Եթե կոմպետենտ կառավարումը վերջապես չդարձվի համակարգային նորմ, էական փոփոխություն չի լինելու. Սաֆարյան

0
445

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրեցին ամենամյա՝ արդեն 7-րդ տնտեսական հետազոտությունը՝ Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում:

Ըստ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ, Հայաստանի 2021 թվականի տնտեսական ցուցանիշները լավատեսություն են ներշնչում, սակայն, եթե ջանքեր չգործադրվեն քաղաքական դաշտում համերաշխության, կառուցողական աշխատանքի մթնոլորտ ստեղծելու, եթե կոմպետենտ կառավարումը վերջապես չդարձվի մեր կառավարման համակարգի նորմ, չկարողանանք համախմբել գիտափորձագիտական հանրույթին՝ երկրի առջեւ լուրջ խնդիրներ դնելու եւ դրանք պատվով լուծելու համար, էական փոփոխություն չի լինելու, ինչը չի կարող չմտահոգել:

Պարզվում է`  ԵԱՏՄ ուղղությունը՝ շնորհիվ հայ-ռուսական տնտեսական կապերի, Հայաստանի արտահանման բալանսում առաջինն է՝ կազմելով 29,6 տոկոս: Խոսքը հիմնականում պատրաստի արտադրանքի արտահանմանն է վերաբերվում: Երկրորդ տեղում ԵՄ երկրներն են` մոտ 23 տոկոս ծավալով, որը հիմնականում լեռնահանքահումքային արտահանմանն է վերաբերվում: Կապված պղնձի միջազգային գնի՝ երկու անգամ մեծանալու հետ, էապես մեծացել է նաեւ Հայաստանից պղնձի արտահանման ծավալը եւ դեպի ԵՄ արտահանման ընդհանուր բալանսում ծավալը: Ըստ Եվրասիական ակումբի փորձագետների, այս միտումը 2022-ի համար էլ կպահպանվի:

Միեւնույն ժամանակ, նվազել է Մերձավոր եւ Միջին Արեւելք արտահանման ծավալը՝ կապված ծխախոտի եւ ծխախոտանման նյութերի արտահանման ծավալի նվազմամբ պայմանավորված, եւ այս առումով Արամ Սաֆարյանի կարծիքով` եվրասիական շուկաներն էլ ավելի կարեւոր են դառնում Հայաստանի համար:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը լավատես է, որ եթե բանիմաց, բարեխիղճ կառավարում իրականացվի, ապա այս տարի եւ առաջիկա տարիներին, Հայաստանի տնտեսությունը կարող է 6 եւ ավել տոկոս աճ գրանցել, ինչը վերջնարդյունքում՝ ութ տարվա կտրվածքում, կարող է հանգեցնել ՀՆԱ-ի կրկնակի աճի: Ի դեպ, վարկանիշային գործակալությունները Հայաստանի համար, 2021-ի կտրվածքով, կանխատեսել էին տնտեսական աճ՝ 4-5,5 տոկոսի շրջանակում, Եվրասիական փորձագիտական ակումբի կանխատեսումն ավելի համարձակ էր՝ 6 տոկոս: Արամ Սաֆարյանն ուրախությամբ ընդգծեց, որ իրենց կանխատեսումն իրականանում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here