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here