Ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության կարիքների տեսանկյունից

0
502

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Պաշտպանության և անվտանգության հարցերով փորձագետ,

պահեստի գնդապետ

Զեկուցում «Ետընտրական Հայաստան.

իրողություններ և ակնկալիք» ուղեղային գրոհի համար

ք.Երևան, 17 հուլիսի 2021թ

Հարավային Կովկաս կամ Այսրկովկաս երկրամասում գտնվող երեք ճանաչված հարապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը և երեք չճանաչված հարապետությունները՝ Արցախը, Հարավային Օսիան և Աբխազիան սահմանակից լինելով հյուսիսից Ռուսաստանին, արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ Թուրքիային և հարավից Իրանին, 1991 թվականից առ այսօր գտնվում են հարաբերական խաղաղության և հարաբերական պատերազմների շրջապտույտում։

1991 թ․-ին այսպես կոչված Խորհրդային Միության փլուզման հետևանքով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների համար իրական հնարավորություններ ստեղծվեցին իրենց աշխարհաքաղաքական ազդեցության աշխարհագրությունը մեծացնել, ներառելով նաև Հարավային Կովկասի հանրապետությունները։

ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանային համագործակցության հիմքը դրվեց 1992 թ․ ։

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկզբնավորվեց 1992թ., երբ Հայաստանը դարձավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդի (NACC) անդամ: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները խարսխված էին Գործընկերություն հանուն խաղաղության (PFP) (Հայաստանը միացել է 1994թ-ին) ծրագրի վրա, ինչպես նաև իրականացվում էր ներգրավման ավելի բարձր աստիճան ապահովող փոխգործակցություն Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (EAPC) (անդամ է 1997թ-ից) շրջանակներում: 2006թ-ից Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերային հարաբերությունները և տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգանում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում: 2017թ. ապրիլին ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի և Հայաստանի կողմից հաստատվում է թվով 5-րդ՝ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2017-2019թթ. փաստաթուղթը: Նմանատիպ համագործակցություն ՆԱՏՕ-ն իրականացնում է նաև Ադրբեջանի ու Վրաստանի հետ։

Հայաստանի Հանրապետությունը, սկսած 1992 թ․-ից իր անվտանգության և սահմանների պաշտպանության գործառույթներն իրականացրել է համագործակցելով նաև Ռուսաստանի Դաշնության հետ՝ 1992 թ․ ստորագրելով ՀԱՊԿ պայմանագիրը և 2003 թվականին վավերացրեց ՀԱՊԿ նորաստեղծ կազմակերպության կանոնադրությունը, 1997 թ․ կնքելով ՀՀ և ՌԴ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը և 2016 թ․ ստորագրելով հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագիրը։

1992 թ․-ից սկսած Հայաստանի իշխանությունները երկրի անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության պահպանման և սահմանների պաշտպանության խնդիրները լուծելու համար որդեգրեցին մոտեցում, ըստ որի պետք է միաժամանակ համագործակցել երկու հակոտնյա ռազմական դաշինքների՝ ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի հետ, միաժամանակ պարտավորվելով դառնալ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։

Ի սկզբանե «և-և»-ի նման մոտեցումը վերջնարդյունքում ձախողվելու էր, քանի որ Հայաստանը համագործակցում էր երկու այնպիսի ռազմա-քաղաքական միավորների հետ, որոնց կառավարման մեջ առանցքային դերակատարում ունեցող երկրները՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանի Դաշնությունը հակառակորդ երկրներ են և գտնվում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խորը մրցակցության մեջ։

ԱՄՆ-ի կողմից աշխարհի միաբևեռ կառավարմանը հրապարակավ առաջին անգամ ձեռնոց նետվեց 2007 թ․ փետրվարի 10-ին Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի արտասանած ճառով, որը վերաբերվում էր ժամանակակից համաշխարհային քաղաքականության միաբևեռությանը, ժամանակակից աշխարհում Ռուսաստանի տեղի և դերի տեսլականին, հաշվի առնելով արդիական իրողությունները և սպառնալիքները։ Նույնպիսի ուղղվածության ելույթով Վլադիմիր Պուտինը հանդես եկավ 2014թ․ հոկտեմբերի 24-ին այսպես կոչված «Վալդայյան ճառով», որը շատ վերլուծաբաններ համարում են «Մյունխենյանի շարունակությունը»։

2014 թ․ սկսած ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը ընդունել է առնվազն յոթ տասնյակից ավելի իրավական ակտեր, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը գնահատվում էր որպես հակառակորդ պետություն, իսկ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի համաժողովներում մեկ տասնյակից ավելի ընդունված բանաձևերում Ռուսաստանի Դաշնությունը դիտվում է որպես թշնամի պետություն։

2007 թվականից սկսած ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև հակասությունները հետզհետե վերաճում են հակամարտությունների, որոնք տարբեր տարածաշրջաններում պատճառ են դառնում կամ ռազմական բախումների կամ ներքաղաքական ցնցումների և իշխանազավթման, վերաճելով գունավոր հեղափոխությունների գործիքակազմով և մեթոդաբանությամբ՝ իշխանափոխության։

Ռուսաստանի Դաշնության հետ բարիդրացիական և գործընկերային հարաբերություններով որոշ երկրներում արևմտյան ուղեղային կենտրոնները, Սորոսի գրասենյակի մասնաճյուղերը պարբերաբար նախապատրաստում և իրականացնում են իշխանափոխություններ։

Մեր տարածաշրջանում այդպիսի գործընթացներ տեղի ունեցան 2008 թ․ Վրաստանում։ ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը դրսևորվեց նաև 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած հայտնի իրադարձություններով։ Գունավոր հեղափոխությունների մեթոդներով իրականացվող այդ գործընթացների սցենարիստների նպատակն էր տվյալ երկրները վերածել հակառուսական հենակետերի ԱՄՆ և իր դաշնակիցների համար։

Աշխարհաքաղաքական այդ մրցակցությունը չշրջանցեց նաև Հայաստանի Հանրապետությանը։ 2020 թ․-ին Հայաստանը կորցրեց Արցախի մի մասը՝ տալով հազարավոր զոհեր և վիրավորներ։ Եվ կրկին հայաստանյան որոշ փորձագետներ և քաղաքական շրջանակներ փորձում են պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա՝ տարածելով հակառուսական տրամադրություններ։

Հարավային Կովկասի տարածաշրջանում ՆԱՏՕ-ն կամ որ նույնն է ԱՄՆ-ը ռազմական առումով ներակայացված է Թուրքիայի զինված ուժերով։

Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հետ հայկական կողմի դեմ Թուրքիայի զինված ուժերի մասնակցությունը դրսևորվեց ռազմա-տեխնիկական համագործակցությամբ, Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր Շտաբի հարյուրավոր զինծառայողների մարտական գործողությունների մասնակցությամբ և մարտերի կառավարմամբ, հետախուզական տվյալների տրամադրմամբ, Սիրիայից հազարավոր ահաբեկիչների Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխմամբ և մարտական գործողությունների ժամանակ այդ խմբերի հրամանատարությամբ։

ՆԱՏՕ-ի մասնակցությունը Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներով, ռազմատեխնիկական համագործակցությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ ընդգրկում է ավելի մեծ աշխարհագրություն, ներառելով, Իրաքը, Սիրիան, Լիբիան, ինչպես նաև Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը։

Օրերս Աֆղանստանից ԱՄՆ-ի և իր ռազմական դաշնակիցների զինված ստորաբաժանումների դուրս բերումից հետո որոշ ռազմական օբյեկտների պահպանությունը դրվեց միայն Թուրքիայի զինված ուժերի վրա։

Աֆղանստանում իրական իշխանությունը շուտով իրենց ձեռքը կվերցնեն Թալիբան իսլամիստական արմատական շարժման զինյալները, որոնց զինյալ ջոկատները արդեն իսկ հասել են  ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի, ինչպես նաև միջինասիական մեկ այլ պետության՝ Ուզբեկստանի սահմաններին։

Տաջիկստանը տասնյակ հազարավոր քաղաքացիների զորակոչում է ամրացնելու համար իր երկրի և Աֆղանստանի սահմանները։ Այդ երկրի ղեկավարը օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից դիմագրավելու Աֆղանստանից եկող ակնհայտ սպառնալիքը և ստացել է դրական պատասխան։

Այլևս իրողություն է, որ որևէ երկրից ՆԱՏՕ-ի զորախմբի հեռացումը պայմանավորվում է այդ երկրի տարածքում Թուրքիայի զինական ուժի ամբողջական և լիակատար վերահսկողության սահմանմամբ և պատերազմական գործողությունների տարածքների ավելացմամբ։

Հայաստանը ևս ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող այդ քաղաքականության զոհը կարող է դառնալ, եթե անվտանգության իր միակ և հուսալի դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ չխորացնի ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը, 102 ռազմաբազայի նոր հենակետներ չտեղադրվեն Իրանի, Նախիջևանի և Թուրքիայի սահմանամերձ տարածքներում։

Ռուսաստանին հարավային ուղղությամբ հարված ՆԱՏՕ-ն կարող է իրականացնել, ներգրավելով Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև իսլամական ահաբեկչական խմբավորումները։

Հայաստանը այդ մարտահրավերները դիմագրավելու և սպառնալիքները չեզոքացնելու համար պետք է օր առաջ պատրաստվի դիմագրավելու հայոց պետականությանը սպառնացող իրական վտանգը։

Անկախ այն հանգամանքից, թե Հայաստանում որ քաղաքական ուժն է իշխանության ղեկին, ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավոր հանդիսացող ՀՀ Զինված ուժերի, առաջին հերթին բանակի վերազինումն ու ժամանակի և նոր իրողություններին համահունչ մասնագիտական ստորաբաժանումների ստեղծման, անձնակազմի վերապատրաստման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն միմիայն Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի համապատասխան կառույցների և մասնագիտական խմբերի հետ։

Եթե այսօր ՀՀ իշխանությունների կողմից անգամ տեսականորեն փորձ արվի կրկին շարունակել իրականացնել «և-և»-ի սխալ մարտավարությունը, ապա կարող ենք արձանագրել, որ մոտ ժամանակներում կարող ենք կորցնել Հայաստանի  ինքնիշխանության ուժային բաղադրիչը, որը ամենակործանարար հետևանք կարող է ունենալ և հայոց պետականության և հայ ժողովուրդի և ՀՀ քաղաքացիների համար, առաջացնելով հայրենազրկման կործանարար մեծ ալիք։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here