ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է քաղաքական կամք՝ ստանձնած դաշնակցային պարտավորությունները կատարելու համար. Ժակ Մանուկյան

0
339

«Հիմա եկել է պահը, երբ փորձարկվում է անվտանգության բոլոր այն բազմաթիվ մեխանիզմների հուսալիությունը, որոնք Ռուսաստանը, գործընկերների հետ միասին, կառուցում էր վերջին տարիներին։ Իսկ այն ճգնաժամը, որում մենք ապրում ենք վերջին ամիսներին, նշանակություն ունի այն առումով, որ Ռուսաստանը արդյունավետ ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայում»,-այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի, «Ինտեգրացիա եւ զարգացում» կազմակերպության ու Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «ՀԱՊԿ-ի ներկան եւ ապագան. ՀԱՊԿ պայմանագրի 30 ամյակը եւ կազմակերպության ստեղծման 20-ամյակը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՌԴ ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նիկոլայ Սիլաևը։ Ասվածի համատեքստում նա դրական գնահատեց Հայաստանի կողմից 2019 թվականին մարդասիրական առաքելության ուղարկումը Սիրիա։

«Այս տարվա հունվարին, Ղազախստանի ճգնաժամը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ն արդյունավետ կազմակերպություն է, որն ունակ է վճռական, գործնական քայլեր ձեռնարկելու, և այդ քայլերը բավականին արդյունավետ են»,- հավելեց փորձագետը՝ նկատելով, որ միջազգային ասպարեզում ՀԱՊԿ-ը դիտվում է տարածաշրջանային օրակարգերի թույլ փոխկապակցված շղթա, բայց այդ գնահատականը սխալ է: «Հաճախ մեր առջև ծառացած մարտահրավերների և սպառնալիքների բնույթը ընդհանուր է ամբողջ տարածքում, որը պատկանում է ՀԱՊԿ-ին. մարտահրավերները, որոնք կապված են միաբևեռ աշխարհ կառուցելու փորձի հետ՝ ինչը մենք տեսանք Սիրիայում, Ղազախստանում, որին այժմ ականատես ենք լինում Ուկրաինայում. դրանք քաոսի ուժերն են: Սրանք այն ուժերն են, որոնք փորձում են քաոսից քաղաքական առավելություններ կորզել։ Իսկ ՀԱՊԿ-ի մասնակից երկրների խնդիրն է՝ պահպանել պետական ​​կարգն ու օրինականությունը մեր պատասխանատվության ոլորտում։ Եվ այս առումով, մենք ունենք մեկ ընդհանուր մեծ օրակարգ, որը չի սահմանափակվում միայն տարածաշրջանային օրակարգերով»,- ասաց նա։ Նիկոլայ Սիլաևը նաև առաջարկեց ՀԱՊԿ-ում ստեղծել հանրային դիվանագիտական ​​ջանքերի գործիքներ. «Սա անհրաժեշտ է, որպեսզի մենք ավելի լավ ու խորապես հասկանանք թե՛ տարածաշրջանային օրակարգերը, թե՛ մեր ընդհանուր անվտանգության օրակարգը: Որպեսզի ՀԱՊԿ-ի շրջանակներում անվտանգության հարցերը լինեն ոչ միայն մասնագետների քննարկման առարկա, այլ նաեւ հանրության»:

Նրանում, որ ՀԱՊԿ-ն իր գոյության 20 տարիների ընթացքում կարողացել է դառնալ հեղինակավոր, բազմաֆունկցիոնալ, տարածաշրջանային անվտանգության կազմակերպություն՝ ստեղծված հավաքական անվտանգության համակարգով, կասկած չունի նաեւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Ժակ Մանուկյանը: Սակայն, ըստ նրա, ինչպես ցույց տվեցին ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար, իրավական հիմքի հետ մեկտեղ, անհրաժեշտ է քաղաքական կամք՝ ստանձնած դաշնակցային պարտավորությունները կատարելու համար։ Ժակ Մանուկյանը գտնում է, որ ժամանակը ցույց տվեց նաեւ, որ այս հարցում Հայաստանի մտավախությունները միանշանակ տեղին էին. ասվածի ապացույցը 2020 թվականին Արցախում 44-օրյա պատերազմն է. «Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին, քանի որ դա նաև ուղղակիորեն ազդում է կազմակերպության հեղինակության վրա թե՛ ՀԱՊԿ-ում, թե՛ միջազգային հարթությունում»:

Ժակ Մանուկյանը նաեւ նշեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները, Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումները՝ մեծ ռիսկեր են ստեղծում, որոնք, ի վերջո, կարող են հանգեցնել ՀԱՊԿ-ՆԱՏՕ առճակատման։ Այս համատեքստում, բանախոսը կարևոր է համարում ՀԱՊԿ-ի համար գաղափարական հենք ստեղծելը. «Ելնելով այն հանգամանքից, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու սահմանների մոտ առկա են հակամարտությունների և լարվածության օջախներ, անհրաժեշտ է ուժեղացնել կազմակերպության քաղաքական բաղադրիչը, մասնավորապես, կատարելագործել կանխարգելիչ դիվանագիտության գործիքները, ինչը ՀԱՊԿ-ին կտա նախաձեռնության և տարածաշրջանային բացասական գործընթացների զարգացումը որոշակիորեն վերահսկելու կարողություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here