Լույս է տեսել Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված նոր գիտական հոդվածների ժողովածու

0
444

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում լույս է տեսել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման  30-ամյակին նվիրված նոր արժեքավոր գիտական հոդվածների ժողովածու՝ «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն, համագործակցություն և փոխադարձ օգնություն» վերնագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ գրքի հրատարակիչն է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը՝ հետազոտության և վերլուծության «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության և Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ:

Գիրքը բացվում է ԵՊՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ողջույնի խոսքով: ԵՊՀ ռեկտորը, մասնավորապես, ընդգծել է, որ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի ստեղծմամբ համալսարանական դասախոսներն ու ուսանողները կկարողանան լրացուցիչ որակյալ գիտելիք ստանալ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից ու վստահելի գործընկեր Ռուսաստանի Դաշնությունում ընթացող քաղաքական, տնտեսական և այլ գործընթացների մասին, ինչպես նաև իրենց հետազոտություններով նպաստել ժամանակակից Ռուսաստանի վերաբերյալ մեծ պահանջարկ վայելող, գիտականորեն հիմնավորված տեղեկատվություն ստանալու գործի հաջողությանը: Նա նաև հավաստիացրել է, որ ԵՊՀ-ն մտադիր է շարունակել և ամրապնդել համագործակցությունը ռուսաստանյան լավագույն համալսարանների, ակադեմիական ինստիտուտների և վերլուծական կենտրոնների հետ:

Գրքի ընթերցողներին ողջույնի խոսք են հղել նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը  և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

Ժողովածուի հոդվածները նորաստեղծ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի շուրջ համախմբված գիտնականների ու փորձագետների ուսումնասիրություններն են Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունների 30-ամյա պատմության և արդի վիճակի մասին: Հայ և ռուս հեղինակները հետազոտել են հայ-ռուսական քաղաքական, տնտեսական, ռազմական և հումանիտար համագործակցության նվաճումներն ու արդի խնդիրները:

Ժողովածուի գլխավոր խմբագիրն է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը: Գրքի կազմողն ու խմբագիրն է Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արամ Սաֆարյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը հայտնեց, որ կենտրոնը նպատակ է դրել պարբերաբար հրատարակել հոդվածների ժողովածուներ երկկողմ հարաբերությունների պատմության և արդի քաղաքական, տնտեսական, գիտամշակութային և հումանիտար իրողությունների մասին: Կենտրոնի մյուս նպատակն է համախմբել Հայաստանի լավագույն գիտնականներին և փորձագետներին և հնարավորություններ ստեղծել նրանց համար իրենց հետազոտություններով օգնելու քաղաքական, հասարակական և գիտափորձագիտական շրջանակներին ժամանակակից հայ-ռուսական համագործակցության բազմաբնույթ խնդիրներում ճշգրիտ և հիմնավորված դիրքորոշումներ ձևավորելու գործում:

Կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանը իր հերթին ընդգծեց, որ իրենք ամեն ինչ անելու են ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների շրջանում հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունների արդի օրակարգի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար: Նրա կարծիքով համակարգված աշխատանքի շնորհիվ համալսարանական երիտասարդությունը պետք է որ ունենա լիարժեք և կարևոր պատկերացումներ հայ-ռուսական դաշնակցային և բարեկամական հարաբերությունների մասին և ցանկանա իր ներդրումն ունենալ դրանց հետագա ամրապնդման գործընթացում:

Այս հրատարակությունը լույս է տեսել միաժամանակ հայերենով և ռուսերենով: Այն հասցեագրված է քաղաքական և հասարակական գործիչներին, գիտնականներին և փորձագետներին, լրագրողներին, ասպիրանտներին և ուսանողներին, ինչպես նաև հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակով հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակին: Այն արդեն տարածվել է Հայաստանի խոշորագույն գրադարաններում, բուհերում, քաղաքական շրջանակներում, պետական կառավարման մարմիններում:

Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել անկախացումից հետո՝ 1992 թ. ապրիլի 3-ին: 2022 թ. ապրիլի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

 

Արամ Սարգսյան

Armenpress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here