«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, մեր հանրության մեջ տարբեր մոտեցումներ կան ՀԱՊԿ-ի օբյեկտիվության վերաբերյալ». Հովհաննես Հովհաննիսյան

0
351

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, մեր հանրության մեջ տարբեր մոտեցումներ կան ՀԱՊԿ-ի օբյեկտիվության վերաբերյալ: Կարծում ենք, որ առաջիկայում՝ այդ կառույցի շրջանակներում համագործակցությունները կհանգեցնեն նրան, որ տարակուսանքները կվերանան»,- այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի, «Ինտեգրացիա եւ զարգացում» կազմակերպության ու Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած՝ «ՀԱՊԿ-ի ներկան եւ ապագան. ՀԱՊԿ պայմանագրի 30 ամյակը եւ կազմակերպության ստեղծման 20-ամյակը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Միջոցառմանը ներկա Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմամբաեւն էլ իր խոսքում հղում անելով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքերին՝ նկատեց, որ ՀԱՊԿ-ն իր գործունեության 30 տարիների ընթացքում ապացուցել է իր գործունակությունը: Նա ընդգծեց, որ իր երկրում հատուկ ուշադրության են արժանացնում միջազգային տեռորին եւ էքստրեմիզմին վերաբերվող հարցերին, թմրանյութերի, զենք-զինամթերքի անօրինական շրջանառությանը եւ անօրինական միգրացիային՝ Աֆղանստանում առկա զարգացումների համատեքստում, երբ Աֆղանստանում դեռեւս գործող զինված խմբավորումները շարունակում են վտանգ ներկայացնել Կենտրոնական Ասիայի պետությունների համար: Ուստի, դեսպանի գնահատմամբ, ՀԱՊԿ-ում այս խնդիրներին էլ ավելի ուշադրություն պետք է դարձնեն:

Նա կարեւոր է համարում նաեւ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմավորումը, քանի որ անհրաժեշտ գործիքակազմն արդեն առկա է. խնդիր պետք է դրվի՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը ՀԱՊԿ ուժերի ամրակցման:

Դեսպանը դրական գնահատեց նաեւ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանը՝ այդ թվում նաեւ տարբեր միջազգային կառույցների հետ ՀԱՊԿ-ի ակտիվ համագործակցության համատեքստում:

Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Դմիտրի Պանտելինի կարծիքով էլ ՀԱՊԿ-ում համագործակցության մակարդակը պետք է նոր՝ որակական առումով ավելի բարձր մակարդակի հասցնել, նաեւ ընդլայնել համագործակցության շրջանակը: Դիվանագետի գնահատմամբ, անցած տարիների ընթացքում բավական արդյունավետ է աշխատել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը:

Դիվանագետն անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանին, մասնավորաբար, Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ ուղարկելուն եւ նկատեց՝ այդ քայլով աշխարհին ապացուցեցինք, որ ՀԱՊԿ-ը գործունակ կառույց է: Բացի այդ, տվյալ գործողությունը, ըստ բանախոսի, թույլ տվեց նաեւ վեր հանել ՀԱՊԿ-ում գործնական համագործակցության թերությունները: Իր գնահատմամբ, ՀԱՊԿ ուժերը տեղում չեն դոփում, այլ զարգացնում են իրենց հնարավորությունները եւ կարողությունները:

ՌԴ դեսպանատան խորհրդականն անդրադարձավ նաև հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների թեմային: «Պենտագոնի կողմից, գործնականում նոր զենքեր, նոր շտամներ, վիրուսներ, վարակներ են մշակվում»,- ասաց նա՝ նշելով, որ ՀԱՊԿ երկրներն անվիճելիորեն դեմ են նման գործունեությանը։

Հայաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական Գրիգորի Աքսյոնովի խոսքով էլ ՀԱՊԿ-ը բախվում է նոր, համընդհանուր սպառնալիքների հետ՝ կազմակերպության անդամ երկրների սահմանների մոտ զորավարժությունների ավելացումը, Արևելյան Եվրոպայի ռազմականացված ուղղությունը, պատժամիջոցների քաղաքականության աննախադեպ ուժեղացումը, հատկապես Բելառուսի եւ ՌԴ-ի դեմ. «Անվտանգության ներկայիս ճարտարապետությունը, որը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, խարխլվում է»:

Աքսյոնովը վստահեցնում է՝ ՀԱՊԿ-ին վիրավորողները չեն հրաժարվի կազմակերպության գործընկերներին վարկաբեկելու փորձերից։ Միաժամանակ, նա ընդգծեց, որ կազմակերպությունն արդեն ապացուցել է՝ կարող է հաջողությամբ հակազդել նման փորձերին. հունվարին Ղազախստանում խաղաղապահ արշավը հստակ ցույց տվեց, և այսօր նման «գունավոր հեղափոխությունների» հեղինակները մի քանի անգամ կմտածեն՝ նախքան նորից նման բան նախաձեռնելը. «Ուստի անհրաժեշտ է ամրապնդել փոխգործակցությունը ՀԱՊԿ անդամ երկրների միջև, ինչպես ավելի վաղ հայտարարել էր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն»:

Բելառուս դիվանագետի կարծիքով, ՀԱՊԿ-ն այսօր ցուցադրում է իր վերելքը՝ ռազմական կազմակերպությունից ռազմաքաղաքականի վերածվելով, որը պատրաստ է դիմակայել առկա ցնցումներին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here