«Արմենպրես»-ը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել մեդիադաշտում. Արամ Սաֆարյանը շնորհավորել է գործակալության 103-րդ տարեդարձը

0
587

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը շնորհավորել է «Արմենպրես»-ի հիմնադրման 103-րդ տարեդարձի առթիվ՝ ընդգծելով, որ «Արմենպրես»-ը, լինելով պետական հաստատություն, հաջողությամբ մրցում է այսօրվա մեդիադաշտի մյուս բոլոր լրատվամիջոցների հետ և շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել:

«Ուրախ եմ, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է դիտարկել «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը որպես կառավարության մասին տեղեկատվություն տվող կարևորագույն տեղեկատվական ռեսուրս: Ես համարում եմ, որ մեր օրերում, երբ շուկայական ռելսերի վրա է դրված նաև տեղեկատվությունը, հայկական պետականությունը պետք է ի վիճակի լինի մեդիաշուկայում առաջ մղել պետական շահերով պայմանավորված քաղաքական գիծը, և այդ գիծը իրականացնելու համար անփոխարինելի գործիք է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը: Ուզում եմ ասել, որ սրտանց ուրախ եմ իմ գործընկերների համար նաև այն պատճառով, որ «Արմենպրես»-ը, լինելով պետական լրատվական հիմնարկություն, հաջողությամբ մրցում է այսօրվա մեդիադաշտի մյուս բոլոր լրատվական միջոցների և շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել՝ ընդգրկվելով լավագույն տասնյակում», — իր շնորհավորական ուղերձում ասել է Արամ Սաֆարյանը:

Վերլուծաբանի կարծիքով՝ դա ամենավառ վկայությունն է այն բանի, որ այսօրվա տեղեկատվության սպառողների մեծ մասը ուզում է ստանալ լուրեր ոչ միայն սկանդալների, դժբախտությունների, աղետների, անհաջողությունների, բանսարկությունների, սատանայական խաղերի վերաբերյալ, այլև պարզապես ուզում է իմանալ՝ ինչ է կատարվում Հայաստանում և արտասահմանում, ստանալ հավաստի, ստուգված տեղեկատվություն և դրա վրա կառուցել իր անձնական և հասարակական գործունեությունը:

«Ես իմ ընկերներին «Արմենպրես» լրատվական գործակալությունում մաղթում եմ քաջառողջություն, նոր հաջողություններ, մաղթում եմ, որ չզիջեն արդեն ձեռք բերված բարձր դիրքերը, մաղթում եմ, որ «Արմենպրես»-ի հեղինակությունը շարունակի աճել Հայաստանի սահմաններից դուրս, և զգացվի նրա կարիքը միջազգային մեդիաշուկայում Հայաստանի մասին հավաստի և ժամանակին տեղեկատվություն ստանալու հարցում», — ասել է Արամ Սաֆարյանը:

«Արմենպրես»-ը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական՝ Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունը ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն՝ պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ:

«Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով:

Armenpress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here