Նոր գիտական հոդվածների ժողովածու հայ-ռուսական ռազմավարական դաշինքի պատմության, ներկայի և տեսանելի հեռանկարների մասին

0
32

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նահապետ» հրատարակչությունը լույս է ընծայել գիտական հոդվածների ժողովածու հայ-ռուսական ռազմավարական դաշինքի թեմաներով: Հրատարակչական բարձր որակով տպագրված այս գիրքը վերնագրված է «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ընտիր էջեր»: Հրատարակիչներն են Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը, հետազոտության և վերլուծության «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության և Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ:

Գիրքը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1997թ. օգոստոսի 29 ստորագրված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակին: Միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով այս ժողովածուն հրատարակության է երաշխավորված ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից:

Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի շուրջ համախմբված գիտնականներն ու փորձագետները մանրամասնորեն ուսումնասիրել են հայ-ռուսական ռազմավարական դաշինքի քաղաքական, տնտեսական, գիտամշակութային, պատմական և փիլիսոփայական ասպեկտները:

Գիրքը բացվում է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ողջույնի խոսքով: Կենտրոնի գիտական ղեկավար, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի և Կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի` ընթերցողներին ուղղված ողջույնի խոսքում ներկայացված են տվյալ հրատարակության նպատակները: Հատուկ ընդգծված է, որ գիրքն ուղղված է համալսարանական և ակադեմիական երիտասարդությանը, ովքեր հետաքրքրված են հայ-ռուսական հարաբերությունների պատմությամբ, ներկայով և տեսանելի հեռանկարներով:

Գրքի գլխավոր խմբագիրն է պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը: Կազմողը և խմբագիրն է Արամ Սաֆարյանը: Հեղինակների շարքում են ռուս ճանաչված քաղաքագետներ Վլադիմիր Լեպեխինը, Ալեքսանդր Կռիլովը և Յուլիա Նիկիտինան: Հայ հեղինակների շարքում են իրենց ոլորտներում ճանաչված մասնագետներ, պատմաբաններ Վալերի Թունյանը, Հայկազ Հովհաննիսյանը, քաղաքագետներ Ժակ Մանուկյանը և Հայկ Նահապետյանը, տնտեսագետներ Աշոտ Թավադյանը և Աղասի Թավադյանը, արևելագետներ Ալեքսանդր Սաֆարյանը, Նաիրա Պողոսյանը և ուրիշներ: Հրատարակիչները հատուկ նշում են, որ գիրքը հասցեագրված է քաղաքական և հասարակական գործիչներին, գիտնականներին, փորձագետներին, լրագրողներին, ասպիրանտներին և ուսանողներին, ինչպես նաև հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի օրակարգով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակին: Այն արդեն տարածվել է Հայաստանի խոշորագույն գրադարաններում, առաջատար ուսումնական հաստատություններում և մի շարք ԶԼՄ-ներում: Նախատեսվում է, որ տպաքանակի մի մասը կտարածվի ռուսաստանյան միջավայրում:

Armenpress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here