Արամ Սաֆարյան․ Թուրքիայի հետ Հայաստանի տնտեսության կապը մեկ տարով կտրելը բավարար էր, որ տեղական արտադրողները շունչ քաշեին եւ փորձեին ոտքի կանգնել

0
444

Հայաստանի 2021 թվականի տնտեսական ցուցանիշները լավատեսություն են ներշնչում, սակայն, եթե ջանքեր չգործադրվեն քաղաքական դաշտում համերաշխության, կառուցողական աշխատանքի մթնոլորտ ստեղծելու, եթե կոմպետենտ կառավարումը վերջապես չդարձնենք մեր կառավարման համակարգի նորմ, չկարողանանք համախմբել գիտափորձագիտական հանրույթին՝ երկրի առջեւ լուրջ խնդիրներ դնելու եւ դրանք պատվով լուծելու, էական փոփոխություն չի լինելու, ինչը չի կարող չմտահոգել: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներն այսօր ներկայացրեցին ամենամյա՝ 7-րդ տնտեսական հետազոտությունը՝ Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում: Ակումբի փորձագետներն, ի դեպ, առանձին ուսումնասիրել են Հայաստանի գյուղատնտեսական վիճակը՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում, այն առաջիկայում կներկայացվի գրքույկի տեսքով:

ԵԱՏՄ ուղղությունը՝ շնորհիվ հայ-ռուսական տնտեսական կապերի, Հայաստանի արտահանման բալանսում առաջինն է՝ կազմելով 29,6 տոկոս: Խոսքը հիմնականում պատրաստի արտադրանքի արտահանմանն է վերաբերվում: Երկրորդ տեղում ԵՄ երկրներն են, մոտ 23 տոկոս ծավալով, որը հիմնականում լեռնահանքահումքային արտահանմանն է վերաբերվում: Կապված պղնձի միջազգային գնի՝ երկու անգամ մեծանալու հետ, էապես մեծացել է նաեւ Հայաստանից պղնձի արտահանման ծավալը եւ դեպի ԵՄ արտահանման ընդհանուր բալանսում ծավալը: Այս միտումը, ակումբի փորձագետների գնահատմամբ, 2022-ի համար էլ կպահպանվի: Նվազել է Մերձավոր եւ Միջին Արեւելք արտահանման ծավալը՝ կապված ծխախոտի եւ ծխախոտանման նյութերի արտահանման ծավալի նվազմամբ պայմանավորված:

Այս համատեքստում, Արամ Սաֆարյանի գնահատմամբ, եվրասիական շուկաներն էլ ավելի կարեւոր են դառնում Հայաստանի համար:

Բանիմաց, բարեխիղճ կառավարման պարագայում, Արամ Սաֆարյանի գնահատմամբ, 2022 թվականին եւ առաջիկա տարիներին, Հայաստանի տնտեսությունը կարող է 6 եւ ավել տոկոս աճ գրանցել, ինչը վերջնարդյունքում՝ ութ տարվա կտրվածքում, կարող է հանգեցնել ՀՆԱ-ի կրկնակի աճի: Ռեյտինգային գործակալությունները Հայաստանի համար, 2021-ի կտրվածքով, կանխատեսել էին տնտեսական աճ՝ 4-5,5 տոկոսի շրջանակում, Եվրասիական փորձագիտական ակումբի կանխատեսումն ավելի համարձակ էր՝ 6 տոկոս: Արամ Սաֆարյանն ուրախ է, որ իրենց կանխատեսումն իրականանում է:

Հղում անելով պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կատարած հետազոտությանը՝ Արամ Սաֆարյանը նկատեց՝ չորս պատճառ կա, որ 2021-ին Հայաստանի տնտեսությունը հաջող արդյունք ունեցավ՝ արձանագրելով տնտեսական ակտիվության 5,8 ցուցանիշ, որը բավական բարձր է՝ նախորդ տարվա 8 տոկոս անկման ֆոնին: Առաջին պատճառն այն է, որ բիզնես դաշտի մարդիկ գործադրել են աննկարագրելի ջանքեր, անցած տարվա 8 տոկոս տնտեսական անկումից հետո վերականգնողական աճ արձանագրելու համար եւ այդպիսով հսկայական բարոյական եւ ֆինանսական օգուտ տալով երկրին: Խոսքը, հիմնականում, պատրաստի արտադրանք արտահանողներին է վերաբերվում:

Երկրորդ պատճառը, որը նպաստել է մեր տնտեսության ակտիվացմանը, Թուրքիայի հետ Հայաստանի տնտեսության կապը մեկ տարով կտրելն էր: Այդ ժամանակահատվածն, ըստ Արամ Սաֆարյանի, բավարար էր, որ տեղական արտադրողները շունչ քաշեին եւ փորձեին ոտքի կանգնել, Հայաստանում արտադրությունը զարգացավ՝ Թուրքիայից ներկրման փոխարեն: Հայ-թուրքական էմբարգոյի վերացման եւ, ընդհանրապես, հայ-թուրքական տնտեսական կապերի զարգացման ֆոնին, առաջիկայում, ակումբի փորձագետներն ավելի մանրակրկիտ կուսումնասիրեն թուրքական ապրանքների ներկրման սահմանափակման մեկ տարին ի՞նչ հնարավորություններ բացեց տեղական արտադրողների համար:

Հայաստանի տնտեսության առողջացման հաջորդ քայլն այն է, որ 2021-ի ընթացքում կառավարությունն աստիճանաբար հանել է կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումները:

Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետները նաեւ մարտահրավերներն են ուսումնասիրել: Դրանք են՝ գործազրկությունը, որը Հայաստանում երեք անգամ ավելի բարձր է, քան ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում, աշխատավարձի չափը, երկու անգամ ցածր է ՌԴ աշխատավարձերից, միգրանտների թիվը շարունակում է աճել, ինչը կարող է հանգեցնել որակյալ աշխատուժի պակասի: Իսկ տրանսֆերտները 2013-ից հետո անընդհատ նվազում են, այս տարի կազմել են ՀՆԱ-ի մոտ 9 տոկոսը, մոտ մեկ միլիարդ դոլար: Տրանսֆերտների առյուծի բաժինը կրկին ՌԴ-ին է բաժին ընկնում: Մասնագետները հեռանկար են տեսնում տեքստիլի զարգացման համար, սակայն, Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է այնպես կառուցել, որ դրանք չխանգարեն Հայաստանից արտահանմանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here