Թուրքիայի մասով ՌԴ-ն պատրանքներ չունի. Սերգեյ Միխեեւ

0
371

«Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ արցախյան խնդրի կարգավորման գործընթացից»,-այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեեւը՝ հավելելով, որ ռուս խաղաղապահներն առանցքային դեր են խաղալու տեղում: Միաժամանակ, նա կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խնդիրների լուծումն առաջին հերթին կախված է Երեւանից ու Բաքվից. «Ինչքանով հասկանում եմ, Փաշինյանը բանակցություններ է վարում։ Կարծում եմ, առանց Ռուսաստանի պայմանավորվածության հասնելը ծայրահեղ բարդ կլինի»,-նշել է քաղաքագետը։ Այս համատեքստում՝ պատասխանելով վերջերս Բրյուսելում, Շառլ Միշելի մասնակցությամբ կայացած Ալիեւ-Փաշինյան հանդիպմանը եւ դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին, ռուս քաղաքագետն ասաց, որ չի լսել, որ Միշելն ինչ-որ նոր ու կարեւոր բան է առաջարկել, որ մինչ այս չի եղել։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը կմնա այս գործընթացում»,- ասաց նա:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ եք մտածում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին, ՌԴ-ին չի՞ անհանգստացնում Թուրքիայի ծավալումը՝ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, հնարավոր համարո՞ւմ եք ՀՀ-ՌԴ համագործակցության ամրապնդումը ռուս-թուրքական փաստացի մերձեցման պայմաններում, ռուս քաղաքագետը պատասխանեց. «Իհարկե, մտահոգում է։ Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում ու նույնիսկ ՌԴ տարածքում թուրքական ազդեցության մեծացման վտանգները Ռուսաստանը գիտակցում է։ Չնկատել դա չենք պատրաստվում։ Կա կասկած Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ, որը փորձ էր ապակայունացնելու իրավիճակը Կենտրոնական Ասիայում։ Բայց այս ամենի հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը կփորձի պահպանել այդ հավասարակշռությունը: Մենք Թուրքիայի մասով որեւէ պատրանք չունենք։ Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ միշտ բարդ են եղել։ Այլ հարց է, որ հիմա կա մի ձեւաչափ, որը չենք կարող վերցնել ու մերժել կամ մի կողմ նետել։ Նույնիսկ ուկրաինական ճգնաժամում թուրքերը ողջ ծավալով չմիացան պատժամիջոցներին, երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան ստիպում են բոլորին։ Ես հասկանում եմ, որ սա բավականին խորամանկ խաղ է, որը ցանկացած պահի կարող է շրջվել հակառակ ուղղությամբ»:

Բանախոսն էական գործոն է համարում նաեւ Ռուսաստանի համար հատուկ նշանակություն ունեցող գազամուղը, որը Թուրքիայով է անցնում: Սրան հավելելով նաեւ ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները՝ նա արձանագրում է, որ առկա է մի իրավիճակ, որը պատմականորեն այնքան էլ բնորոշ չէ Թուրքիայի հետ ՌԴ-ի հարաբերություններին: Ամեն դեպքում, նա վստահեցնում է, որ ՌԴ-ում ամեն ինչ հիշում են, հաշվի են առնում եւ վերլուծում են:

Հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող հարցերը ռուս քաղաքագետը հորդորեց ուղղել հայաստանյան պաշտոնյաներին:

Aravot.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here