Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին

0
304

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

(Քաղաքական ասպեկտ) 

Ելույթ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. Նոր հնարավորություններ և/կամ նոր սպառնալիքներ և մարտահրավերներ» թեմայով «ուղեղային գրոհի» սկզբում:

2022թ. սեպտեմբերի 24, շաբաթ,

«Մետրոպոլ» հյուրանոց, ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն

 

1988թ. փետրվարին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչությունը և ղեկավարությունը որոշում ընդունեցին դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից և միավորվել Հայկական ԽՍՀ-ի հետ: Խորհրդային Հայաստանը պաշտպանեց ԼՂԻՄ-ի առաջարկությունը, իսկ Խորհրդային Ադրբեջանը այն կտրականապես մերժեց: Նախկին ԽՍՀՄ ղեկավարությունը չբավարարեց ԼՂԻՄ-ի խնդրանքը, ինչի արդյունքում առաջացավ քաղաքական ճգնաժամ, որը վերաճեց զինված առճակատման: Չնայած այն բանին, որ նախկին ԽՍՀՄ օրենքներով ԼՂԻՄ-ի կամարտահայտությունը իրավաչափ էր և համապատասխանում էր գործող օրենսդրությանը, գերպետության փլուզումից հետո այդ ճգնաժամը պայթեց ահռելի ուժով, հանգեցնելով արյունահեղ պատերազմի:

1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ դարձած Հայաստանը և Ադրբեջանը դիմեցին միջազգային հանրությանը, խնդրելով օգնել լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ձևավորվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի մեջ մտան այդ կազմակերպության անդամ 11 պետություններ:

1994թ. մայիսի 8-ին հակամարտության գոտում հաստատվեց հրադադար, որը, չնայած միշտ խախտվում էր, սակայն նոր պատերազմի վերաճեց 2016թ.: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունները շարունակվել են անընդհատ, սակայն մերձեցնել Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները այդպես էլ չեն կարողացել: Թուրքիան այս բանակցությունների սկզբից ևեթ փորձում էր դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործուն անդամ և նույնիսկ համանախագահներից մեկը: Սակայն Հայաստանը մշտապես առարկել է այդ հարցում, իր դիրքորոշումները հիմնավորելով այն պատճառաբանությամբ, որ Թուրքիան միակողմանի պաշտպանում է Ադրբեջանին և ունի կողմնապահ դիրքորոշում այս հակամարտության խնդրում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմից հետո իրավիճակը արմատապես փոխվեց: Ադրբեջանը վերադարձրեց 90-ականների սկզբին կորցրած տարածքները և նույնիսկ նվաճեց նախկին ԼՂԻՄ-ի բուն տարածքի մեկ քառորդը: 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ համաձայնագիր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից: Ռազմական գործողությունների դադարեցման և հարաբերությունների կարգավորման սկբունքների մասին: Երեք երկրների ներկայացուցիչների միջև բանակցություններ սկսվեցին, որտեղ կողմերի պատվիրակությունների ղեկավարներն են երեք կառավարությունների փոխվարչապետերը: Բանակցությունները, մասնավորապես, ենթադրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնում և քաղաքական հարաբերությունների կարգավորում միջազգային իրրավունքի հիմնարար սկզբունքի պաշտպանության հիման վրա: Այդ բանակցությունները առաջ են մղվում շատ մեծ դժվարությամբ, սակայն կողմերի ներկայացուցիչների վկայությամբ, քայլ առ քայլ, այնուամենայնիվ, տեղից շարժվում են:

Նախկին ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիայի Հանրապետությունը ճանաչեց Հայաստանի անկախությունը ետխորհրդային նորանկախ հանրապետությունների թվում: Սակայն, նա Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց: Այն ժամանակ չնայած թվում էր, որ այդ հարաբերությունները ուր-որ է կհաստատվեն և դա կդառնա հարաբերությունների ամբողջ համալիրի կարգավորման սկիզբ, սակայն այն բանից հետո, եբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկվեցին խոշորամասշտաբ ռազմական գործողություններ հայտնի արդյունքով, 1993թ. մայիսին թուրքական կառավարությունը Հայաստանի հանդեպ էմբարգո հայտարարեց և փակեց ցամաքային սահմանները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծավալման ողջ ընթացքում Թուրքիան հետևողականորեն և գնալով ավելի ու ավելի մեծ չափով աջակցություն է ցույց տվել Ադրբեջանին: Թուրքական օգնությունը ներառել է քաղաքական, ռազմական, առևտրատնտեսական և բոլոր այլ ոլորտները: Ադրբեջանը հռչակեց «մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքը և հետևողականորեն կենսագործել ու կենսագործում է Թուրքիայի հետ ինտեգրման ուղեգիծը:

2008թ. Թուրքիան և Հայաստանը գործընթաց սկսեցին հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Այս գործընթացի հովանավորն էր ԱՄՆ-ն, որը համոզեց Ֆրանսիային և Ռուսաստանին նույնպես մասնակցելու միջնորդական ջանքերին: Կարգավորման գործընթացը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը, քանի որ Թուրքիայի նախագահը եկավ Երևան և դիտեց երկու երկրների հավաքական թիմերի միջև ֆուտբոլային խաղը, իսկ այնուհետև Հայաստանի նախագահը եղավ Թուրքիայում և արեց նույն բանը:

90-ական թթ. սկզբից Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար դնում էր երկու նախապայման: Առաջինը. Հայաստանը պետք է հրաժարվի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման քաղաքական ուղեգծից: Երկրորդ. Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: 2010թ. Ցյուրիխում ավարտվեցին հայ և թուրք դիվանագետների բանակցությունները Շվեյցարիայի ԱԳՆ-ի միջնորդությամբ: ԱՄՆ պետական քարտուղարի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ներկայությամբ Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները ստորագրեցին երկու արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման և փակ սահմանների բացման մասին: Այն ժամանակ ընդունված էր ասել, որ հայ-թուրքական հարաբերությունները մտնում են կարգավորման գործընթաց առանց նախապայմանների: Հարկ է նշել, որ 1992թ. առ այսօր հայկական դիվանագիտությունը հետևողականոորեն և մշտապես հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու օգտին: Այսպես, Հայաստանը չի պահանջել Թուրքիայից ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես նաև փոխել իր միակողմանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո Ադրբեջանում և Թուրքիայում ընթանում էին քաղաքական և հասարակական բուռն քննարկումներ և ադրբեջանական հասարակական կարծիքի ճնշման տակ Թուրքիայի քաղաքական շրջանակաները սկսեցին պահանջել չվավերացնել դրանք: Արձանագրությունները սկզբում սառեցվեցին, իսկ հետո դուրս բերվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից: Նույն բանը տեղի ունեցավ և Հայաստանում: Այսպիսով Հայաստանը և Թուրքիան հաշտեցնելու ամերիկյան փորձը հաջողություն չունեցավ և այդ հարցին Թուրքիայում և Հայաստանում այլևս չվերադարձան մինչև 2022 թ. 44-օրյա պատերազմը: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը արմատապես փոխվեց, այն հնարավոր դարձրեց Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների վերսկսումը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հաղորդակցության միջոցները վերաբացելու նպատակով: Հայ և թուրք դիվանագետները կրկին հաստատում են, որ ընթանում է բանակցային գործընթաց առանց նախապայմանների: Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է իր պատրաստակամությունը դիվանագիտական և քաղաքական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման սրումից և հիբրիդային պատերազմների ծավալումից հետո ռուսաստանյան ԱԳՆ-ն հայտարարեց այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է գործել: ԵՄ ներկայացուցիչները ԱՄՆ աջակցությամբ դիվանագիտական աշխուժություն են դրսևորել և նույնպես միջնորդում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացը առաջ մղելու նպատակով: Այսպիսով, Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև որոշակի մրցակցություն նկատվեց Արցախյան հարցում: Չնայած հարկ է նշել, որ նրանց միջև այս հակամարտությունը կարգավորելու, ապագայի և տեսլականի ու բովանդակության հարցում տարբերություն գործնականում չկա: Հարկ է նաև նկատի ունենալ, որ Ռուսաստանը ունի ցանկացած այլ ուժային կենտրոնների համեմատությամբ ավելի մեծ հնարավորություններ, ռեսուրս և փորձառություն միջնորդելու Ադրբեջանի և Հայաստանի միջև: Արևմուտքի հետ առճակատման սրացման մթնոլորտում Ռուսաստնը հայտարարում է իր ցանկության մասին զարգացնել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները և Ադրբեջանի, և Հայաստանի հետ: Ռուսաստանյան խաղարարար զորախումբը այսօր պաշտպանում է Արցախի բնակչության անվտանգությունը:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը, բոլոր համանախագահները հայտարարում են այս հակամարտությունը խաղաղ կարգավորելու գործում իրենց միջնորդությունը շարունակելու ցանկության մասին: Բրյուսելում ԵՄ ղեկավարի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նույնիսկ մշակել են կողմերի բարձր ներկայացուցիչների միջև հանդիպումների օրացույց, որի նպատակն էր ձևավորել կարգավորման կոնկրետ միջոցառումներ:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո հայ հասարակությունը հստակ գիտակցում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, չնայած ձևականորեն երկու առանձին գործընթացից է բաղկացած, սակայն իրականում նրանք շատ ամուր կապված են իրար միջև և դրանք անհրաժեշտ է դիտարկել և ուսումնասիրել այդ ներքին միասնության ըմբռնումով: Ռուսաստանը չի ուզում հակամարտություն Թուրքիայի հետ և բարձր է գնահատում այն, որ պաշտոնական Անկարան չի հետևել հավաքական Արևմուտքի այլ երկրներին արգելամիջոցներ հայտարարելու խնդրում: Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները Մեծ Եվրասիայի տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերում հանդիսանում են միաժամանակ և մրցակցային, և համագործակցային, և ներկայանում են իբրև առճակատում: Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հարաբերությունները սինքրոնացնելու նպատակով ստեղծվել է նաև նոր «3+3» ձևաչափ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ, ինչն իրենից ներկայացնում է դեռևս 2006-2007թթ. թուրքական արված առաջարկության զարգացում: Այդ ձևաչափը նույնիսկ այն բանից հետո, երբ նրանում չի ուզում մասնակցել Վրաստանը, ներկայանում է շատ կենսունակ քաղաքական և տնտեսական հարցերը դիտարկելու և առաջ մղելու տեսանկյունից: Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը ողջունում են և Ռուսաստանը, և Թուրքիան և Իրանը: Չնայած 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված հրադադարը խախտվում է արյունահեղ զինված բախումներով հայ-ադրբեջանական սահմանի ամենատարբեր կետերում, միջազգային շրջանակներում ասում են, որ բանակցությունները շարունակվում են և դրված ամսաթվերը դիրքորոշումները մերձեցնելու և խաղաղ առաջ մղելու համար դեռևս պահպանվում են:

Խաղաղ գործընթացը առաջ է մղվում անվստահության, ատելության և թշնամանքի մթնոլորտում, չնայած տարբեր երկրների բազմաթիվ փորձառու քաղաքական գործիչներ և փորձագետներ պնդում են, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի միջև տեսականորեն դեռևս հնարավոր է:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here