Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև Արցախյան հարցում որոշակի մրցակցություն է ծավալվում. Փորձագետ

0
320

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմից հետո իրավիճակը արմատապես փոխվեց: Ադրբեջանը վերադարձրեց 90-ականների սկզբին կորցրած տարածքները և նույնիսկ նվաճեց նախկին ԼՂԻՄ-ի բուն տարածքի մեկ քառորդը: Այս մասին «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. Նոր հնարավորություններ և/կամ նոր սպառնալիքներ և մարտահրավերներ» թեմայով «ուղեղային գրոհի» ժամանակ հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նա նկատեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ընթացող բանակցությունները, մասնավորապես, ենթադրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնում և քաղաքական հարաբերությունների կարգավորում միջազգային իրրավունքի հիմնարար սկզբունքի պաշտպանության հիման վրա: «Այդ բանակցությունները առաջ են մղվում շատ մեծ դժվարությամբ, սակայն կողմերի ներկայացուցիչների վկայությամբ, քայլ առ քայլ, այնուամենայնիվ, տեղից շարժվում են»,- նկատում է փորձագետը:

Սաֆարյանը նաև ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում Թուրքիան հետևողականորեն և գնալով ավելի ու ավելի մեծ չափով աջակցություն է ցուցաբերել և ցուցաբերում Ադրբեջանին քաղաքական, ռազմական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում: «Ադրբեջանը հռչակեց «մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքը և հետևողականորեն կենսագործել ու կենսագործում է Թուրքիայի հետ ինտեգրման ուղեգիծը:

Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար դնում էր երկու նախապայման` Հայաստանը պետք է հրաժարվի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման քաղաքական ուղեգծից, Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Մինչդեռ հայկական դիվանագիտությունը հետևողականոորեն և մշտապես հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու օգտին: Այսպես, Հայաստանը չի պահանջել Թուրքիայից ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես նաև փոխել իր միակողմանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- նկատում է փորձագետը:

Միևնույն ժամանակ նա արձանագրում է, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը արմատապես փոխվեց, այն հնարավոր դարձրեց Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների վերսկսումը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հաղորդակցության միջոցները վերաբացելու նպատակով: «Հայ և թուրք դիվանագետները կրկին հաստատում են, որ ընթանում է բանակցային գործընթաց առանց նախապայմանների: Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է իր պատրաստակամությունը դիվանագիտական և քաղաքական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- շարունակում է Սաֆարյանը:

Նա նաև ընդգծում է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման սրումից և հիբրիդային պատերազմների ծավալումից հետո ռուսաստանյան ԱԳՆ-ն հայտարարեց այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է գործել: «ԵՄ ներկայացուցիչները ԱՄՆ աջակցությամբ սկսում են դիվանագիտական աշխուժություն դրսևորել և միջնորդել  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացը առաջ մղելու նպատակով: Այսպիսով, Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև որոշակի մրցակցություն սկսեց նկատվել Արցախյան հարցում: Չնայած հարկ է նշել, որ նրանց միջև այս հակամարտությունը կարգավորելու, ապագայի և տեսլականի ու բովանդակության հարցում տարբերություն գործնականում չկա»,- ընդգծում է Սաֆարյանը:

Միևնույն ժամանակ նա նկատում է, որ այլ կենտրոնների համեմատ Ռուսաստանը ունի ավելի մեծ հնարավորություններ, ռեսուրս և փորձառություն միջնորդելու Ադրբեջանի և Հայաստանի միջև: Արևմուտքի հետ առճակատման սրացման մթնոլորտում Ռուսաստնը հայտարարում է իր ցանկության մասին զարգացնել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները և Ադրբեջանի, և Հայաստանի հետ: Ռուսաստանյան խաղարարար զորախումբը այսօր պաշտպանում է Արցախի բնակչության անվտանգությունը:

«Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը, բոլոր համանախագահները հայտարարում են այս հակամարտությունը խաղաղ կարգավորելու գործում իրենց միջնորդությունը շարունակելու ցանկության մասին: Բրյուսելում ԵՄ ղեկավարի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նույնիսկ մշակել են կողմերի բարձր ներկայացուցիչների միջև հանդիպումների օրացույց, որի նպատակն էր ձևավորել կարգավորման կոնկրետ միջոցառումներ»,- պարզաբանում է Սաֆարյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` նա նկատում է, որ «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո հայ հասարակությունը հստակ գիտակցում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ամուր կապված են միմյանց հետ: «Ռուսաստանը չի ուզում հակամարտություն Թուրքիայի հետ և բարձր է գնահատում այն, որ պաշտոնական Անկարան չի հետևել հավաքական Արևմուտքի այլ երկրներին արգելամիջոցներ հայտարարելու խնդրում: Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները Մեծ Եվրասիայի տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերում հանդիսանում են միաժամանակ և մրցակցային, և համագործակցային, և ներկայանում են իբրև առճակատում: Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հարաբերությունները սինքրոնացնելու նպատակով ստեղծվել է նաև նոր «3+3» ձևաչափ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ: Այդ ձևաչափը նույնիսկ այն ֆոնին, որ նրանում չի ուզում մասնակցել Վրաստանը, ներկայանում է շատ կենսունակ քաղաքական և տնտեսական հարցերը դիտարկելու և առաջ մղելու տեսանկյունից: Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը ողջունում են և Ռուսաստանը, և Թուրքիան և Իրանը»,- պարզաբանում է փորձագետը:

Եզրափակելով` նա ընդգծում է` խաղաղ գործընթացը առաջ է մղվում անվստահության, ատելության և թշնամանքի մթնոլորտում, չնայած տարբեր երկրների բազմաթիվ փորձառու քաղաքական գործիչներ և փորձագետներ պնդում են, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի միջև տեսականորեն դեռևս հնարավոր է:

Infoport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here