ՄԳԻՄՕ-ում տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին

0
521

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում՝ ՄԳԻՄՕ-ում, ապրիլի 19-20-ը տեղի է ունեցել «Ռուս-հայկական հարաբերությունները. դեպի հաջորդ երեսնամյակի օրակարգ» խորագրով մեծ գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձին:

Ինչպես Մոսկվայից «Արմենպրես»-ին հաղորդեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ մի քանի պանելներից բաղկացած երկօրյա մեծ համաժողովի ընթացքում փորձագետները շոշափել են հայ-ռուսական հարաբերությունների պատմական, արդիական, ռեգիոնալ և աշխարհաքաղաքական ասպեկտները:

«Ռուսաստան և Հայաստան. դաշնակցային համագործակցություն միջազգային ճգնաժամի պայմաններում» նիստի ընթացքում փորձագետները քննարկել են Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների պատմական զարգացումն ու հեռանկարները, ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը համաշխարհային քաղաքականության և Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրների վրա:

Համաժողովի առանձին բաժին նվիրված էր Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որի ընթացքում փորձագետները քննարկել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունները։ Իսկ «Եվրասիական ինտեգրումը ներկա փուլում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրը կրող նիստում հետազոտողները վերլուծել են ինտեգրացիոն ձևաչափերի էվոլյուցիան և ինքնությունների փոխակերպումը Մոսկվայի և Երևանի օրինակով:

Համաժողովի երկրորդ օրը նվիրված էր Հարավային Կովկասի անվտանգությանը: Մասնակիցները վերլուծել են ԼՂ հակամարտությունը ռազմաքաղաքական և տեղեկատվական հարթությունում, տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների, այդ թվում՝ Վրաստանի և Թուրքիայի առաջնահերթությունները:

Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համաժողովը կազմակերպել էին ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտը եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը:

ՄԳԻՄՕ-ն գիտաժողովում ներկայացնում էին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ա.Ա. Սուշենցովը, Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ՄՀԻ) տնօրեն Մ.Ա. Սուչկովը, ՄՀԻ Պատժամիջոցների քաղաքականության փորձագիտական կենտրոնի տնօրեն Է.Յ. Արապովան, «Միջազգային վերլուծություն» հանդեսի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, ՄՀԻ միջազգային գործընթացների վերլուծության լաբորատորիայի ավագ գիտաշխատող Ա.Ա. Տոկարեւը, ՄՀԻ Եվրասիական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատողներ Յու.Ա. Նիկիտինան և Ի.Վ. Բոլգովան: Համաժողովը կազմակերպել էր LAMP IMI-ի տնօրեն Ն.Յու.Սիլաևը: Իսկ որպես համաժողովի կազմակերպիչ հանդես էր գալիս ՄԳԻՄՕ ՄՀԻ Քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաեւը:

Փորձագիտական քննարկումներին մասնակցում էին Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռ.Ն. Պուխովը, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ա.Ա. Մարկարովը, Ռուս-հայկական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Ռ.Գ. Էլամիրյանը, Կովկասի ինստիտուտի հետազոտող Գ. Միքայելյանը, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ն. Գալստյանը, «Կովկասագետների գիտական հանրություն» մասնագիտացված կայքի գլխավոր խմբագիր Ա. Արեշեւը, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը, Ռուս-հայկական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի քաղաքական գիտությունների ամբիոնի վարիչ Օ.Լ. Սարգսյանը, «Օրբելի» վերլուծական կենտրոնի առաջատար փորձագետներ Տ. Հովհաննիսյանը և Ջոնի Մելիքյանը, Տնտեսական և քաղաքական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բ. Պողոսյանը, քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը։

«Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Ռուսաստանը և Հայաստանը ապրում են հետխորհրդային պատմության բարդագույն և կարևորագույն փուլում, որը կազդի հարավկովկասյան ողջ տարածաշրջանի զարգացման վրա: Ըստ նրա՝ դա անհրաժեշտություն է դարձնում փորձագիտական և հետազոտական հանրության փոխգործակցության բացի լրացումը և քաղաքական դիրքորոշումները լայն հանրությանը հասցնելը:

Հայ և ռուս փորձագետների միջև երկխոսության կարևորությունը շեշտել է նաև միջազգայնագետ Նիկոլայ Սիլաևը։

«Կարևոր է ի մի բերել ոչ այնքան արտաքին քաղաքական տեսլականները, որքան աշխարհայացքները, որոնցից ելնում են Մոսկվան և Երևանը քաղաքական որոշումներ կայացնելիս: Թեև Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները վաղուց են հաստատված և ամրացված են բազմաթիվ ուժեղ ինստիտուտներով, այդուհանդերձ, կարիք կա փորձագիտական ոլորտում համագործակցության կառուցումը ավարտին հասցնելու, ինչին կնպաստի ՄԳԻՄՕ-ի և «Օրբելի» կենտրոնի միջև համագործակցությունը»,- ասել է փորձագետը:

Համաժողովի շրջանակում ՄԳԻՄՕ-ի գիտական գծով պրոռեկտոր Անդրեյ Բայկովը և «Օրբելի» վերլուծական կենտրոնի ղեկավար Միքայել Յալանուզյանը ստորագրել են հուշագիր ՄԳԻՄՕ-ի և «Օրբելի» կենտրոնի միջև փոխըմբռնման և համագործակցության մասին:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Armenpress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here