Փորձագետ. Պատժամիջոցներն ամենակարեւոր խնդիրներից մեկն են դարձել ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում

0
411

Ինքնիշխան պետության՝ ինտեգրացիոն միավորման մեջ մտնելը սեփական ինքնիշխանության մի մասի պատվիրակում է ենթադրում ինտեգրացիոն միությանը: Ցանկացած պետություն, մտնելով որոշակի ինտեգրացիոն միավորում եւ գնալով իր ինքնիշխանության նեղացման ճանապարհով, փորձում է չեզոքացնել լուրջ ռիսկերն ու սպառնալիքները, առաջին հերթին՝ ազգային անվտանգության ոլորտում: Այս մասին «Անկախություն եւ ինքնիշխանություն. Սպառնալիքները եւ մարտահրավերները ժամանակակից Հայաստանի համար» գիտաժողովի ժամանակ ասաց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Սարգսյանը:

Ըստ նրա՝ անվտանգությունը միշտ էլ հայ իրականության կարեւորագույն գործոնն է եղել. ժամանակակից Հայաստանը ծնվել է պատերազմի, շրջափակման, տնտեսական փլուզման, բնակչության մեծ արտահոսքի պայմաններում: «Այդ պայմանները նպաստել են ժամանակակից հայկական քաղաքականության ձեւավորման եւ անկախ հանրապետության ներկայությանը նոր ինտեգրացիոն նախագծերում»:

Հայաստանի ինտեգրման քաղաքականության որոշիչ գործոնը, ըստ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններն էին, որոնք որոշեցին Հայաստանի մասնակցությունն ԱՊՀ-ում եւ ՀԱՊԿ-ում, իսկ ավելի ուշ՝ ԵԱՏՄ-ում: Թերեւս սա է պատճառը, որ Հայաստանի համագործակցությունն միությունների այլ անդամների հետ այդքան էլ սերտ չէր: Բացի այդ, ցամաքային հաղորդակցության բացակայությունն օբյեկտիվ խոչընդոտ է դարձել այդպիսի հարաբերությունների զարգացման համար:
Անկախության ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի դիրքորոշումը տարբեր ինտեգրացիոն նախագծերում մի շարք ծախքեր է ունեցել, որոնք արտացոլվել են բազմավեկտոր արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության եւ զարգացման ռեսուրսների բացակայության մեջ: Միեւնույն ժամանակ, ինտեգրացիոն ասոցիացիաների միացման եւ համատեղելիության հարցը շարունակում էր արդիական մնալ հանրապետության համար, որը ձգտում էր դիվերսիֆիկացնել ռազմաքաղաքական եւ տնտեսական ռիսկերը եւ չէր կարող ամբողջությամբ ինտեգրվել գոյություն ունեցող ինտեգրացիոն նախագծերին:

«Այս խնդիրը բնորոշ էր հետխորհրդային ինտեգրման բոլոր մասնակիցներին, բայց հայաստանյան քաղաքական իրողություններն ավելի կոշտ շրջանակներում զարգացան, ուստի «կիսատ ինտեգրումը» Հայաստանի համար ավելի շոշափելի ռիսկեր էր պարունակում, քան մյուս հանրապետությունների համար: Այդ պատճառով էլ Հայաստանի եվրասիական ինտեգրման քաղաքական թերությունները հարթվում էին որոշակի կոմպլեմենտարության պահպանման հաշվին»,- ընդգծեց նա:

Ընդ որում, պրոֆեսորը նշեց, որ տնտեսական ոլորտում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ՀՆԱ-ի եւ հայկական ապրանքների արտահանման աճի հանգեցրեց. «Հայաստանի տնտեսության սերտ կապը ռուսականի հետ կարող էր բացասական հետեւանքներ ունենալ (2015-ի տնտեսական ճգնաժամը), սակայն ռուսական շուկայի բաց լինելը հայկական ապրանքների համար Միության ակնհայտ առավելությունն էր՝ չնայած բոլոր դժվարություններին»:

Խոսելով ՀՀ տնտեսության՝ ռուսականի հետ կապի, ինչպես նաեւ դրա զարգացման հեռանկարների մասին՝ բանախոսը նաեւ ուշադրություն հրավիրեց Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրանի դեմ պատժամիջոցների ազդեցության վրա: Նրա խոսքով՝ այս հարցը պատշաճ կերպով չի վերլուծվում Հայաստանի տնտեսական քաղաքականության կանխատեսման գործում. «Բայց պատժամիջոցների գործոնը կարեւորագույն խնդիրներից մեկն է դարձել Հայաստան-Ռուսաստան եւ, մասնավորապես, Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների համատեքստում, այդ պատճառով էլ Համաշխարհային առճակատման ֆոնին այդպիսի խնդիր ավելի ու ավելի հաճախ է առաջանալու»:

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here