Նոր գիրք՝ նշանավոր հասարակական-քաղաքական, ռազմական գործչի, վաստակավոր երկրաբանի ու մանկավարժի մասին

0
337

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիմուշ» հրատարակչությունը լույս է ընծայել պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Հակոբ Հարությունյանի «Պերճ Սերգեյի Բոշնաղյան. Ուրվագծեր ռազմական, գիտական և հասարակական-քաղաքական գործունեությունից կամ MEMENTO VIVERE» մենագրությունը: Այն նվիրված է մեր գիտամշակութային և հասարակական-քաղաքական կյանքի երախտավորներից մեկին: Ուսումնասիրության երեք գլուխները բաժանվել են ութ բաժինների, որոնցում արտացոլված են Պերճ Բոշնաղյանի կյանքի հիշարժան իրադարձությունները և նվաճումները:

Առաջին գլուխը վերաբերում է նրա ուումնառությանը ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետում և հատկապես Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հայկական Թամանյան 89-րդ դիվիզայի 390-րդ և 526-րդ գնդերի կազմում նրա ունեցած դերին: Գնդապետ Բոշնաղյանը այդ լեգենդար զորամիավորումենրի շտաբի պետն էր: Համառոտ անդրադարձ է կատարված նաև Բոշնաղյանների գերդաստանի պատմությանը:

Ուշագրավ են աշխատության 2-րդ և 3-րդ գլուխները: Այստեղ տրված է Պ.Բոշնաղյանի՝ գիտնական-մանկավարժի կերպարի գնահատականը: Հեղինակը նրան իրավմամբ համարում է հայ երկրաբանական դպրոցի հիմնադրմադրման ակունքների մոտ գտնվածներից մեկը (երկրաբանական դպրոցի հիմնադրումը Հայաստանում սկսվեց միայն 1920-ական թթ.): Նա առաջիններից մեկն էր, որ զբաղվեց Հայաստանի ջրային և ինժեներական երկրաբանության խնդիրներով: Ուսումնասիրողները հատկապես բարձր են գնահատում Սյունիքին նվիրված նրա երկրաբանական հետազոտությունները: Պ.Բոշնաղյանի գիտելիքները կարևոր դեր ունեցան 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո՝ շինարարական աշխատանքների նախագծման ասպարեզում: Նրա աշխատություններում մեծ տեղ է հատկացված հայաստանյան գետահովիտների, սելավային երևույթների և նստվածքների ուսումնասիրությանը:

ԵՊՀ-ում աշխատելու տարիներին նա գիտամանկավարժական աշխատանքներին զուգահեռ զբաղեցրել է նաև մի շարք պատասխանատու պաշտոններ (համալսարանի տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորից մինչև դեկան և ամբիոնի վարիչ): Նրա պրոռեկտորության տարիներին են կառուցվել ԵՊՀ-ի կենտրոնական, բնագիտական և հումանիտար ֆակուլտետների մասնաշենքերը:

Իր բուռն գործունեությունը նա շարունակեց Հայաստանի Հանրապետության 2-րդ գումարման Ազգային ժողովում 1999-2003 թթ: Հատկապես տպավորիչ էին նրա ելույթները երկրաբանաբնապահպանական, օրենսդիր և պետական տոներին առնչվող հարցերի կապակցությամբ:

Գիրքն ավարտվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ծավալուն վերջաբաններով: Կան նաև հինգ հավելվածներ, որոնք վերաբերում են Պ.Բոշնաղյանի 84-ամյա կյանքի ուղու հիշարժան այլ էջերին: Գրքին ձոն-առաջաբաններ են գրել գեներալ-լեյտենանտ՝ Միքայել Գրիգորյանը, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանը և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Ընթերցող լայն շրջանակի ուշադրությանը ներկայացված այս գիրքը Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ պրոֆեսոր Հ.Հարությունյանի երկրորդ աշխատությունն է Հայրենական Մեծ պատերազմում սխրանք գործած սերնդի ակնառու ներկայացուցիչների մասին:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Armenpress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here