Հայաստանի տնտեսությունը աշխուժացման նշաններ է ցույց տալիս. Եվրասիական փորձագիտական ակումբ

0
533

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարի հայ գործարարների գործադրած աննկարագրելի ջանքերը էապես նպաստել են 2020-ի տնտեսական մեծ անկումից հետո Հայաստանի տնտեսության վիճակի շտկմանն ու վերականգնողական աճի արձանագրմանը: «Արմենպրես»-ի այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսության վիճակի մասին Եվրասիական փորձագիտական ակումբի նոր ուսումնասիրության արդյունքները:

Փորձագիտական ակումբը իր առաջատար տնտեսագետների ուժերով նոր՝ արդեն 7-րդ ուսումնասիրությունն է ներկայացրել Հայաստանի տնտեսության վիճակի մասին՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) ՀՀ անդամակցության համատեքստում:

Մասնավորապես, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը իր հետազոտությամբ պարզել է, որ 2020 թվականի 8 տոկոսանոց ծանր անկումից հետո Հայաստանի տնտեսությունը աշխուժացման նշաններ է ցույց տալիս:

Ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի խոսքով՝ Մանասերյանը առանձնացնում է 4 հիմնական գործոն, որոնք նպաստել են 2021 թվականի 5,8% տնտեսական աճին: Դրանցից առաջինը հայ գործարարի գործադրած ջանքերն են:

«Հայ բիզնեսմենները աննկարագրելի ջանքեր են գործադրել 2020 թվականի 8 տոկոս տնտեսական անկումից հետո վիճակը շտկելու, վերականգնողական աճ արձանագրելու նպատակով և դրանով հսկայական բարոյական և ֆինանսական օգուտ են մատուցել մեր երկրին: Այդ պատճառով մենք մեր դրվատանքի խոսքը կուզեինք ասել Հայաստանի բիզնես դաշտի այն ներկայացուցիչներին, որոնք գլխավորապես պատրաստի ապրանքներ են արտադրում և արտահանում արտասահման: Սա իսկապես քաջագործություն է», — շեշտեց Եվրասիական փորձագիտական  ակումբի համակարգողը:

Երկրորդ կարևոր գործոնը Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքն էր 2021 թվականին, ինչն աշխուժացրեց ներկրումը փոխարինող տեղական արտադրությունների զարգացման միտումը։

«Այդ մեկ տարին բավական էր, որ ներկրմանը փոխարինող տեղական արտադրությունները շունչ քաշեն և փորձեն ոտքի կանգնել: Դուք էլ նկատել եք խանութներում մեծ ու փոքր բազմաթիվ տնտեսական ապրանքներ, որոնք սկսեցին արտադրվել Հայաստանում, երբ հայ սպառողը հնարավորություն ստացավ սեփական, այլ ոչ թե Թուրքիայից ներկրված արտադրանք գնել», — ասում է Արամ Սաֆարյանը:

Տնտեսական աճին նպաստած երրորդ գործոնն, ըստ տնտեսագիտական հետազոտության, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն է և ազգային մրցակցային առավելությունները Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի շուկաներում իրագործելու համար նպաստավոր պայմաններն են: Իսկ չորրորդը կառավարության կողմից նախաձեռնված բազմաթիվ արգելքների վերացումն էր, որոնք մտցվել էին 2020 թ. կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով:

Տնտեսագետի խոսքով՝ ԵԱՏՄ կազմի մեջ մտնող պետությունների ՀՆԱ-ն 2021թ. աճել է 4%:

Այս համատեքստում պրոֆեսոր Մանասերյանը փաստում է, որ այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ն ինտեգրացիոն գործընթացների խորությամբ գերազանցում է  Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիային (ԱՍԵԱՆ) և Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկային (ՄԵՐԿՈՍՈՒՐ) և զիջում է միայն Եվրոպական Միությանը:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը իր հերթին մեծ կարևորություն է տալիս այն հանգամանքին, որ Հայաստանում սկսել են մտածել առաջանցիկ տեմպերով պատրաստի արտադրանքի ծավալները մեծացնելու մասին

«Կարևոր է, որ 2021 թվականի համար մենք ունենք դրական միտումներ թե՛ արդյունաբերության, թե՛ շինարարության, թե՛ ներքին առևտրի մեջ, թե՛ ծառայությունների մատուցման ասպարեզում: Իսկ ԵԱՏՄ-ում մենք ունենք դրական ցուցանիշներ: Մեծապես աճել է թե՛ մեր արտահանումը ԵԱՏՄ երկրներ, թե՛ ներկրումը ԵԱՏՄ երկրների մեծ մասից: Հատկապես հաջող են ընթանում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները, և ԵԱՏՄ ուղղությունը, շնորհիվ հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի, այսօր մեր արտաքին առևտրի շրջանառության մեջ գրավում է առաջին տեղը», — հավելեց Արամ Սաֆարյանը:

Armenpress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here